Չի թանկացել, ուղղակի հստակեցվել է


Մոտ երկու ամիս առաջ Թաիրով-Փարաքար գյուղերում երեք օր անջատել էին գազամատակարարումը: Կարծում էինք վթար էր, վերացրեցին: Միայն վերջերս իմացանք, որ իրականացվել է պատժիչ գործողություն մի քանի բաժանորդների նկատմամբ, ովքեր հրաժարվել էին վճարել ներտնային սպասարկման տարեկան վարձավճարը` առանց սպասարկում ստանալու: Սա առիթ դարձավ` հանդիպելու ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիտորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ Միքայել ՋԱԼԱԼՅԱՆԻ հետ: - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար սահմանել է նոր սակագներ: Խնդրում եմ բացատրեք, ո՞ւմ նախաձեռնությունն է դա, և ի՞նչ հիմնավորումներով է թանկացել վերոնշյալ ծառայությունը: - Եթե կարելի է` մի քիչ հեռվից սկսեմ: Ինչպե՞ս է եղել ի սկզբանե: Մինչ այդ ներտնային սպասարկման դաշտը թողնվել էր բաց` այսինքն այն եղել է ազատ գործունեության ոլորտ և կարգավորված չի եղել հանձնաժողովի որևէ որոշումով: 2004-ին դժբախտ դեպքերի և մահացությունների թիվը կտրուկ աճեց` ինտենսիվ գազաֆիկացման հետևանքով: Կային բազմաթիվ պատճառներ, որոնցից մեկն էլ ներտնային համակարգի` որևէ մեկի կողմից չսպասարկվելն էր: Այդ դեպքերը անհանգստացրեցին բոլորին: Եղավ նախագահի հանձնարարականը` միջոցներ ձեռնարկել հետագա դժբախտ դեպքերը կանխելու համար: Հանձնաժողովը հաշվի առնելով, որ մեր պետության համար անցումային այս փուլում քանի դեռ շատ ոլորտներում չեն ձևավորվել մրցակցային հարաբերություններ, առայժմ ամենաճիշտ լուծումը կլինի, որ այս սպասարկումն ապահովի բնագավառում ամենամասնագիտացած ձեռնարկությունը` ի դեմս «Հայռուսգազարդի»: Ընդ որում, մենք դաշտը չփակեցինք սպասարկման ունակ մյուս կազմակերպությունների համար: Մենք սահմանեցինք, որ պատասխանատուն «Հայռուսազարդն» է, որն էլ ի զորու է մեր սահմանած չափանիշներին համապատասխան ընտրել այդ ձեռնարկություններին: Սակայն վերջինս որոշեց միայնակ իրականացնել այդ ծառայությունը, և չեմ թաքցնի` այսօրվա իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Հայռուսգազարդը» չի կարողացել տեղավորվել մեր սահմանած ժամկետում: Ո°չ ամբողջ բնակչությունն է ներառված սպասարկման դաշտում: - Այդ ոչ ամբողջը, ի՞նչ թիվ է կազմում: - «Հայռուսգազարդի» տվյալներով` բաժանորդների մոտ 10 %-ը: Նախատեսված էր, որ նշված աշխատանքները պետք է ավարտվեին հունիս-հուլիս ամիսներին: Նրանք էլ են խոստովանում, որ գրաֆիկից ետ են մնացել: Սակայն պետք է ասեմ, որ նշված թիվը վերաբերում է Երևանին: Հանրապետության մասշտաբով այն կկազմի մոտ 2 %, քանի որ շրջաններում պայմանագրային դաշտը շատ ավելի խիտ է: - Հնարավո՞ր է, որ շրջանների մասին Ձեր հայտարարածը տպագրելուց հետո մեր ընթերցողները բողոքեն, թե ինչո՞ւ ենք իրենց ապակողմնորոշում: Զորօրինակ մեր գյուղի` Թաիրով-Փարաքար համայնքի բաժանորդների ոչ թե 10 -ը չի գտնվում սպասարկման դաշտում, այլ 90-ը, եթե ոչ ավելին: Եվ գիտեմ, որ մենք միակը չենք: Զրուցակիցս հենց տեղում հեռախոսով փորձում է կապվել համապատասխան ենթակառուցվածքի ղեկավարների հետ: - Ես անպայման կճշտեմ դա: Համարենք, որ Դուք ահազանգեցիք: - Ի՞նչ հիմնավորումով է թանկացել սպասարկումը: - Չասենք թանկացում: Ավելի ճիշտ` հստակեցում: Մինչև այսօր տենդենցը հետևյալն էր` առանց փաստացի որևէ սպասարկման ձեռնարկությունների աշխատողները մտնում էին տները, 3000 դրամ փող հավաքում և վերջ: Երբ ոլորտը սկսեցինք կարգավորել, սակագին որոշելու համար ուսումնասիրեցինք ամբողջ նորմատիվային դաշտը` աշխատանքների ծավալ, հումք, տրանսպոր տային ծախսեր և այլն: Կատարեցինք հաշվարկ, և ստացվեց հետևյալ պատկերը. եթե սպառողը ունի գազասպառման մի կետ, ապա դրա սպասարկումը, ծխատարի մաքրումն էլ հետը, կկազմի 2400 դրամ, երկուսի դեպքում` 5700, երեքի և ավելիի դեպքում` 6900: Ի տարբերություն 3000 դրամանոց տարբերակի, այստեղ կնքվում է պայմանագիր, որտեղ հատուկ ամրագրվում են կողմերի իրավունքներն ու պարտավորությունները: Սպառողը կիմանա` ի՞նչ ծառայություններ պետք է ստանա` այդքան գումար վճարելու դիմաց: - Ենթադրենք, մի կազմակերպություն դիմում է «Հայռուսագազարդին»` խնդրելով լիցենզավորել իրեն, պարտավորվելով սպասարկել ավելի ցածր գներով: Ձեր կարծիքով, կընդառաջե՞ն: - Դուք հարցը կոռեկտ չեք ձևակերպել առնվազն երեք ասպեկտով: Նախ, չի կարող ավելի էժան լինել հաշվարկվածից: Եթե մի բան հաշվարկված է, էլ ինչպե՞ս կարող է ավելի էժան առաջարկվել: - Մրցակցային դաշտը իր հետ միշտ բերում է նոր տեխնոլոգիաներ ու մտահղացումներ, որոնց արդյունքում ձևավորվում է նոր, ավելի մատչելի գին: - Եթե վաղը որևէ մեկը մոտենա իր կազմակերպության փաստաթղթերով ու հիմնավորումներով, թե կարող է 10 %-ով էժան կատարել նույն աշխատանքները, ապա «Հայռուսգազարդը» չի կարող նրան մերժել: - Ի՞նչ պետք է անեն այն սպառողները, որոնց հետ «Հայռուսգազարդը» չի հասցրել պայմանագիր կնքել և սպասարկել: Նրանք պետք է մուծե՞ն տարեկան վարձավճարը: - Եթե պայմանագիր չի կնքվել, չեն սպասարկվել, թող մեզ տեղյակ պահեն: Մենք այստեղ նստած չենք կարող իմանալ, որ Թաիրով-Փարաքար համայնքում պայմանագրեր չեն կնքվել, ու բաժանորդները չեն սպասարկվել ամբողջ ծավալով: Առանց ձեր ակտիվության, առանց ձեր պահանջի մեր աշխատանքները առաջ չեն գնա: Ոչ ոք իրավունք չունի մի ամբողջ գյուղի կամ համայնքի նկատմամբ պատժիչ գործողություն իրականացնել, իրավունք չունեն Ձեր ջրա-գազա-էներգամատակարարումները ընդհատել` առանց նախապես տեղյակ պահելու: Բոլոր տեսակ ընդհատումների դեպքում դուք մեզ զանգահարեք, անհանգստացրեք: Հ. Գ. Լիովին կիսելով քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունենալու անհրաժեշտության մասին Ջալալյանի «մարտահրավերը», մեր քաղաքացիներին հիշեցնում ենք նաև, որ չստացած ծառայության դիմաց վճարել չցանկացող գազասպառողները կարող են դիմել նաև դատարան: Ի դեպ, հարցազրույցից ուղիղ երեք օր անց մենք զանգահարեցինք հանձնաժողովի թողարկած բուկլետի վրա նշված հեռախոսահամարով և փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ է անջատվել մեր էներգամատակարումը: Մեզ պատասխանող տղամարդու ձայնը խոսեց այնպիսի տոնով, որ թվաց, թե մեր արածը ոչ թե իրենց պահանջած քաղաքացիական ակտիվությունն էր, այլ` առնվազն քաղաքացիական անհնազանդություն: Իսկ իրենց ակտիվանալու կոչին հետևելու համար խրախուսական շնորհակալություն ստանալու մտայնությունը մնաց որպես մանկական դյուրահավատություն:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ