ՆԱԽԱՐԱՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է


 

Ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունները, որոնք անցնում են ողջ հանրապետությունում, ի հայտ են բերել բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը լուծելու համար տարիներ ու ահռելի ֆինանսական միջոցներ են հարկավոր:

Նախարար Արմեն Աշոտյանն, օրինակ, անդրադարձել է մի շատ կարևոր խնդրի.

- Աշակերտների քանակը, ցավոք,  նվազել է, ուսուցիչները գրեթե չեն պակասել: Ընդհանուր առմամբ հանրապետությունում, եթե ըստ աշակերտների թվի համեմատենք մանկավարժական հաստիքները, ապա ավելի քան 8500 մանկավարժների ավելցուկ ունենք: Սակայն մենք  դպրոցների տնօրեններին հորդորում ենք, հաշվի առնելով սոցիալական պատասխանատվությունը, կրճատումնե րի ճանապարհով չգնալ: Նման պայմաններում  դպրոցների տնօրեններից կառավարչական լրացուցիչ հմտություններ են պահանջվում`  խնդիրներին համալիր և օպտիմալ լուծում տալու նպատակով:

8500 մանկավարժի ավելցուկ դպրոցներում, իսկ որքան են նրանք, ովքեր մանկավարժական կրթություն ստանալով, այդպես էլ չեն կարողանում դպրոց մտնել: Նախարարը հայտարարում է, որ իրենք չեն կարող կրճատել մանկավարժական բուհերում տեղերը, որովհետև կրթություն ստանալու իրավունքը ամրագրված է օրենսդրությամբ: Եվ նախարարի հետ չի կարելի չհամաձայնել: Սակայն ժամանակն է, որ հատկապես մանկավարժական կրթություն ապահովող բուհերը հանդես գան առաջարկություններով, կարևորեն նպատակային ուսուցման հիմնասկզբունքները` ուսանողներ ընդունելով ուղեգրերով, քանի որ մի շարք գյուղերում էլ տարբեր առարկաների ուսուցիչների դեֆիցիտ կա:

Որքան էլ դրական է միասնական քննությունների սկզբունքը, այնուհանդերձ պետք է առանձնացվեն նպատակային ուսուցման ընդունելության քննությունները, պետք է գյուղական համայնքնե րից ուղեգրերով մանկավարժական բուհեր դիմողներն օգտվեն որոշակի արտոնություններից: Մեր երկրի իշխանությունները չեն սիրում արտոնություն բառը: Նրանց թվում է, թե արտոնությունը միայն ինչ-որ խմբի համար է, ուստի, երբ օգտագործվում է այս բառը, շատերը փակում են ականջները: Մինչդեռ հարկավոր է նաև կրթության ոլորտում արտոնություններ սահմանել, որպեսզի մայրաքաղաքում և այլ քաղաքներում կադրերի կուտակումներ չլինեն, իսկ շատ գյուղական համայնքներ էլ զրկվեն մասնագետ մանկավարժներից:

Լ.Մ.