Չի բացառվում, որ մի օր Հայաստանը

դառնա անմարդաբնակ վայր


«Կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով` Հայաստանի համար բնապահպանական խնդիրներն ինչպես եղել են, այդպես էլ շարունա կում են մնալ բարձիթողի: Ավելին, տարեցտարի գումարվում են նորերը, իսկ հին խնդիրները գնալով խորանում են` վտանգելով Հայաստանի ապագան: Մասնագետի խոսքով` դրա պատճառներն են միջուկային էներգետիկան, հանքարդյունաբերությունը, հողի, ջրի, անտառի խնդիրները և այլն: Անշուշտ, սրանով չեն սահմանափակվում երկրում առկա էկոլոգիական խնդիրները: Բայց ամենատագնապալին այն է, որ նշված և էլի շատ այլ խնդիրների հետևանքով մենք կորցնում ենք նաև այս բնակավայրում անվտանգ ապրելու հնարավորությունը, քանի որ համառորեն շարունակում ենք կորցնել նաև մեր հողային, ջրային պաշարները, անտառային համակարգը… Այլ կերպ ասած` Հայաստանը գնալով ավերվում է, և չի բացառվում, որ մի օր Հայաստանը կարող է դառնալ անմարդաբնակ մի վայր: Ինչո՞ւ են բնապահպանների կողմից բարձրացված հարցերն այդպես էլ մնում անարձագանք, և ի՞նչ պետք է անել` թույլ չտալու համար, որ երկիրը մի օր կանգնի ամայանալու վտանգի առջև: Այս և ոլորտին վերաբերող այլ հարցերի մասին «Ավանգարդ»-ը զրուցել է կազմակերպության ղեկավար Հակոբ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ հետ:

- Որտե՞ղ են թերանում իշխանությունները, և արդյո՞ք բնապահպանական կազմակերպությունների ահազանգերն այնքան թույլ են, որ պարզապես տեղ չեն հասնում:

- Բնապահպանական կազմակերպություններից շատերը հիմնավորված ու լուրջ խնդիրներ են ներկայացնում, սակայն իշխանավորները արհամարհանքով են վերաբերվում, և առայժմ որևէ լուրջ սպառնալիք չի կանխվել: Մեկ այլ նրբություն էլ կա. այդ կազմակերպություններն իրենց ահազանգերով փորձում են կասեցնել պետական ունեցվածքի կողոպուտը և բնական միջավայրի թունավորումն ու ոչնչացումը: Ամենաթարմ օրինակը Ամուլսարի հանքերևակման շահագործման թույլտվությունն է: Այս խնդրում հասարակական կազմակերպությունների կարծիքը նույնն է. հանցագործություն է այդ հանքերևակման շահագործումը: Նրանք ցույց են տվել, որ դրա շահագործումը տնտեսապես հիմնավորված չէ և էկոլոգիական անդառնալի խնդիրներ է առաջացնելու. ծանր մետաղներով և այլ թունավոր նյութերով վարակվելու են Որոտան և Արփա գետերի ջրերը (այս երկու գետերի տարեկան հոսքը կազմում է ավելի քան 1, 3 մլրդ մ3և հողային տարածքները: Տնտեսապես չհիմնավորվածության առումով բերեմ որոշ թվեր: Ըստ Ամուլսարի հանքերևակման նախագծի` 89,4 միլիոն տոննա հանքաքարում կա 73 տոննա ոսկի և 293 տոննա արծաթ, որոնցից, հավանաբար, կկորզվի մոտ 62 տոննա ոսկի և 250 տոննա արծաթ: Ըստ նույն նախագծի` կառաջանա մոտ 89 մլն տոննա պոչանք կամ տարրալվացված թափոն և 332 մլն տոննա պարփակող ու դատարկ ապարներ: Այս թափոնների հարկման դեպքում, որպես առաջին և երրորդ դասի թափոններ, հանքերևակումը շահագործող ընկերությունը պետական գանձարան պետք է մուծի 12,5 մլրդ դոլար, մինչդեռ կորզվելիք ոսկու և արծաթի արժեքը կկազմի ընդամենը 2,5 մլրդ դոլար: Այսինքն, միայն երկու տեսակի թափոնների հարկը 5 անգամ գերազանցում է ստացվելիք եկամուտը: Իսկ եթե հարկման ենթարկվեն աղտոտվող և ոչնչացվող հողատարածքները, աղտոտվելիք ջրերը, վերացվելիք ջրագոյացման ու ջրահեռացման համակարգերը, բուսական ու կենդանական աշխարհին հասցվելիք վնասը, ապա պետական գանձարան մուծվելիք հարկը տասնյակ անգամներ կգերազանցի ստացվելիք եկամուտը: Պետական հանցագործությունը կայանում է նրանում, որ օրենսդիր և գործադիր մարմինների համատեղ ջանքերով ստեղծվել են այնպիսի օրենքներ, որոնք հանքարդյունաբերությամբ զբաղվողներին ազատում են նշված հարկերից և նրանց հնարավորություն են տալիս գերշահույթ ստանալ: Ասել է թե` ծանր մետաղներով աղտոտվում, անօգտագործելի են դառնում մեր երկրի հողային և ջրային համակարգերը, ոչնչանում են ջրագոյացման համակարգերը, և հարստանում են հանքշահագոր ծողներն ու նրանց հովանավորները: Եվ քանի որ մեր երկրում հանքարդյունաբերությունը համարվում է գերակա ճյուղ և մոտ 200 հանքերևակումներ նախատեսվում է շահագործման ենթարկել, ուրեմն կարելի է ասել, որ սխալ քաղաքականության պատճառով հայերիս ապագան հարցականի տակ է դրված: Պետք է նկատի ունենալ, որ նշված մետաղական հանքերևակումները ներառում են մեր ամբողջ ջրային համակարգը: Մեր երկրում տնտեսագիտությունը փաստորեն մեռած է, իսկ պետական քաղաքականութ յունը` ազգակործան:

- Ձեր կարծիքով, ի՞նչ հրատապ քայլեր պետք է ձեռնարկվեն` երկրին սպառնացող վտանգները բացառելու համար:

- Առաջին հերթին անհրաժեշտ է հանքարդյունաբերությունը բերել հարկային դաշտ և այն արտոնությունները, որոնք տրված են հանքարդյունաբերողներին, պետք է վերանան: Այդ դեպքում մենք ոչ թե հարյուրավոր հանքեր կունենանք, այլ` կշահագործվեն այն հանքերը միայն, որոնք ի վիճակի են իրենց ծախսերը ծածկել և օգուտ բերել: Բացի այդ հարկավոր է կտրականապես արգելել ջրագոյացման ու ջրաբաշխման համակարգերում, ինչպես նաև անտառային վայրերում հանքարդյունաբերության իրականացումը: Այժմ հանքարդյունաբերություն է իրականացվում անտառներում և անտառային տարածքներում են լցվում հանքարդյունաբերության թափոնների զգալի մասը: Շատ կարևոր եմ համարում էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականության փոխելը: Մինչև երբ չպիտի օգտագործվեն վերականգնվող էներգիայի աղբյուրները և հույսը դնել ատոմակայանի վրա: Հայտնի է, որ կեղծելով ցույց են տալիս, որ իբր նրա արտա-դրած էլեկտրաէներգիան ամենացածր ինքնարժեքն ունի: Սա բացարձակ սուտ է: Մեր պաշտոնյաները համառորեն պնդում են, որ այժմ գործող ատոմակայանի տարածքում նոր ատոմակայան պետք է կառուցվի: Այսինքն, նրանց չի հետաքրքրում այդ տարածքի սեյսմատեկտոնիկ իրավիճակը: Այդ անտարբերության հետևանքով է, որ այժմ կանգնած ենք պետականության կորստի առջև:

- Իսկ ինչ են անում բնապահպանները, ինչու՞ չեն միավորվում և համատեղ բողոքի ձայն բարձրացնում, կամ, ասենք, ինչու՞ դատական հայցեր չեն ներկայացնում, որպեսզի կանխեն իշխանությունների գործողությունները:

- Ճիշտ է, բնապահպանները համախմբված չեն, բայց խնդիրները ճիշտ են ներկայացնում: Չնայած բազմիցս դիմել են և´ դատախազությանը, և´ դատարաններ, սակայն` ապարդյուն: Ամենասոսկալին այն է, որ բնապահպանական կազմակերպությունները համատեղ ուժերով չեն պայքարում և անհատական մոտեցում են ցուցաբերում խնդիրներին: Խնդիրն այն է նաև, որ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կախված է օտարերկրյա դրամաշնորհներից, որը ծայրաստիճան վտանգավոր է: Իմ կարծիքով ՀԿ-ները պետք է ֆինանսավորվեն երկրի իշխանությունների կամ երկրի ունևորների կողմից, որպեսզի կարողանան ծառայել սեփական ազգային շահերին և նպատակներին:

- Երևանը նույնպես կարծես չի փայլում իր կանաչ տարածքներով: Բացի այդ, փոխվել է նաև մայրաքաղաքի էկոլոգիան: Չկա քաղաքը շրջապատող բուֆերային կանաչ գոտին, չնայած ամեն տարի հարյուրավոր ծառեր են տնկվում, բայց դրանք ինչպես տնկվում են, այդպես էլ վերանում են:

- Խոսելով Երևանի մասին, ասեմ, որ ավելի քան 5 հազար հեկտար վարելահողեր, այգիներ բացարձակորեն չհիմնավորված կերպով տեղափոխեցին Երևան քաղաքի հաշվեկշիռ` բուֆերային հողեր անվամբ: Հետագայում պարզվեց, որ այդ հողերը կարելի է օգտագործել արդյունաբերական նպատակներով: Մայրաքաղաքի կանաչ տարածքների մասին խոսելիս թեև ասում են, որ դրանք շատացել են, բայց իրականում դրանք «շատացել» են գերեզմանոցների հաշվին, երբ գերեզմանոցներում բույսերի աճը գիտակցաբար կանխում են. շիրիմի վրա պոլիէթիլենի հաստ թաղանթ են փռում և վրան խիճ լցնում: Հարուստները` մարմարի, իսկ միջին խավը` բազալտի խիճ: Տպավորություն է ստեղծվում, որ բույսերի նկատմամբ ատելություն է ձևավորվում:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ