92 %-ը զրկված է մաքուր օդից


Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության նախազգուշացումն է սա և վերաբերում է մոլորակի բնակչությանը. երկրագնդի ամեն 10 բնակչից 9-ը ապրում է ծայրահեղ աղտոտված օդ ունեցող տարածաշրջաններում:

Համաձայն ԱՀԿ զեկույցի` իրավիճակն առավել վատթար է Հարավ-Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան հարավային հատվածում. այդ թվում` Չինաստանում, Մալայզիայում և Վիետնամում:

Վերջին տվյալները բավական են, որ «մենք բոլորս անհանգստանանք»` հայտարարել է ԱՀԿ հանրային առողջապահության և շրջակա միջավայրի դեպարտամենտի տնօրեն Մարիա Նեյրան:

Խնդիրն ավելի սուր է քաղաքներում, սակայն գյուղական վայրերում շատ ավելի վատ է, քան կարծում են շատերը: Կազմակերպության արձանագրած տվյալներով` աշխարհում յուրաքանչյուր 9-րդի մահվան պատճառն օդի աղտոտվածությունն է. իհարկե, նաև` շինությունների ներսում: Այս հիմնախնդիրը պակաս վտանգավոր չէ հատկապես աղքատ երկրներում, ուր մինչ օրս սննդի պատրաստման համար ածուխ է օգտագործվում:

Ի դեպ, փորձագետների գնահատմամբ, 2012 թ. մթնոլորտի աղտոտվածության հետևանքով մահացել է շուրջ 3 միլիոն մարդ: (bbc):