ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ .


«Վերցրեք մեր ձիերը. մենք կճարենք նորերը: Վերցրեք մեր կանանց. մենք կգտնենք ուրիշներին: Վերցրեք երեխաներին. մենք էլի կծնենք: Բայց հողերին մեր ձեռք չտաք»: Հոն իշխանները` Չինաստանին Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 36-40-ում Վերադառնանք Պլևնեին: Խոստովանեմ` ինձ առանձնակի բավականություն է պատճառում ռուսական զորքերի համար երկար ժամանակ անանցանելի խոչընդոտ հանդիսացած այդ ամրոց-քաղաքի անկման պատմությունը շարադրելը: Թուրքական կայազորի դրությունը պաշարված և ամբողջապես շրջափակված Պլևնեում արագորեն վատանում էր: Գրեթե սպառվել էր զինամթերքը, ամենամոտ ապագայում քաղաքի պաշտպաններին սպառնում էր սովահարությունը: Դրսից օգնություն ստանալու ոչ մի հույս չկար: Նոյեմբերի 28-ի վաղ առավոտյան Օսման փաշան ձեռնարկեց շրջապատման օղակը ճեղքելու հուսահատ մի փորձ, որը, սակայն, լիակատար ձախողման մատնվեց: Օրվա երկրորդ կեսին Պլևնե ամրոցի 43 հազարանոց թուրքական կայազորն անձնատուր եղավ: 43 հազար թուրք զինվոր ու սպա իրենց զենքերն ու դրոշակները վար բերեցին հաղթողների առջև: 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի ողջ ընթացքում իրեն լավագույնս դրսևորած թուրքական զորամիավորումը դադարեց գոյություն ունենալուց: Մարտական գործողությունների ավարտը կներկայացնեմ հաջորդ հատվածում, թեև Պլևնեի անկումից հետո դեպքերը ռուսական զորքերի համար զարգացան այնքան սահուն ու հարթ, ինչպես ասում են` հանց դանակը կարագի մեջ, որ վախենամ, թե մի հատվածի նյութ չհավաքվի էլ: Սակայն ինձ ձեզ հետ միասին, հարգելի ընթերցող, սպասվում է շատ ավելի բարդ ու դժվարին մի հանգույցի քանդում, քան ըստ էության առանձնակի դժվարություն չներկայացնող ռազմական գործողությունների ընթացքի շարադրումը: Որտեղ թշնամիդ դիմացի խրամատում չէ, իսկ բարեկամդ` կողքիդ: Քանի որ թուրքական կայազորին բաժին հասած աղետի լուրն առնելուն պես սուլթան Աբդուլ Համիդը դիմեց Անգլիային` որպես միջնորդ զինադադար հաստատելու բանակցություններում հանդես գալու խնդրանքով: Ամրապնդել բաց դաշտում տարած հաղթանակները դիվանագիտական ճակատում` խնդիր, որ հաճախ շատ ավելի բարդ է, քան նույն այդ հաղթանակների նվաճումը: Պլևնեի անկումից հետո նրա շուրջը գամված ռուսական բանակը հնարավորություն ստացավ տեղաշարժվել առջևում գտնվող յուրայիններին օգնության: Բացի դրանից, սերբական և չեռնոգորյան զորքերը, որոնք մինչ այդ ձեռնպահ էին մնացել ակտիվ մարտական գործողություններին մասնակցելուց, ամբողջությամբ կանգնեցին ռուսական ուժերի կողքին: Այդպիսով դեկտեմբերի սկզբներին Թուրքիայի դեմ պատերազմող ռուսական, ռումինական, սերբական և չեռնոգորյան ուժերի ընդհանուր թիվը հասավ 450 հազար մարդու: Ռուսական հրամանատարության առջև ծառացավ անհապաղ լուծում պահանջող մի խնդիր` կռվով հաղթահարել Բալկանյան լեռներն այժմ, երբ սաստկացող ձմեռը դրա իրականացումը օրեցօր դարձնում էր գրեթե անհնարին, թե` սպասել մինչև գարուն: Ոչ միայն ռազմական, այլև քաղաքական նկատառումները հրամայական էին դարձնում դեպի Բալկանյան լեռների հարավային լանջեր ճեղքել-անցնելու օգտին որոշում կայացնելու անհրաժեշտությունը: Հօգուտ այդ որոշման էին հակում նաև այն ծանրակշիռ գործոնները, որ Բալկանյան լեռների հարավային լանջերին եղանակային պայմանները շատ ավելի բարենպաստ էին, քան հյուսիսային և որտեղ կարելի էր հուսալ սննդամթերքի լիառատ պաշարներին տիրանալու: Ամեն դեպքում սակայն ես որոշեցի չմանրամասնել այդ ռազմական գործողության փուլերը, այլ կարճ ներկայացնել` գեներալներ Ի. Գուրկոյի, Պ. Կարցևի և Ֆ. Ռադեցկու հրամանատարության ներքո գործող ուժերը դեկտեմբերի 23-ին մտան Սոֆիա: Դրա հաջորդ իսկ օրը գեն. Ռադեցկին հրաման ստացավ հարձակվել Շիպկայի լեռնանցքի հարավային կողմում գտնվող Վեսսել փաշայի զորախմբի վրա: Միաժամանակ գեն. Դելլինգսհաուզի 13-րդ կորպուսը հակառակորդի ուշադրությունը շեղելու նպատակով ցուցադրաբար շարժվեց դեպի Ահմեդլի և Տվարդից, իսկ այդ ընթացքում գեն. Կարցևի հատուկ ջոկատը մոտեցավ Տրոյանովի լեռնանցքին ու փակեց Վեսսել փաշայի նահանջի միակ ճանապարհը: Դեկտեմբերի 28-ին գերեվարվեցին թուրքական 22 հազար զինվոր և սպա` Վեսսել փաշայի բանակը դադարեց գոյություն ունենալուց: Այսպիսով մի փոքր վերը թվարկվածս գեներալները կարճ ժամկետում փայլուն կերպով իրականացրին իրենց զորքերի առջև դրված խնդիրը: Ռուսական զենքի այս տպավորիչ հաջողությունը վերջնականապես վճռեց պատերազմի ելքը: Թուրքական բանակները կազմալուծված էին ու բարոյալքված: Ճանապարհը դեպի թուրքական մայրաքաղաք այլևս բաց էր: Առկա ընդհանուր համայնապատկերի պայմաններում արդեն ոչ միայն ամենևին էլ ոչ հերոսական, այլև ինչ-որ տեղ անգամ զավեշտային էին հառնում պատերազմի ողջ ընթացքում ակտիվ գործողություններից խուսափած, թուրքական ուժերի Գլխավոր հրամանատար Սուլեյման փաշայի ճիգերը, որը չգիտես ինչու հանկարծ իրար անցած Ֆիլիպոպոլսի մատույցներում իր շուրջը հավաքելով ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր ուժերը 1878 թ. հունվարի 3-ին, 4-ին և 5-ին կատաղի դիմադրություն ցույց տվեց ռուսական զորքերին: Սակայն դատապարտվածի հուսահատությունից ձեռնարկված այս վերջին քայլն այլևս ոչինչ բեկանել ի զորու չէր և հիշատակված մարտերի արդյունքում ջախջախիչ պարտություն կրած Սուլեյման փաշայի բանակի բեկորներին գերությունից փրկեց միայն թուրքական նավատորմը` 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի ողջ ընթացքում առաջին ու վերջին անգամ իրականացնելով ըստ ամենայնի հաջողված մի գործողություն... նավերի տախտակամած վերցնելով տանուլ տված բանակի մնացորդները և բոլոր առագաստները բացած ճողոպրելով դեպի Կ. Պոլիս: Հունվարի 8-ին ռուսական առաջապահ զորամասերը ոչ մի դիմադրության չհանդիպելով` մտան Ադրիանապոլիս: 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմն ըստ էության ավարտված էր: Այսուհետ արդեն ստորև շարադրվող բոլոր գործողությունների, այդ թվում նաև ռազմական տեղաշարժերի, խթանիչները հանդիսանում էին միայն դիվանագիտական հենքի վրա փոխադարձ ներկայացվող պահանջնե րը: Հիշո՞ւմ եք դեռևս Պլևնեի անկումից հետո սուլթանը դիմեց Անգլիային` որպես միջնորդ զինադադար հաստատելու բանակցություններում հանդես գալու խնդրանքով: Լոնդոնում մեծ պատրաստակամությամբ արձագանքեցին. հո չէ՞ր կարելի թույլ տալ, որ Ռուսաստանն ամրապնդվի Բալկաններում և, Աստված մի արասցե, հանկարծ ի շահ իրեն լուծի նեղուցների հարցը: Սակայն ռուսական կառավարությունը մերժեց նման կողմնապահ երկրի միջնորդությունը և թուրքերին առաջարկեց դիմել նրանց, ովքեր շարժում են հաղթական բանակները` այսինքն հենց Ռուսաստանին: Այս վերջին առաջարկը առժամանակ կախվեց օդում և կրկին օրախնդիր դարձավ միայն ռուսական զորքերի կողմից Ադրիանապոլսի գրավումից հետո: Ասենք, սակայն, որ ռուսական և թուրքական լիազոր ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել էր դրանից դեռևս մեկ օր առաջ` հունվարի 7-ին Կազանլիկում և արդեն շարունակվել Ադրիանապոլսում: Իրենց թիկունքում զգալով Անգլիայի հուսադրող շնչառությունը, թուրքերը մերժեցին ռուսական կողմի առաջադրած պայմանները` համարելով դրանք չափից դուրս մեծ պահանջներ: Անգլիական կառավարությունը հրաման հղեց Բեզիկյան ծովախորշում խարիսխ նետած նավախմբին մտնել Դարդանել` անգլոհպատակների կյանքի և ունեցվածքի պաշտպանության պատրվակով, իսկ անգլիական խորհրդարանը ցուցադրաբար հավանություն տվեց ռազմական արտակարգ նախապատրաստություններ իրականաց նելու համար նյութական և դրամական միջոցներ տրամադրելու հարցին: Դրան ի պատասխան Ալեքսանդր II-ը հրաման արձակեց 4 լրացուցիչ պահեստային դիվիզիաների կազմավորման վերաբերյալ, իսկ ռուսական առաջապահ ուժերը մուտք գործեցին դեպի Կ. Պոլիս ճանապարհը արգելափակող Բույուկ-Չեքմեջի-Դերկոս ամրացված գոտի, որը թուրքական մայրաքաղաքից հեռու էր ընդամենը 35 վերստով: Խուսանավելու բոլոր հնարավորությունները սպառած թուրքերը վերջապես հունվարի 19-ին Ադրիանապոլսում ստորագրեցին ռուսական կողմի առաջադրած պայմաններով զինադադարի տակ: Սակայն դեռ չէր հասցրել չորանալ թանաքն այդ փաստաթղթի վրա, երբ ծայր առան ու ասես թթխմորի միջոցով սկսեցին աճել ու մեծանալ բազմապիսի լրջագույն բարդություններ: Առաջին հերթին նշենք այն, որ ամեն ինչից հավերժ դժգոհ Սերբիան և Ռումինիան բալկանյան բոլոր փոքր ու միջին պետություններին հատուկ աղմկահարույց ոճով հարայ-հրոց բարձրացրին. «Մենք ձեր կողքին այդքան արյուն թափեցինք, որ հիմա նման չնչին փոխհատուցում ստանանք»: Այստեղ առայժմ դրա տեղը չէ և միայն թռուցիկ նշենք, որ առանց բացառության Բալկանյան բոլոր պետությունների աչքում աշխարհի կեսն էլ արժևորվում է որպես «չնչին»: Ավելի լուրջ էին Անգլիայի և մասնավորապես Ավստրո-Հունգարիայի դիրքորոշումից բխող սպառնալիքները: Այս վերջինս սկսեց ընդգծված բացահայտ կերպով իր զորքերի տեղափոխումը դեպի ռուսական սահման: Փետրվարի 1-ին ծովակալ Հորնբին իր նավախումբը մտցրեց Դարդանել ու կառանեց Պրինցևյան կղզիների մոտ: Ի պատիվ ռուսական կողմի ասենք, որ բոլոր այդ սպառնալիքները մազաչափ անգամ չհարուցեցին նրանց երկյուղը, այլ ընդհակառակը` Գլխավոր Հրամանատար Նիկոլայ Նիկոլաևիչը (ավագը) ռուսական զորքերը առաջ շարժեց դեպի զինադադարով նախանշված թուրքական սահմանազատիչ գիծը, իսկ ռուսական կառավարությունը հայտարարեց, որ եթե անգլիական կողմը չդադարեցնի իր ոչ բարյացակամ քայլերը` ռուսական զորքերը կմտնեն Կ. Պոլիս: Անգլիան հապշտապ ետ քաշեց իր նավախումբը կղզիներից, իսկ ռուսական ուժերը վերադարձան ելման դիրքեր: Աբդուլ Համիդը, տեսնելով, որ ընկրկեց անգամ Անգլիան, սուս ու փուս համաձայնվեց ռուսական կողմի պահանջին` դուրս հանել թուրքական զորքերը Սան-Ստեֆանոյից (այն գտնվում էր թուրքական մայրաքաղաքից ընդամենը 10 վերստ (15 կմ) հեռավորության վրա և փաստորեն հանդիսանում էր նրա արվարձաններից մեկը-Ռ. Ա.) ռուսական զորքերի հրամանատարական մարմինները այնտեղ տեղակայելու համար: Այս ու այն կողմ անող Հորնբին կրկին հրաման ստացավ մոտենալ կղզիներին, իսկ անգլիական կառավարությունը մոբիլիզացրեց ու զենքի տակ դրեց հետևակային գրեթե մի ամբողջ բանակ: Ի պատասխան, ցարը փետրվարի 17-ին հրամայեց կազմավորել ևս 4 պահեստային դիվիզիա: Վերջապես այս ամբողջ իրարանցման վերջը դրեց փետրվարի 19-ին նույն այդ Սան-Ստեֆանոյում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հաշտության պայմանագրի ստորագրումը: Իրական իրարանցումը սակայն դեռևս նոր էր միայն սկսվելու: (Շարունակելի)

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ