Աստղային ընտանիքի փլուզումը


Փիթն ու Ջոլին փաստաթղթավորեցին իրենց ամուսնալուծությունը: Դա, իհարկե, չէր կարող հանրության քննարկման թեմա չդառնալ: Բայց հետաքրքրասիրության ջրաղացի ջուրն է´լ ավելի առատացավ, երբ Բրեդն իրենց ընտանեկան կյանքը (արդեն` նախկին) որակեց որպես հոգեբուժարան, իսկ նրանց մտերիմներն ու դայակները, տնային աշխատողները պատմեցին տանն իշխող արտառոց մթնոլորտի մասին: Ամուսնալուծվելուց հետո նախկին ամուսինների կողմից միմյանց վրա ցեխ շպրտելը գուցեև տարօրինակ չէ, բայց աշխարհահռչակ զույգը պիտի որ տարբերվեր:

Հարցազրույցներից մեկում Ջոլիի հետ համատեղ կյանքը Փիթը համեմատել է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի հետ, որտեղ դեպքերը զարգանում են հոգեբուժարա նում: Դերասանի պնդմամբ` առավոտներն իրենց տունը հենց այդպիսին էր:

Մտերիմներն էլ պատմել են, որ աստղային զույգի երեխաներն անդաստիարակ են. նրանք երբեք դպրոց չեն գնացել ու այդ պատճառով լուրջ խնդիրներ ունեն հասակակիցների հետ հարաբերություններում: Ասում են` երեխաներին զինվորական գոտիներ և գաղթյալների ճամբարներ տանելը Ջոլին համարել է օգտակար` նրանց զարգացման համար…

Վաղուց էր խոսվում այս զույգի բաժանվելու մասին: Եվ անցյալ շաբաթ դա իրականություն դարձավ. ամուսնալուծության հայցը ներկայացրել է Ջոլին` որպես պատճառ նշելով երեխաների դաստիարակության հարցում հայացքների տարբերությունը: Իմանալով հայցադիմումի մասին` Փիթը կատաղել է և ասել, որ Անջելինան բացել է դժոխքի դռները (տեղեկացրել է The DΖily MΖil թերթը):

Տեղեկացվում է նաև, որ ամուսնալուծության պատճառներից մեկն էլ այն է, որ Փիթը չարաշահում է ալկոհոլն ու մարիխուանան: Նաև` խանդը, որը տառապեցրել է Ջոլիին:

Բրեդ Փիթի նախկին կինը` Ջենիֆեր Էնիսթոնը, այս ամուսնալուծությունը ճակատագիր է համարում:

Երբեմնի ամուսինների միջև թեժ պայքար է` երեխաների համար: Հիշեցնենք, որ նրանց 6 երեխաներից 3-ն իրենց են, 3-ը` որդեգրված: Որպես անարժան հայր լինելու հիմնավորում` Անժելինա Ջոլին պնդում է, որ հոլիվուդյան աստղ իր ամուսինը հաճախ ծեծել է երեխաներին: