Թուրքական տագնապներ


 

«Թուրքիան չի դիմանա, եթե ներքաշվի պատերազմի մեջ» վերնագրով հրապարակումը որպես իրական ահազանգ կարելի է համարել` թեև դժվար է ընկալել, թե հատկապես ո՞ւմ է դա ուղղված. թուրք ժողովրդին կամ իշխանություններին, Իսրայելին ու Իրանի՞ն, միջազգային հանրությա՞նն ընդհանրապես...… Իսկ գուցե պարզապես թուրքական SΖbΖh-ը հանրային կարծիք է փորձում ձևավորել կամ ժողովրդին նախապատրաստել առաջիկայում տարածքներ զոհաբերելու անխուսափելի իրողությանը:

- Ես չես վախենում թուրք-սիրիական պատերազմից: Այսպես թե այնպես` Ասադը տապալվելու է: Նա ավելի կատաղի դիմադրություն է ցուցաբերում, քան Մաումարը կամ Հոսնին, բայց նրան անխուսափելիորեն սպասում է պատմության աղբազամբյուղը: Թուրքական բանակը կհաղթի Սիրիային, այդ հաղթանակը մեզ համար կարժենա մի քանի հարյուր զոհեր, դրամի արժեզրկում, մեր հայրենիքը շատ բան կկորցնի, բայց մենք չենք տապալվի,- փիլիսոփայում է հրապարակման հեղինակ Էնգին Արդիչը:

Բայց նա սարսափած է Իսրայելի և Իրանի միջև ծագելիք պատերազմից, որի դեպքում`

- Ակնթարթորեն կատակը բոցերի կվերածվի, և մենք վայրկենապես կհայտնվենք ռուս-ամերիկյան պատերազմի կրակում:

Արդիչը համացանցում կարդացել է, որ Իսրայելն Իրանին կհարվածի սեպտեմբերին` ենթադրելով, որ «պատերազմը կտևի 30 օր»: Համոզմունք հայտնելով, որ գրոհի դեպքում «բարոյական առաքելություն» կունենա Իրանը, թուրք վերլուծաբանը հետաքրքիր զուգահեռներ է մեջբերում պատմությունից.

- Այդպես էին մտածում և 1914 թ.: Օգոստոսին ասում էին` «Ծննդյան տոներին կավարտվի». այսինքն, պատերազմը չպետք է երկարաձգվեր մինչև 1915 թվականը: Այդուհանդերձ, պատերազմն ավարտվեց միայն 1918-ի նոյեմբերին:

Իսկ նրա հետ իրենց գոյությունն ավարտեցին 3 կայսրություններ` Գերմանական, Ավստրիական և Օսմանյան:

Փաստերի լեզվով խոսող հռետորն իհարկե, «մոռանում» է նշել, որ նույն այդ` 1-ին աշխարհամարտի երկարաձգումը նաև իր երկրի նախահայր Օսմանյան կայսրության սրտով էր: Չերկարաձգվեր պատերազմը, իր արնախում հայրերը կհասցնեի՞ն ցեղասպանել հայերին և տիրանալ նրանց հայրենիքին ու ունեցվածքին:

Սակայն մի ժլատ նախադասությամբ անդրադառնում է ելուզակներից մեկին.

- Պատմությունը չի ների այդ խաղասեղանին խաղագումար դնողին, ինչպես մենք չենք ներել Էնվերին ու նրա «համախոհներին»:

Թե ուրիշ ի՞նչ հանցանք է կատարել Էնվերը` չի մանրամասնվում: Իսկ ինչ վերաբերում է այդ «խաղասեղանին», դա հետևյալն է.

- Կարծիք է հայտնվել, որ երրորդ համաշխարհային պատերազմը շատ կարճ կլինի: Իսկ եթե ո՞չ: Այդ դեպքում սոցիալիզմ կգա՞: Հազի´վ թե: Բայց Թուրքիան կվերանա: Մեզ բոլորիս լավ հայտնի է, որ Թուրքիան չի դիմանա: Եվ տասնյակ հազարավոր զոհեր կլինեն: Մենք ինչով ապրել ենք, դրանով էլ կապրենք, բայց երիտասարդ սերունդը մեղք է:

Իսկ գուցե Թուրքիայի վերանալով` այդ երիտասարդ սերունդն իմաստնանա և զարհուրի արյան հոտից (Հայի´ արյան)´ և վերջապես կամ ստիպված հաշվի նստի պատմության հետ…

Բայց ամփոփենք հռետորի տագնապները.

- Գուցեև երբ լիբերալ մտավորականությունը խոսում է «հեղաշրջման մասին, որը մեզ շատ ցավեր կբերի»` նկատի ունի համաշխարհային պատերազմը, որի համար առիթ կարող է ծառայել Իսրայել-Իրան ընդհարո՞ւմը: Կամ «տեղական» մասշտաբի այնպիսի իրադարձություն, ինչպիսին Թուրքիայի պարտությունն է կամ տարածքային կորուստը` Քուրդիստանի կազմավորմա՞մբ: