Պաշտոնական լրահոս


n Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 26-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին օրենքում» լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքը: n ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունիին: Հանդիպման սկզբում, խոսելով հայ-ֆրանսիական օրեցօր խորացող հարաբերությունների մասին, նախարարն ասաց, որ դրանց վառ վկայությունը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցն էր Հայաստան, որը մեծ իրադարձություն էր երկրի կյանքում: Անրի Կյունին, իր հերթին, հայտնեց, որ շատ բարձր է գնահատում Հայաստանի ջերմ վերաբերմունքը իր երկրի նկատմամբ և հավելեց. «Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ հայ ժողովրդի և նրա մշակույթի նկատմամբ: Վերադառնում եմ` ինձ հետ տանելով Հայաստանին վերաբերող հարուստ գրադարան: Համոզված եմ, որ իմ հաջորդ այցի ժամանակ հաստատված կլինի խաղաղություն, և սահմանները բաց կլինեն: Փակ սահմանը անախրոնիզմ է, անհարիր կեցվածք եվրոպական ընտանիքին միանալու հայտ ներկայացրած երկրի համար»: Սերժ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության, մասնավորապես, ռազմական ոլորտում համագործակցություն ծավալելու համար, դեսպանին մաղթեց հաջողություններ հետագա աշխատանքում: n ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի միջազգային խորհրդատվական խմբի անդամների հետ: Խմբի կազմում էին Սլովենիայի ԱԳՆ լիազոր նախարար Դամյան Բերգանթը, Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի խորհրդական Ջեյմս Գրիբովսկին, անվտանգության հարցերով Հայաստանի կառավարության գերմանացի խորհրդական, պահեստի գեներալ-մայոր Հոլգեր Զամեթը, Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, պահեստի գեներալ-մայոր Ջոն Դրևիենքիևիչը, Բալթյան պաշտպանական քոլեջի ավագ գիտաշխատող Մարգուս Քոլգան, Եվրատլանտյան ինտեգրման և գործընկերության դիրեկտորատի երկրների հետ հարաբերությունների և քաղաքական կապերի բաժնի ներկայացուցիչ Լորենց Մեյեր-Միներմանը, Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն դոկտոր Աթիս Լեյինցը, Սոֆիայի Կլեմենտ Օհրիդսկու համալսարանի ներկայացուցիչ պրոֆեսոր Թոդոր Տանևը: Հանդիպման սկզբում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը նշեց, որ խորհրդատվական խումբը ողջունում է Հայաստանում պետական և քաղաքացիական հասարակության զարգացման վերաբերյալ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մշակվող նախագծի բոլոր դրույթները: Անդրադառնալով անվտանգության հետ կապված հարցերին` խմբի անդամները խոսեցին Հայաստանի աշխարհառազմավարական բարդ իրադրության մասին, փաստելով, որ սահմանակից չորս երկրներից երկուսը` Ադրբեջանը և Թուրքիան, շրջափակել են Հայաստանի հետ իրենց ընդհանուր սահմանը, իսկ արտաքին աշխարհի հետ կապող կենսական ուղին անցնում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում հայտնված Վրաստանով և Իրանով: Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին` խմբի անդամները նշեցին, որ այն մեծապես պայմանավորված է յուրաքանչյուր հայի համար ամենահարազատ երկու հիմնահարցերի` Լեռնային Ղարաբաղի և Ցեղասպանության, առկայությամբ ևս: Հանդիպման ավարտին հյուրերը փաստեցին, որ նման իրավիճակում Հայաստանը որոշում է կայացրել հավասարակշռված քաղաքականություն վարելու վերաբերյալ թե ռազմավարական կամ գլոբալ, թե մարտավարական կամ տարածաշրջանային տեսանկյունից: n ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Գուննար Ադենին (նստավայրը Ստոկհոլմ): Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին աշխարհաքաղաքական համատեքստում Հայաստանի տեղի և դերի մասին, կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, անդրադարձան ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման ներկա փուլին, քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ եղավ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը ԱԳԳԾ և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԲԺԻՇԿ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊՆ կենտրոնական հոսպիտալի վիրաբուժության բաժնի պետ, փոխգնդապետ Աշոտ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ բնավորության ամենավառ գիծը կարեկցանքն է մարդու հանդեպ ու անսահման նվիրումը իր գործին: Զինվորական բժիշկը ոչ միայն հրաշալի մասնագետ է, այլև բազմակողմանի զարգացած մարդ, բարեկիրթ ու հետաքրքիր զրուցակից: - Պարոն Զոհրաբյան, նկատե՞լ եք` մեզ ոչ մի անգամ չի հաջողվում հանդիպել առաջին պայմանավորվածությամբ. ծանր դեպքի կամ հրատապ վիրահատության պատճառով հանդիպումը հետաձգվում է: Եթե չեմ սխալվում` հինգ-վեց տարի առաջ էր, ես պետք է ակնարկ գրեի Ձեր մասին, և Դուք խնդրեցիք սպասել մինչև սրտի վիրահատություն տարած զինվորի վիճակը կայունանա: - Շատ լավ հիշում եմ այդ դեպքը: Զինվորին հոսպիտալ էին հասցրել անգիտակից: Քննության ժամանակ սրտի շրջանում, մաշկի վրա փոքրիկ քերծվածք նկատեցի` սուր կտրող գործիքի հարվածի հետք: Անմիջապես վիրահատություն սկսեցինք: Սիրտը վնասված էր, սրտապարկը արյունով էր լցվել: Վիրահատության ընթացքում սիրտը կանգնեց: Երբ անշարժացած սիրտը ափերիս մեջ առա, սկսեց տրոփել, կյանք առավ: Անպատմելի զգացողություն էր: Վիրահատությունը հաջող անցավ, զինվորը ապրեց: - Ես վիրահատությունից մի քանի օր անց տեսա այդ զինվորին, Գավառի բարբառով անեկդոտ էր պատմում: Իսկ երեկ ի՞նչ էր պատահել ասացիք` չեմ կարող Երևան գալ, պիտի մնամ մինչև երեկո: - Զինվորը հրազենային վնասվածք էր ստացել, գնդակը մտել էր որովայնից, վնասել էր ստամոքսը, բարակ աղին, թոքը, անցել էր սրտի մոտով և դուրս եկել ողնաշարի կողքից: Վիրահատությունը հաջող անցավ: - Զինվորը կապրի՞: - Հիշեցի իմ` թերևս ամենածանր ու դրամատիկ վիրահատությունը: Նոր էի ընդունվել զինված ուժեր, Նոյեմբերյանում վիրահատեցի հրազենային վնասվածք ստացած մի զինվորի, գնդակը մտել էր որովայնից, վնասել էր սիրտը ու մնացել թոքի շրջանում: Որովայնը մաքրելուց հետո, երբ հասա սրտին, առաջին հայացքից ոչինչ չնկատեցի. ճեղքը չէր երևում: Սրտի վրա փառ կար: Երբ ցանկացա փառը հեռացնել, երեք սանտիմետրանոց ճեղքից արյուն ժայթքեց, ու սիրտը կանգնեց: Սրտապարկը երեք տեղից վնասվել էր: Մինչև բացվածքը կարելը սիրտը երեք անգամ կանգնեց: Խթանում էինք` սկսում էր աշխատել, սակայն կարելու ժամանակ նորից կանգնում էր: Ի վերջո, վիրահատությունն ավարտեցի, գնդակը հեռացրի: Երբ դուրս եկա վիրահատարանից, Վալերի Պողոսյանը, որ հանրապետության լավագույն զինվորական վիրաբույժներից էր, ասաց. «Ամեն ինչ ճիշտ արվեց, վիրահատությունը շատ հաջող անցավ, բայց ափսոս, որ զինվորը չի ապրի: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ անկախ վիրահատության ելքից, սրտի հրազենային վնասվածքների ժամանակ մարդկանց 90%-ը մահանում է»: Բայց, իմ բախտից, զինվորն ապրեց: Կարծում եմ` պատասխանեցի Ձեր հարցին: - Ի՞նչ պայմաններում էր զինվորը հրազենային վնասվածք ստացել: - Վիրավորվել էր հակառակորդի գնդակից: Հրազենային վնասվածքները, որպես կանոն, ուղեկցվում են բազմաթիվ բարդություններով: Միանգամից մի քանի օրգան է վնասվում, և էական նշանակություն ունի նաև գործողության արագությունը. մի քանի վայրկյանը կարող է բախտորոշ նշանակություն ունենալ: - Խնդրում եմ` պատմեք, թե ինչպես սկսվեց այս ամենը: Բժիշկները մեծ մասամբ ժառանգաբար փոխանցում են իրենց մասնագիտությունը, փոքրուց են երազում դրա մասին: - Իմ մայրը բժշկուհի էր, հայրս` գյուղատնտես: Մանկությունս անցել է Ղազախստանի Այնաբուլակ գյուղում: Հայրս ավարտել էր Մոսկվայի գյուղակադեմիան, և նրան գործուղել էին այդ խոպան տարածքում տնտեսություն ստեղծելու: Սկզբում ապրում էինք վրանների տակ, հետո տուն կառուցեցինք, մարդկանց թիվն ավելացավ: Մայրս գյուղի բժշկուհին էր, հայրս` տնտեսության ղեկավարը: Այդ շենը հետագայում հորս անունով կոչվեց Սուրենովկա: Բնակավայրի շուրջը 300 կմ շրջագծով ամայի տարածություն էր: Գյուղ կոչվածը երկար փողոց էր` երիզված նորակառույց տներով, իսկ շուրջը անվերջանալի հարթավայր էր` ձգված մինչև հորիզոնը: - Այնպիսի ներշնչանքով, հուզմունքով եք պատմում, կարոտո՞ւմ եք: - Անկախ ամեն ինչից, մանկության վայրերը դաջվում են սրտիդ, հիշվում սիրով ու կարոտով: Դրանք նույնանում են մանկությանդ հետ: Նույնքան ջերմությամբ եմ հիշում Կարագանդա քաղաքը, ուր երեք տարի ապրել, սովորել եմ ինտերնատում: Գյուղում դպրոց չկար, ու ծնողներս ստիպված ինձ տարան 300 կմ հեռավորությամբ գտնվող Կարագանդա քաղաքը: Այդ տարիները ահռելի նշանակություն ունեցան իմ բնավորության ձևավորման, մտածելակերպիս ու բարոյական ըմբռնումներիս վրա: Ինտերնատում գրեթե զինվորական ռեժիմ էր, կարգապահություն: Ցանկացած թերացում, շեղում պատժվում էր` ընդհուպ հացից զրկելը: Ծնողներիցս հեռու` ես դարձա ինքնուրույն, սովորեցի հաղթահարել դժվարությունները, պատասխան տալ սեփական արարքներիս համար: Կարծում եմ` նման ինքնուրույնություն է պետք կյանք մտնող ցանկացած պատանու, դեռահասի` ձևավորվելու, կայուն բնավորություն ունենալու և կայացած անհատ դառնալու համար: Տասը տարեկան էի, երբ եկանք Երևան: Առաջին անգամ տեսա պապիս ու տատիս: Մեծ քաղաք տեսա, հեռուստացույցով մուլտ նայեցի: Առաջին ամիսը, բնականաբար, տոն էր, հետո կարոտում էի, ուզում էի վերադառնալ: - Դուք պատմում եք, ու ես մտածում եմ, որ ամեն մարդ պիտի իր հայրենիքում մեծանա, իր հողի վրա հասակ առնի, ջերմ զգացումներով, մանկության կարոտով իր հողին կապվի: Որ հայրենասիրությունը դառնա բնական, համարյա բնազդային մղում: - Ճիշտ է, սակայն չի կարելի ապավինել միայն բնազդային հայրենասիրությանը: Այն պետք է նաև գիտակցական լինի, ձևավորվի` որպես դաստիարակության արդյունք: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հասարակությունը, հասակ առնող երեխային, պատանուն, երիտասարդին շրջապատող մարդիկ ապրեն նույն արժեհամակարգով, չլինեն երկակի չափանիշներ: Տարրական օրինակ բերեմ. հայ ծնողը մեծ ջանքերի գնով, մեծ գումարներ ծախսելով` երեխային ուղարկում է լրացուցիչ պարապմունքների և դարձնում բուհի ուսանող: Այստեղից հետևում է, որ նա գիտի ուսման հարգը, գնահատում է գիտելիքը, ցանկանում է, որ իր երեխան կրթվի: Հետո այդ նույն ծնողը և° ուսման վարձ է վճարում, և° փող է տալիս, որ իր անգրագետ երեխան գումարով կամ ծանոթով գնահատական ստանա, հասարակությունը հանդուրժում է այդ երևույթը, և երեխան դառնում է անգրագետ բժիշկ, անգրագետ մանկավարժ կամ ինժեներ, վերադառնում է հասարակություն և պատուհաս դառնում նրա գլխին: Նման անհասկանալի չափանիշներով անհնար է խոսել բարձր գաղափարների և գերակայող արժեհամակարգի մասին: Իմ դպրոցական տարիներին վիճակը այլ էր, այլ էին չափանիշերը, երիտասարդ սերնդի ձգտումները: Ես երազում էի ավիացիոն ինժեներ դառնալ, ճշգրիտ առարկաները շատ լավ էի սովորում, գնում էի սպորտի: Ջրագնդակի Հայաստանի հավաքականի անդամ էի, վարպետության թեկնածու, մրցումների էի գնում ողջ Խորհրդային Միության տարածքով, ԽՍՀՄ հավաքականի անդամության թեկնածու դարձա: Զուգահեռաբար ռադիոխմբակ էի հաճախում: Նույնիսկ նավի մոդել եմ հավաքել: Լիարյուն կյանքով էի ապրում: Մայրս շատ էր ուզում, որ ես բժիշկ դառնայի: Ամեն ինչ անում էր, որ փոխեմ մտադրությունս, պատմում էր բժիշկների սխրանքների մասին, փորձում էր ամեն կերպ հետաքրքրություն, սեր արթնացնել մեջս: Ի վերջո, նա հաղթեց. երեք որդիներն էլ բժիշկ դարձան: Ես սկզբնական շրջանում չէի հարմարվում, փոշմանել էի, որ լսել եմ մորս, ուզում էի կիսատ թողնել ուսումս: Ծնողներիս խորհրդով աշխատանքի անցա Պռոշյանի հիվանդանոցում` որպես ֆելդշեր: Անմիջական շփումը հիվանդի հետ շատ բան փոխեց: Երեք տարի աշխատեցի, հետո փորձառության դպրոց անցա թիվ 2 հիվանդանոցում, նստում էի ընդունարանում ու մինչ բժիշկը կգար, լսում էի հիվանդների գանգատները, փորձում էի ախտորոշել հիվանդությունները: Յոթերորդ կուրսում վերադարձա Պռոշյանի հիվանդանոց, ուր սկսել էի առաջին գործնական քայլերս: Շատ էի ուրախանում, երբ բժիշկ Յուրի Հովակիմյանը, որը հանրապետության լավագույն վիրաբույժներից էր, հաստատում էր ախտորոշումս: Հաճախ գնում էի հերձարան, ժամերով աշխատում էի այնտեղ: Իմ առաջին վիրահատությունները կատարել եմ ինտերնատուրայում սովորելիս: Յուրի Հովակիմյանը ցանկանում էր, որպեսզի աշխատանքի անցնեի Պռոշյանի հիվանդանոցում, սակայն օրենք էր, և բուհն ավարտելուց հետո ինձ ուղարկեցին շրջան` Մեղրի, ապա 16 տարի աշխատեցի Չարենցավանում` որպես վիրաբույժ, վիրաբուժության բաժնի պետ, գլխավոր բժշկի տեղակալ, գլխավոր բժիշկ: 1990 թ. պաշտպանեցի թեկնածուական թեզը, 93 թ. մեկնեցի Իրան: 95-ին, երբ արձակուրդիս ժամանակ եկա Երևան, հանդիպեցի ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Բենիկ Հարությունյանին, որը Չարենցավանում աշխատելու տարիներին իմ ղեկավարն է եղել: Նա ինձ հրավիրեց ծառայելու պաշտպանության համակարգում: Անկեղծ ասած, սկզբում հրաժարվեցի: - Որքա՞ն էիք վաստակում Իրանում: - Երկու հազար դոլար: Բենիկ Հարությունյանն ասաց` «Իրանում քեզ համար ես աշխատել, մի քիչ էլ քո երկրի, պետության համար աշխատիր»: Այս խոսքերը կպան սրտիս: Թողեցի աշխատանքս, վերադարձա Հայաստան: Ծառայության մտա պաշտպանության համակարգում` որպես բանակի գլխավոր վիրաբույժ, հոսպիտալային վիրաբուժության բաժնի պետ, էնդովիրա բուժության բաժնի պետ, ապա` կենտրոնական հոսպիտալի վիրաբուժության բաժնի պետ: - Լինո՞ւմ են դեպքեր, երբ վիրահատության կարիք ունեցող հիվանդին տեղափոխեք քաղաքացիական բուժհիմնարկ կամ դրսից բժիշկ հրավիրեք ներսի ուժերն անբավարար լինելու պատճառով: - Վիրաբուժական բաժնի հիվանդներին` երբեք, սակայն լինում են դեպքեր, երբ այլ հիվանդությունների համար անհրաժեշտ է լինում եզակի բժշկական սարքավորում կամ նեղ մասնագիտական բուժօգնություն: - Որտե՞ղ են վիրահատվում բանակի գեներալները, բարձրաստիճան սպայակազմը: - Չեմ կարող միանշանակ ասել, բայց պաշտպանության նախարարը բուժվել է մեր հոսպիտալում, անձամբ ես վիրահատել եմ բազմաթիվ գեներալների, բարձրաստիճան սպաների, նրանց հարազատներին: - Եթե փորձենք համեմատել Ձեր եկամուտը, բարեկեցության մակարդակը քաղաքացիական բուժհիմնարկում աշխատող նույն որակի մասնագետի ֆինանսական վիճակի հետ... - Չէի ուզենա պատասխանել հարցին... Բանակը փոխում է մտածելակերպդ, ձգտումներդ: Բանակում վիրաբույժը մեկ գերխնդիր ունի` փրկել զինծառայողի կյանքը և նրան վերադարձնել շարք: Մնացած հարցերը ոչ թե երկրորդական են, այլ չկան: Բարձրագոչ չհնչի, ինչպես Բենիկ Հարությունյանն էր ասում, բանակում երկրի, պետության համար աշխատելու գաղափարը կա: - Որոշ ժամանակ առաջ թերթերը, հեռուստատեսությունը խոսում էին Ձեր հայտնագործության մասին, որը վերաբերում էր թարախային-մեռուկային վերքերի կենսավիրաբուժությանը: Փաստորեն գտել էիք չփակվող վերքերը բուժելու եղանակ: Վերքեր, որոնք երբեմն անդամահատման պատճառ են դառնում: Խնդրում եմ` փոքր-ինչ մանրամասնեք: - Այն չի կարելի հայտնագործություն համարել, քանի որ մի շարք զարգացած երկրներում մեթոդը կիրառվում է, սակայն գործընթացը պահվում է գաղտնի: Խոսքը կանաչ ճանճի «Լյուցիլա սերիկատա» թրթուրների միջոցով թարախածոր, մեռուկացած, չփակվող վերքերը բուժելու մասին է: Այդ թրթուրներն ստացվում են հատուկ պայմաններում: Կան վերքեր, որոնք ուղեկցվում են հյուսվածքների նեկրոզով: Մեռուկացած շերտը հնարավորություն չի տալիս, որ վերքը փակվի, մեռուկացած մասի տակ վերքը խորանում է, զարգանում են մանրէները: Նման դեպքերում կատարվում է վիրահատություն, մեռուկացած մասը հեռացվում է, սակայն որոշ դեպքերում այդ միջամտությունն էլ չի օգնում, և վերքը շարունակում է խորանալ` սպառնալով ամբողջ օրգանիզմին: Օրինակ` շաքարային դիաբետի դեպքում կանաչ ճանճի թրթուրներից լաբորատոր պայմաններում ստացվում է կենսանյութը, այսինքն` ճանճի ձուն, որից հատուկ պայմաններում աճեցվում են թրթուրներ: Այն տեղակայվում է մեռուկացած հյուսվածքներում, թրթուրները խժռում են մեռուկացված հյուսվածքները, ոչնչացնում մանրէները, մաքրում վերքը և արտադրած հատուկ նյութով նպաստում առողջ հյուսվածքների աճին: - Այդ մեթոդով զինծառայողներ բուժե՞լ եք: Կնշե՞ք մի քանի օրինակ: - Բազմաթիվ: Օրինակ` բանակի երիտասարդ սպան ականի պայթյունից վնասել էր կրնկոսկրը: Մեկուկես տարվա ընթացքում չորս վիրահատություն էր տարել, բայց վերքն այդպես էլ չէր սպիացել, թարախային արտադրությունը չէր դադարել: Նոր մեթոդի կիրառումով վերքը փակվեց տասն օրվա ընթացքում: 57-ամյա հիվանդը երկար ժամանակ բուժվել էր, բայց այրվածքից առաջացած վերքը չէր փակվել: Կենսանյութի երեք վիրակապից հետո այն սպիացավ: Երիտասարդ աղջիկը ամիսներ շարունակ բուժվել էր, սակայն նստատեղի փափուկ հյուսվածքների խոշոր վերքերի թարախակալումը շարունակվել էր: Կենսանյութի երեք վիրակապը նրան լիարժեք կյանք վերադարձրեց: Մեթոդն անգնահատելի արժեք կունենա պատերազմական իրավիճակում, երբ կլինեն բազմաթիվ ու բազմատեսակ վերքեր, քանի որ այն էժան է, հեշտ է կիրառվում, չի պահանջում հատուկ բժշկական անձնակազմ, ինտենսիվ հսկողություն և տալիս է գերազանց արդյունք: - Պարոն փոխգնդապետ, վերջում պատմեք Ձեր ընտանիքի և նախասիրությունների մասին: - Կինս մշակույթի պատմություն է դասավանդում, դոցենտ է, որդիս համակարգչային տեխնոլոգիաների միջազգային կարգի մասնագետ է: Ինչ վերաբերում է նախասիրություններին, զբաղվում եմ գիտությամբ, բժշկությունը զարգանում է մեծ թափով: Ամերիկայում, զարգացած երկրներում անհավանական պատվաստումներ են անում, մեկ բջջից կարող են տասնյակ մետր մաշկ ստանալ... Խորապես ցավում եմ, որ մենք չունենք նյութական հնարավորություն ` լրջորեն զբաղվելու նման ծախսատար ներդրումներ պահանջող ուղղություններով: Ազատ ժամանակ կարդում եմ, ուսումնասիրում բժշկական ասպարեզի նորությունները և նվաճումները:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ