ՆՅԱՐԴԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ


Այլ կերպ չես բնութագրի այն հոգեվիճակը, որի մեջ հայտնվել ենք: Ասես մի չար շունչ, տնետուն ընկած` սառեցրել է դրական այն հույզերը, որոնք մարդկանց ժպիտ էին պարգևում, խղճմտանք հարուցում, բարի կամք ներշնչում, գոհունակություն ու երախտիք արթնացնում: Մեծ ու ծանր կորուստ ենք ունեցել` հավատի, վստահության, սիրո...…

Կորցրել ու այնքան ենք մոլորվել, որ մի հարցնող էլ չի մնացել` «Բա հետո՞»: Հետոն չենք տեսնում, անցյալը չենք հիշում, ներկան էլ չենք ընկալում: Անցյալը չենք հիշում ու ապագան չենք տեսնում, որովհետև ներկան մերը չէ, ինքներս` ազգովի չենք կերտում մեր այսօրը: Սպասում ենք, որ ուրիշները մտահոգվեն-օգնեն, նախապատվություն տան, հարգեն: Բայց թույլին չե´ն հարգում: Իսկ մենք ոչ միայն թույլ ենք այսօր, այլև` անհավատ, անվստահ ու անսեր: Մեր «ինչո՞ւ»-ները օդում կախված հարցականներ են սոսկ, որոնց պատասխանը ևս օտարներից ենք սպասում: Դե, օտարների պատասխանն էլ կամ խայծ է, կամ հրահանգ, որոնց հետ ևս ոչ միշտ ու ոչ բոլորն են համամիտ: Սա արդեն` բարեբախտաբար. ազգային առողջ բնազդով ենք մերժում (կամ` փորձում ենք մերժել) օտարների թելա-դրանքները, որովհետև օտարը միայն հյուր կարող է լինել մեր տան մեջ` ցանկալի կամ անցանկալի:

Ինքնամոլոր ու գլխահակ առաջ շարժվել հնարավոր չէ, հետ գնալն անհնար է, իսկ քառորդ դար տևող տեղավազքը միայն խորացնում է ճահիճը, խտացնում դրա հատակի ամենակուլ տիղմը:

Ի՞նչ անի անճարացած ժողովուրդը, որքա՞ն սպասի այն հրաշքին, որն այդպես էլ չի թակում մեր դուռը, որքա՞ն հուսա, թե անհագ օլիգարխների ախորժակը մի օր կփակվի: Ախր փողատեր-աղքատները երբեք չեն հագենում` վերջին բացահայտումները վկա: Նրանցից ոմանք ոչ թե պետության գրպանն են մտել, այլ պետությունն են փորձում գրպանել:

Հետաքրքիր մի օրինաչափություն է ամրագրվել մեզանում. գործող պաշտոնյաներին չենք հավատում, օրենքին ու դրա ներկայացուցիչներին չե´նք վստահում: Հավատն ու վստահությունը գործով են շահում, իսկ մարդկենտրոն, ժողովրդաշահ այդ գործերը կա՞ն: Որոշ պաշտոնյաներ պաշտոնանկ արվելուց առժամանակ անց նորից են պաշտոնավարում: Տեսնես երբևէ ամոթ կամ սրտի ցավ չե՞ն զգում, երբ իրենց պաշտոնանկությամբ ուրախացնում են իրենց անմաքուր գործերը բարձրաձայնող ժողովրդին: Հերթական վերադարձի ընթացքում գոնե մտածո՞ւմ են բարի հուշի արժանի գեթ մեկ քայլ անել: Այսպիսիների մասին արդյո՞ք խիստ կլինի ասել` «Իսկ նրանք մտածել գիտե՞ն, զգալ կարողանո՞ւմ են»:

Նոր վարչապետ ունենք, շուտով նաև` նորացված կառավարություն: Սոցիալական կայքերի գրառումներից մինչ լրագրողական հրապարակումներ ու վերլուծություններ` լի են աղաղակող բազմաթիվ «մեծապատիվ թալանի» մատնացույցներով: Փաստե՞ր են դրանք, թե՞ ասեկոսեներ: Հերքումներ չկան. ուրեմն` փաստեր են: Ինչո՞ւ են անպատիժ մնում այդ թալանչիները: Լա´վ, ազգս շատ մեծահոգի է և իրեն մաշկածների դիզածը հետ չի ուզում, բայց գոնե պետական սեփականությունը վերադարձնել կարելի՞ է: Անհրաժե´շտ է: Ու դա ո´չ միայն ու ո´չ այնքան ի շահ պետության կլինի, որքան այդ խոշորամասշտաբ գրպանահատների օգտին: Դոլարա-եվրոյական տենդից կուրացած` նրանք մոռացել են, որ ուրիշից հափշտակված չե˜ն վայելում:

Կառավարության նոր ղեկավարը լավագույնս պատկերացնում է, թե որքան քայքայված ժառանգություն է ստացել: Դատելով նրա անցած ճանապարհից` գիտե նաև ինչի՞ց սկսել` շարունակականություն ապահովելու համար: Վստահ ենք, որ լավատեղյակ է հանրության սպասումներից: Իսկ գլխավոր սպասումը մեկն է` «կտրել» գողացող ձեռքը: Սեփականազուրկ մեր երկիրը սեփականատերերից կողոպտված և մաշկահան եղած մարդկանցով է լի: Առաջինների գողոնը պետք է իրական տիրոջը վերադարձվի, վերջիններիս` հավատն ամրապնդվի: Հավատը` պաշտոնյաների հանդեպ: Իսկ վստահությունն ու ինքնավստահությունը կվերադառնան, եթե մարդիկ աշխատանք և աշխատավարձ ունենան: