Անկախության զավակները` դասականության ջահակիր


ՀՀ անկախության հռչակման 25-ամյակի նշանավորմանը միտված բազմաբազում միջոցառումների համանվագում իրենց հնչողությամբ առանձնացան մշակութային մի քանի մեծածավալ նախագծեր: Առաջիններից մեկը` ՀՀ մարզերի և Արցախի` մոտ 700 պատանի և երիտասարդ երաժիշտ կատարողներով ձևավորված «Անկախության սերունդ» երգչախումբ-նվագախմբի նորահայտնությունն էր: Համահայաստանյան այս համույթին վստահվել էր սեպտեմբերի 21-ի տոնական հանդիսությունների գլխավոր դերակատարությունը: Անթաքույց էր պաշտոնական այս արտասովոր նախաձեռնության հետամտած նպատակը:

25-ամյա նորակառույց երկրի մատաղ սերնդի երաժիշտների մեծաթիվ հավաքականությամբ հրապարակավ ներկայացնել անկախության զավակների բնատուր շնորհների հուսադրող ներուժը և հավաստել հայ երաժշտարվեստի հնամենի ջահն անմար պահելու պիտանիությունը: Անկախության ծնունդ Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի մտահղացմամբ, փաստորեն, միավորվեցին 10-25 տարեկան հարյուրավոր շնորհալի հայ պատանիներ ու աղջիկներ: Տավուշի Լուսաձոր գյուղից ընտրված 18-ամյա ջութակահարուհի Ստելլա Սարդարյանի ցնծությանը չափ ու սահման չկա:

- «Անկախության սերունդ» նվագախմբում ներգրավվելու մասին երազել անգամ չէի կարող,- հորդառատ զգացմունքները չի թաքցնում իր գործիքին սիրահարված բազմանդամ ընտանիքի միակ երաժիշտ զավակը:- Մտքիս ծայրով իսկ չի անցել: Ինձ տրված առաջին հնարավորությունն էր նվագախմբի կազմում հանդես գալու: Մեծ պատիվ և միաժամանակ հույս, որ կարող եմ բարձրակարգ մասնագիտացմանս հետ հույսեր կապել:

Կոլեկտիվ ստեղծագործության այս նորահնար տիրույթում աննկատ մտերմացան շատերը: «Անկախության ձայներ» Լիլին, Դանիելն ու Մանեն չեն էլ պատկերացնում, որ իրենց սերնդին վստահված կարևորագույն այս համերգից հետո այլևս միասին չեն վայելելու նախահամերգային փորձերի տոնական մթնոլորտը: Իսկ Ասկերանից ժամանած «անկախ արցախցի» Մելինեն ՀՀ անկախության և իր ծննդյան միաձույլ տարեդարձը նշում է հետնաբեմում` իր նորահայտ արվեստակից ընկերների հետ ու հպարտությամբ պատրաստվում է լիարժեք տոնել համերգահարթակի վրա:

Պետության կողմից երիտասարդ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի դասական մտա-հղացման լիարժեք կենսագործման պատրաստակամությունն ամենքին էր խանդավառել: Պատվաբեր, բայց և չափազանց պատասխանատու իրենց մենահամերգին ամենայն լրջությամբ խնամքով նախապատրաստվել էին վաղօրոք, մնում էր անմիջական փոխշփումներով հասնել կատարողական համախոհ ներդաշնակության: Ներկայացուցչական հանդիսասրահում ոչ միայն իրենց հմտությունների, այլև հայ կոմպոզիտորա կան արվեստի արժանավորությունն էին հաստատելու հատկապես այլազգի բազմաթիվ հյուրերի համար: Չէ՞ որ համերգային երկացանկում բացառապես հայկական երաժշտակտավներ էին ներառված:

- Վստահ եմ, որ մեր համերգից հետո շատ ընտանիքներում իրենց երեխաներին երաժշտական կրթության տալու որոշում կկայացնեն,- չի երկնչում բարձրաձայնել այս բարդագույն ստեղծագործական քուրայում թրծված 22-ամյա գյումրեցի ալտահար Եղիա Անսուրյանը: - Հույս ունեմ, որ ՀՀ անկախության 30-ամյակին առավել ընդլայնված կլինեն այս ծրագրի շրջանակները, և մեր երիտասարդական պատկառելի ներուժի մասին կիրազեկվեն աշխարհի տարբեր ծագերում, քանի որ երաժշտությունն այն լեզուն է, որը հասկանում են անկախ ազգությունից:

Երիտասարդականի գեղագիտական առաջնորդն ինքն առանձնակի կարևորում է այն իրողությունը, որ իր երիտասարդ հայրենիքը ծննդյան քառորդ դարը նշում է դասական երաժշտության մեծաշուք համերգով: Դատելով Երևանի մարզահամերգային համալիրի հոբելյանական մենահամերգի ջերմ ընդունելությունից` հույս է հայտնում, որ միասնաբար, ի լուր աշխարհի, իրենք կարողացան հավաստել մեր նորանկախ հայրենիքի կատարողական պատկառելի ներուժի և հայ երաժշտության ինքնահատուկ թովչանքի մասին: Ավելին, դասականության վերադարձի իրատեսական նոր հույսեր ներշնչեցին իրենց ուսուցիչներին, ավագ սերնդի նրբաճաշակ ունկնդիրներին:

Ստացվեց նաև համերգային երեկոյի անակնկալը. հնչեց ավստրիաբնակ Վիկ Զարդմանի «Աստված օրհնի Հայաստանը» սիմֆոնիկ պատկերը` նվիրված ՀՀ անկախութ յան 25-ամյակին: Եվ մեն մի հոբելյանական համերգով մերօրյա խայտաբղետ երաժշտական խճանկարում մեկ անգամ ևս հաստատվեց բարձր արվեստի անգերազանցելի հմայքը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ