ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է


«Բյուրոկրատ» գրախանութը, որը դարձել է մշակութային կարևոր օջախներից մեկը, իր ընթերցողներին, գրական և թատերական հանրության ներկայացուցիչներին հրավիրել էր հետաքրքիր շնորհանդեսի: Արձակագիր Կարինե Խոդիկյանը ներկայացրեց իր «Վերադառնում եմ, մոռացեք» մոնոդրամայի խտասկավառակը, որի բեմադրողն ու հնչունային ռեժիսորը կինոբեմադրիչ Աննա Բայաթյանն է, իսկ պրոդյուսերը` Ռուբեն Փաշինյանը: Մոնոդրամայում Աննայի դերը կատարում է դերասանուհի Անետ Հարությունյանը: Այս անչափ ինքնատիպ մշակութային միջոցառման ժամանակ հնչեցին և´ բարեմաղթանքի խոսքեր, և´ շնորհավորանքներ: Սակայն ամենակարևորն այն էր, որ այն մտավորականության համար առիթ դարձավ` հավաքվել, խոսել և քննարկել գրականության ու թատրոնի հարցեր: Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն այս ձեռնարկը համարեց մեր գրական կյանքի կարևոր իրադարձություններից մեկը, իսկ թարգմանիչ Սամվել Մկրտչյանը, արձակագիր-թատերագիր Գուրգեն Խանջյանը, արձակագիր Նելլի Շահնազարյանը, բեմադրիչ Վահե Շահվերդյանը և այլոք հակված էին ոչ միայն գնահատել Կարինե Խոդիկյանի ստեղծագործության առանձնահատկությունները, այլև ընդգծել, որ նման միջոցառումները հարստացնում են մշակութային կյանքը, նպաստում ընթերցող-գրականություն կապի ամրապնդմանը: ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, արձակագիր Արմեն Պաչյանը հիացած է Կարինե Խոդիկյանի գրականությամբ, հատկապես թատերգության մեջ նրա ունեցած ինքնատիպ հաստատումներով. - Կարինե Խոդիկյանի շնորհիվ ես ինձ համար բացահայտեցի նոր թատրոն, նոր մարդկային հարաբերություններ, որոնք ներկայացվում են բեմից, թատերական գրականության միջոցով: Ուրախ եմ, որ մի նոր առիթ ներկայացավ` այժմ ունենալու բեմադրության խտասկավառակը, որը կլինի իմ սեղանին: Ժամանակները փոխվում են, գրքի կողքին հայտնվում է նաև խտասկավառակը` այսպես լայն հնարավորություն ընձեռելով ճանաչելու գրողին ու նրա ստեղծագործությունը: - Սա արդեն մեզանում միանգամայն նոր մշակույթ է, որը ձևավորում է նոր ավանդույթներ: Ես սիրում եմ Կարինե Խոդիկյանի գրականությունը, բեմադրել եմ «Կինն անձրևից հետո» դրաման, գիտեմ, որ Կարինեն ստիպում է կյանքին նայել բոլորովին այլ աչքերով: Այս մենադրամային էլ ծանոթ եմ, դիտել եմ դրա բեմադրությունը: Ուրախ կլինեմ, որ ընթերցողները ձեռք բերեն այն, դիտեն բեմադրությունը: Համոզված եմ` նրանք ազդագրերում փնտրելու են Կարինե Խոդիկյանի անունը,¬ ասաց Վահե Շահվերդյանը: - Ես ապրում եմ Վանաձորում, որտեղ այլևս գոյություն չունի գրախանութ հասկացությունը, գրքի վաճառքը կարծես դուրս է մղվել մարդկանց գիտակցությունից: Իսկ այստեղ ոչ միայն գրքի վաճառք եմ տեսնում, այլև գրականության մատուցման ուրույն ձև ու եղանակներ: Շատ ուրախ եմ, որ Կարինե Խոդիկյանը հատկապես թատերագիրներիս հուշում է, թե ինչպես կարելի է հասնել ստեղծագործութ յունների հանրահռչակմանը: Մարդիկ գուցեև պիես չկարդան, բայց ահա խտասկավառակը կդիտեն, կտեսնեն և´ գրական ստեղծագործությունը, և´ նրա բեմական լուծումը,¬ նկատեց թատերագիր Սամվել Խալաթյանը: Գիրք-խտասկավառակի բեմադրիչ Աննա Բայաթյանը ևս չափազանց ուրախ էր: Նա զբաղվում է գեղարվեստական կինոյով, սակայն սիրում է թատրոնը, բեմական ստեղծագործությունները: Երևի պատճառներից մեկն էլ այն է, որ մեծացել է թատերական ընտանիքում` վաղամեռիկ բեմադրիչ Արմեն Բայաթյանի և դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի ընտանիքում: - Մեծ սիրով եմ աշխատել բեմադրության այս տարբերակի վրա: Փաստորեն, ես ստեղծում էի կինոտարբերակը, ինչը դժվար էր, որովհետև հարկավոր էր ճիշտ ընկալել Կարինե Խոդիկյանի պիեսի առանձնահատկությունները, «բեմի լեզվից» անցում կատարել «կինոյի լեզվին»: Հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր ձեռք կբերեն այս խտասկավառակը, կհավանեն այն, իրենց համար մեկ անգամ ևս կբացահայտեն Կարինե Խոդիկյանի դրամատուրգիան և դերասանուհի Անետ Հարությունյանի խաղը,- ասաց երիտասարդ կինոբեմադրիչը, ով արդեն մի շարք փառատոների է մասնակցել: …Մայրաքաղաքի մշակութային կյանքը մի նոր իրողությամբ ևս հարստացավ, մի կարծրատիպ էլ հաղթահարվեց: Իսկ սա նշանակում է, որ ցանկության դեպքում` կարելի է գտնել նոր ձևեր ու մեթոդներ, առավել սերտ դարձնել գրականություն-ընթերցող կապը, քարոզել գրականությունը, որի հանդեպ անտարակույս հետաքրքրություն կձևավորվի:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ