Իմ շահը քո շա՞հն է


«Հարկայինից» հասարակությունը` (իմա` գործարարները, ավելի ճիշտ, նրանց անպաշտպան-անտանիք հատվածը) միշտ էլ դժգոհ է եղել: Այսպիսի ընդհանրացված ընկալումն հավասարապես վերաբերում է թե° պետության հարկային քաղաքականությանն ընդհանրապես, թե° այդ քաղաքականությունը վարող մարմին` նույն այդ «հարկայինին»: Խոստովանենք, որ հարկերի բարձրացումը մեզանում սովորական երևույթ է: Գործարարները դրանից կարող են առնվազն նեղսրտել, բայց ոչ զարմանալ: Զարմանալին և անսովորը դրա հակառակն է` հարկերի նվազեցումը. հազվադեպ տեղի ունեցող բան: Կառավարությունն օրերս նման անսովոր մի որոշում է կայացրել. իջեցվել է գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը: Անշուշտ, բոլոր դեպքերում հարկիջեցման երևույթը դրական է և դրվատելի, և այդ մասին լսելիս առաջին զգացումը պիտի որ գոհունակությունը լինի առ հայրենի Կառավարությանը` ժողովրդաշահ որոշման համար: Ի վերջո, ամենքս ենք հասկանում, հարկային դրույքաչափերի նվազեցումը կարևորագույն գործոն է` տեղական արտադրությունը խթանելու համար: Պարզ օրինակ, տարբեր սարքավորումների ներկրման նկատմամբ կիրառվող ցածր դրույքաչափը սահմանելը կարող է շահագրգռել արտադրություն կազմակերպելու, վերազինելու, մոդեռնացնելու մեջ` որոշ չափով ազատելով ներկրողին բյուջե լցնելու հոգսից: Սակայն հայրենի կառավարության նկատմամբ «խանդաղատանքի» զգացումը սկսում է «տարուբերվել», երբ հայտարարում է, որ այդպիսի հոգատարության արժանացել է ոչ ավել, ոչ պակաս, գարեջրի արտադրության ոլորտը: Ինչո՞վ կարելի է հիմնավորել հատուկ որոշմամբ արտահայտված նման ուշադրությունը գարեջրի արտադրությա՞ն, թե՞ գարեջուր արտադրողների նկատմամբ: Իսկ գուցե մեր ժողովրդի գարեջրասիրությո՞ւնն է ավելացել, և պետությունը պարզապես հոգ է տանում, որ իր գարեջրասեր քաղաքացիները իրենց հակմանն հագուրդ տալու համար գրպանները փոքր-ինչ քիչ թեթևացնեն: Կարծես թե երկու կողմի շահն այստեղ երևում է. հարկը նվազում է, գինը` իջնում: Ինչպե՞ս է արտացոլվում երրորդ կողմի` բյուջեի շահն այս որոշման մեջ: Ոնց որ չի էլ արտացոլվում: Համենայնդեպս, չկան որոշակի հաշվարկներ, թե գարեջուր ապրանքատեսակի նկատմամբ կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափը 2007 թ. հունվարի 1-ից 1 լիտրի համար 70 դրամից 50 դրամի իջեցնելուց պետբյուջեն ի՞նչ կշահի, բյուջեի մուտքերը կավելանա՞ն, թե՞ կպակասեն: Պարզ տրամաբանությամբ` պիտի պակասեն: Եվ որոշման հեղինակների հույսը, հավանաբար, մեր ժողովրդի գարեջրասիրության աճելն է: Միայն սպառման ծավալների ավելացմամբ կարող են ավելանալ բյուջեի մուտքերը: Այնպես որ, մեզ մնում է հանուն բյուջեի, որից սնվում են այսպիսի «բացառիկ» որոշումներ ծնող քանքարավոր պետական այրերը, մեր ծարավը ջրի փոխարեն բացառապես գարեջրով հագեցնել` մշտապես ծարավ մնալով ժողովրդաշահ որոշումների: Զորօրինակ, ինչպիսին կարող էին լինել բնակչության համար կենսական նշանակության ապրանքների (սկսած հացամթերքից) ներկրման ու արտադրության հարկերի իջեցմանն անդրադառնալը: Իրականում ցավալին ու անհրաժեշտը, նաև տրամաբանականը դրանցից սկսելն է:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ , Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ