ՀՈԳՎՈՒՅՍ ԿԻՐԱԿԻ


 

«Սկզբում էր Բանը. և Բանն Աստծո մոտ էր. և Բանն Աստված էր: ...Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհաննես 1:1, 44)

Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն այդ Բանը ներկայացրեց մեզ: Երկու հազարամյակ անց որքանո՞վ է մարդկությունն ապրում Տիրոջ բերած պատգամներով, և առօրյայում մարդու արարածն ինչքանո՞վ է թույլ տալիս Կենդանի Աստծո գործունեությունն իր կյանքում: Որքանո՞վ է մերօրյա մարդն իր հոգու քաղցը հագեցնում Երկնքից իջած մանանայով` Երկնային հացով և որքանով է օգտվում խավարը ցրելու նպատակով աշխարհ եկած այդ Լույսից:

Այս և նմանատիպ հարցերի մասին է խորհրդածում լրագրող Անահիտ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

«Վասնզի ամենքդ` որ Քրիստոսումը մկրտվեցաք, Քրիստոսին հագած եք» (Գաղ. Գ 27)

Ամռան պայծառ կիրակնօրյա առավոտներից էր: Արթնացա` մտքումս նախորդ գիշեր կարդացած Ավետարանական վերոնշյալ տողը անընդհատ կրկնելով` «Ես Քրիստոսին հագած եմ»: Սթափվեցի: Իսկապե՞ս այդպես է, ուզում եմ հավատալ:

Գնացի եկեղեցի, ինչո՞ւ` չգիտեմ: Ասում են կիրակի օրերին պետք է այցելել եկեղեցի, աղոթել, Աստծուց խնդրել բժշկություն, բարեկեցություն` քո և հարազատներիդ համար, մոմ վառել կամ չվառել, լսել պատարագ, հաղորդակցվել Աստծո հետ:

Ինձ ուղեկցում է նույն դոմինանտ միտքը` Ես Քրիստոսին հագած եմ:

Ի՞նչ է, տանը չե՞մ կարող աղոթել, կամ հաղորդակցվել Աստծո հետ: Չէ˜, այնտեղ Աստծո Հոգին է, Աստծո ներկայությունը. «...Որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը: Տերն ասել է, թե մառախուղում է բնակվում»: (Գ Թագավորաց 11-13)

Մտա Տիրոջ տունը` եկեղեցի:

Այս մարդիկ ինչո՞ւ են այսքան տրտմած: Տեսնես ի՞նչ են ուզում: Ախր, մենք պաշտում ենք հարուցյալ, փառավորյալ Հիսուս Քրիստոսին: Մենք գենետիկորեն արդեն հարուցյալ, փառավորյալ ազգ ենք: Երբ Հիսուսը խաչի վրա մահացավ, մեր նախա-նախապապերի հետ մենք էլ գենետիկորեն նրա մեջ էինք, և Իրեն բոլոր հավատացողների մեղքերը Նա գամեց խաչին: Մենք քրիստոնյա ենք և այժմ էլ հարուցյալ Քրիստոսի մեջ ենք:

Անցել ենք Խաչի մահը. մեր նախնիները դավանափոխ չլինելով` տեսան եղեռն, հետո ազգս անցավ երկրաշարժի և պատերազմների միջով: Այժմ մենք Հարուցյալ Քրիստոսի մեջ ենք:

Ցնծանք և ուրախանանք, որովհետև հիմա էլ Քրիստոսին հագած ենք:

«Էլ մահն ո՞ւմ շունն է» - կասեր ազգիս բանաստեղծներից Հ. Սահյանը:

Իսկ ես կասեմ «Էլ ֆինանսական ճգնաժամն ո՞ւմ շունն է»:

...Երգչախումբը շարունակում է երգել Մաշտոց, Շնորհալի, իսկ իմ հոգին` Քրիստոսին հագած ցնծում է` «Սուրբ, Սուրբ, Սուրբ», ձուլվում Աստծո Հոգու մեջ և փառավորում Նրան: Փառավորում, որ Խաչի վրա հաղթեց մահին, «Ամեն բան կատարվեցավ», և ինձ տրվեց մի կաթիլ Լույս` «սթափվեցեք և արդար կյանք վարեցեք, մի´ մեղանչեցեք» (Ա Կորնթ. 15:34):

Այո, գիտեմ, Աստված ամենուրեք է, և ամեն բան Նրանով եղավ, բայց որ ես հարստացա մի կաթիլ Լույսով` ինձ համար ակնհայտ դարձավ երևանյան շոգ ու աղմկոտ փողոց դուրս գալուց հետո: Ամառային տոթից բացօթյա սրճարաններում պատսպարվող մարդիկ երևի դեռևս շարունակում են կուսակցություններից կամ աղետներից խոսել, քննարկել և քննադատել այս կամ այն նախագահին: Ես անցնում եմ նրանց կողքով ու մտածում` դե, զբաղվում են էլի, ուրախանում իրենց վերլուծություններով: Մինչդեռ. «Ես իմ սիրտը տվի, որ որոնեմ և քննեմ իմաստությամբ ամեն ինչ, որ գործվում է երկնքի տակ. սա մի չարաչար զբաղմունք է, որ Աստված տվել է մարդկանց որդիներին, որ նորանով զբաղվին» (Ժողովող. Ա:13):