ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԷՐ


Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի հիմնադիր Հակոբ Ղազանչյանը փառատոնի փակվելուց հետո իր մտահոգությունները ներկայացրեց. - Երկու օր անընդմեջ Երևանում, Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում հանդես եկան վրացական` Ռուսթավելու և Աբաշիձեի անվան թատրոնները: Ներկայացրին հրաշալի աշխատանքներ... Բայց... կիսադատարկ դահլիճների համար: Ես անընդհատ մտածում էի` ո՞ւր են Թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները` ապագա բեմադրիչները, դերասաններն ու թատերագետները: Գուցե նրանք էլ լրացրին մեր հասարակության ռաբիսային ու սերիալական հարթությունները, և ուրիշ հետաքրքրություն այլևս չկա: Երևի փառատոներ է´լ հարկավոր չեն, ու թատրոնի մարդ դառնալու համար ընդամենը պետք է առանց հասկանալու կոնսպեկտավորել 100 տարվա վաղեմություն ունեցող գրքերը կամ նկարահանվել սերիալներում: Իսկական ողբերգություն...: Ճանաչված բեմադրիչի ու Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարի մտահոգություններն անտեղի չեն, սակայն, համոզված ենք` մնալու են անարձագանք, որովհետև առաջին անգամ չէ, որ խոսվում է այս մասին, առաջին անգամ չէ, որ բարձրացվում են այս խնդիրները: Շատերս գիտենք, թե ինչ մեծ դժվարությամբ Հակոբ Ղազանչյանին հաջողվեց կյանքի կոչել այս փառատոնը, որը վաղուց գրանցում է ստացել միջազգային հեղինակավոր փառատոների շարքում: Հենց այն հանգամանքը, որ այս անգամ փառատոնին մասնակցում էր աշխարհահռչակ բեմադրիչ Դոնելլանը, իսկ վրացական ճանաչված թատրոնները չհրաժարվեցին մասնակցությունից` արդեն խոսում է այն մասին, որ Երևանը վերածվել է ուրույն թատերական կենտրոնի: Սակայն պատկերն, իրապես, տխուր էր: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում հաճախ են դժգոհում, որ ուսանողները զրկված են ստեղծագործական էքսկուրսիաներից, որ նրանք հնարավորություն չունեն ծանոթանալու համաշխարհային թատրոնի նորույթներին: Որ հենց իրենք` դասախոսները, ֆինանսական միջոցների և նախկինում գոյություն ունեցող կապերի բացակայության պատճառով` չեն կարողանում ներգրավվել թատերական գործընթացներին, ինչն էլ տանում է դեպի անտեղյակություն` համընդհանուր թատերական իրողություններից: Այս խնդիրն արդեն իսկ կարգավորվում է Հակոբ Ղազանչյանի ջանքերով, սակայն դատարկ դահլիճներն ու բուհական ուսանողության և դասախոսական կազմի անտարբերությունը վկայությունն են այն իրողության, որ ձևավորվել է դատապարտելի անտարբերություն սեփական մասնագիտության հանդեպ, որ թատրոնը հեռացել է… Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից: Պատահական չէ, որ ապագա թատերագետները բացահայտորեն պատկերացումներ չունեն թատերական ընթացքի մասին, չեն ճանաչում ազգային և համաշխարհային թատրոնի նշանավոր դեմքերին, տեղյակ չեն նրանց ստեղծագործությանը, չեն տարբերակում գեղարվեստական ուղղություններն ու սկզբունքները: Գրեթե նույն անտեղյակության մեջ են գտնվում նաև ապագա դերասաններն ու բեմադրիչները, որոնց համար վարպետության դասեր են անցկացնում գրեթե աննշան և արվեստում ոչ մի հետաքրքիր բան չարած «հրավիրյալները»: Ուսանողներից զատ` նույն անտարբերության և անտեղյակության թմբիրի մեջ են շատ դասախոսներ, ովքեր ոչ միայն փառատոնային, այլև ընթացիկ ներկայացումներ չեն դիտում, ծանոթ չեն ժամանակակից թատերգությանն ու ռեժիսուրային: Իսկ ինստիտուտի ռեկտորը արշավանք է սկսել բարձրակարգ մասնագետ-դասախոսների դեմ` սեփական քմահաճույքով հեռացնելով նրանց բուհից և նրանց փոխարեն ինստիտուտ բերելով գրեթե պատահական մարդկանց… Զարմանալի է, իհարկե, որ ուսանողության մեծ մասին այս ամենը դուր է գալիս: Դուր է գալիս, որովհետև նրանք ինստիտուտ են գալիս մի քանի տարով բանակից տարկետվելու, հետագայում միայն ու միայն սերիալներում նկարահանվելու հեռանկարով: Նրանց չեն հետաքրքրում ներկայացումները, նրանց չի մտահոգում, որ իրենց դասավանդողներից շատերը տարրական պատկերացումներ չունեն թատրոնի մասին, որ թատերագիտական բաժնում սովորողների մեծ մասն ընդամենը ուսանողական տեղեր լրացնող մարդիկ են… Եվ սրանք են արդեն վաղն ուղղորդելու մեր թատրոնը, հանդես գալու հոդվածներով, գնահատելու մեր բեմադրիչների ու դերասանների աշխատանքները… Տխուր է, շատ տխուր: Այս վիճակը, ցավոք, միայն Թատրոնի և կինոյի ինստիտուտի, թատերական աշխարհի անհանգստությունը չէ: Նույն իրականությունն է գրական աշխարհում, գրական կյանքի հանդեպ նույն անտարբերությունն են դրսևորում մեր երկու պետական համալսարանների բանասիրական ֆակուլտետների ուսանողները, ովքեր չեն մասնակցում գրական քննարկումներին, շնորհանդես ներին, չեն կարդում ժամանակակից գրողներին, չգիտեն նրանց անունները: Արդյունքում` ունենք ձևավորվող սերունդ, որը զուրկ է բարձր արժեհամակարգերից, հեռու է ճշմարիտ արվեստից ու գրականությունից…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ