ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ


Աբրահամ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Առաջին» լրատվական ծրագրի մեկնաբան Ծնվել է 1981 թ., Սիրիայի Հալեպ քաղաքում, գործարարի ընտանիքում: Սովորել է Հալեպի Ազգային Հայկական Վարժարանում, ապա Հալեպի Կարեն Եփփե Ազգային Ճեմարանում: 1999-2004 թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտության ամբիոնում, այնուհետև` նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում: 2003-2005 թթ. աշխատել է «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունում, եղել է գործակալության անգլերեն լուրերի թարգմանիչ, խմբագիր, վերլուծաբան: 2005 թ. աշխատել է Հանրային Ռադիոյի «ԼՍ» երիտասարդական ծրագրում, «Անկախ» շաբաթաթերթում: 2007 թվականից աշխատում է Հայաստանի Հանրային Հեռուստատեսության «Առաջին» լրատվական ծառայությունում` որպես մեկնաբան, խմբագիր, լրագրող: Դասավանդում է Երևանի Պետական Համալսարանի Քաղաքագիտության և Լրագրության ֆակուլտետներում: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Պատանեկության ու աշակերտական տարիներին վարքով, բարքով ու գիտելիքներով օրինակելի դառնալն էր: Հետպատանեկան տարիների ամենամեծ դժվարությունը տարիքով, փորձով ու հմտություններով երեցների շրջանակում որպես ուրույն աշխարհայացքի տեր, առողջ և խոհեմ երիտասարդ կայանալու լրջագույն մարտահրավերն էր, որը, կարծում եմ, ավարտվեց հաջողությամբ: Գուցե տարօրինակ է, բայց դա ձեռք բերվեց ընթերցամոլության ու շփումների շնորհիվ: Առանց դժվարության չկա էներգիա ու ջանք, դրանց անարգել հաղթահարումը մարդուն կտանի կործանման: Իսկ ես սիրում եմ հաղթահարել բարձունքներ: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լիներ Հայի տեսակը` ըստ Ձեզ: - Միայն հայ: Սա նեղմիտ ազգայնամոլություն չէ, ոչ էլ ճոռոմախոսություն ու սնապարծություն: Մենք դարեր շարունակ պետականազուրկ ենք եղել, զրկվել ենք հավաքական դիմագծի կերտման լավագույն հնարավորություններից մեկից: Դժվար է ազգիս նկարագրի տիպիկ ներկայացումը: Ունեցել ենք ինքնության տագնապ, որով նաև ապրում ենք այսօր: Մեզ բնորոշ շատ արժանիքներ ու լավ հատկանիշներ կան` աշխատասիրություն, արիություն, տաղանդ, ընկերասիրություն և այլն... բայց այդ ամբողջը պետք է ծառայեցնել հայրենիքի ու ազգի շահերին: Մեր վատագույն հատկանիշը անհատ-հավաքականություն հարաբերությունների պատմական դիալեկտում սեփականի վերադասումն է հավաքականին: Կոլեկտիվ մտածողության մեխանիզմների արդյունավետ գործառնության հարցում դեռևս կաղում ենք: 21-րդ դարում մեր առաքելությունը դա պետք է լինի: Իսկ մեր ամենահավաքականը մեր պետությունն է, նրա ծաղկմանն ու առաջխաղացմանը պետք է ծառայեցնենք մեր ամեն ինչը, մեր հավաքական ուժը: Եթե տասն անգամ ծնվեի, կուզեի հայ լինել, իսկ եթե 11-րդի դեպքում, այնուամենայնիվ, ուրիշ ազգի ներկայացուցիչ լինեի, անպայման կուզեի խոսել հայերեն.... - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Իմ գաղտնիքներն այդպես էլ կմնան հուշերիս պահարաններում... դրանց մասին չգիտեն իմ ծնողները, նույնիսկ իմ կողակիցը.... - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Արարչագործության կատարյալ ներդաշնակությունը: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը: - Դպրոցում անտանելի չար եմ եղել: Ավարտել եմ Հալեպի Կարեն Եփփե Ազգային ճեմարանը: 12-րդ` բախտորոշ դասարանում էինք: Մաթեմատիկա առարկան ատում էի դասախոսի (արաբ էր) պատճառով: Մի անգամ նրա հետ վիճեցի և բանը հասավ կռվի, որովհետև անարգալից հայտարարություն թույլ տվեց մեր ազգի հասցեին: Դպրոցից կախակայվեցի, հարցը հասավ հեռացման, բայց հետո վերականգնվեցի: Մի քանի շաբաթ անց նա զգաց իր սխալը և ներողություն խնդրեց հրապարակավ: Բայց ես դեռ «ոխ» էի պահել: Նա մտերմանալու ազդանշաններ էր ուղարկում ինձ: Չմերժեցի: Արտադասարանային մի հանդիպում առաջարկեց` մեկ գավաթ սուրճի շուրջ: Դարձյալ չմերժեցի: Ձևացրի, թե հաշտվել ենք: Այդ հանդիպմանն ինձանից խնդրեց հայերեն ողջույնի մի քանի նախադասություն սովորեցնել, որպեսզի առավոտյան ուսուցչանոց մտնելիս` բոլորին դիմի այդ «քնքուշ» բառերով: Սովորեցրի նրան ամենավատ հայհոյանքները: Հաջորդ առավոտ նա մտավ ուսուցչանոց… ու դա եղավ նրա վերջին մուտքը մեր վարժարան… իսկ ես հերթական անգամ կախակայվեցի… - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ: - 1989-ին էր` համազգային վշտի ու վերազարթոնքի տարիներին: 8 տարեկան էի: Իմ ծննդավայր Հալեպ քաղաքում մորս հետ դռնե¬դուռ ընկած հանգանակություն ու պարեն, գույք ու հագուստ էինք հավաքում` Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մեր եղբայրների ու քույրերի համար: Այդ ամիսներին էր, որ Ափյուռքում մեծահամբավ Ազգային Հայկազյան վարժարան այցելեց «Մարաթուկ»-ը: (Ես այդ դպրոցի շրջանավարտ եմ ու ամբողջ կյանքում հպարտ կմնամ այդ փաստի համար): Նրանց առաջինը դիմավորեցինք մեր վարժարանում: Այն ժամանակ «Հայ քաջեր» և «Անցնինք Սասուն, մտնինք Վան» երգերը բրենդային էին: Դպրոցիս տնօրենի խնդրանքով մարաթուկցիների հետ ես երգեցի նաև «Գետաշեն»-ը, իսկ ամենաանմոռանալին ինձ համար այն էր, երբ ասմունքեցի Շիրազի «Դանթեականը»... բոլորս հուզված էինք…

Սիրանուշ ՊՈԴՈՍՅԱՆ