Տագնապահարույց վիճակագրություն

Մանկապիղծները գլուխ են բարձրացրել


 

Ներկայացվող վիճակագրությունը, որի շուրջ ծավալվելու է խոսակցությունը, առավել քան մտահոգիչ է. այս տարի ավելացել են սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը: Ու մինչ մասնագետները փորձում են պարզել այս երևույթը ծնող և վերջին շրջանում դրա «աշխուժացման» պատճառները, մեր շրջապատում արձանագր վում են նորանոր դեպքեր` մեկը մյուսից զազրելի դրսևորումներով:

Հերթական ահազանգը օգոստոսի 25-ի գիշերն էր: Երևանին մերձակա բնակավայրերից մեկի իններորդ դասարանի աշակերտուհին` 16-ամյա Հ.-ն, օրեր շարունակ փորձել էր մոռանալ իր հետ տեղի ունեցածը, ցանկացել էր գաղտնիքն իր մեջ պարփակել, հարազատներին չպատմել ամոթալի դեպքի մասին, չխախտել ընտանիքի անդորրը: Աղջիկը ջանացել էր հիշողությունից մեկընդմիշտ ջնջել կատարվածի քստմնելի մանրամասները, բայց տասը օրից ավելի չէր կարողացել դիմանալ: Վերջապես, տասնմեկերորդ օրվա երեկոյան մի կողմ էր վանել ամոթխածությունը և տեղի ունեցածը լացակումած ներկայացրել մորը:

Փոթորկվել էր մայրական հոգին, զայրույթն ու ցասումը գլուխ էին բարձրացրել, ու մայրը չէր էլ սպասել լույսը բացվելուն: Կեսգիշերն անց, բավականին երկար ճանապարհը ոտքով կտրելով, հասել էր ոստիկանություն և հայտարարություն տվել, որ ամուսնու մորեղբայրը` 55-ամյա Խ.-ն, օգոստոսի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, իր տան մեջ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահաս դստեր նկատմամբ:

Առանց այդ էլ ամեն տեսակ սթրեսներից գլուխ չբարձրացնող մեր հասարակությունը դեռ չէր հասցրել թոթափել Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի ուսուցչի, հանքերի և ագարակների տեր Սերոբ Տեր-Պողոսյան մանկապիղծի, իսկ ամիսներ առաջ էլ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի գյուղապետ-ուսուցիչ Ազատ Ղուկասյանի հեղինակած անբարո արարքները: Իսկ հիմա էլ մեր այսօրվա խոսակցության նյութ «եքա էշ» մորեղբորորդի Խ.-ն...

Ցուցակը դեռ էլի կարելի է շարունակել, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում մամուլում բազմաթիվ անուններ ու դեպքեր են շրջանառվում, իսկ հանցանք կատարածների նկատմամբ խստացումների սկիզբն այդպես էլ չի երևում: Ե՞րբ պետք է այսօրինակ նողկալի անձանց նկատմամբ մեր պետությունը խիստ պատիժ սահմանի: Այնպիսի պատիժ, որի ահից սարսափեն ապագա Սերոբները, ազատները, խ.-երը և սրանց դեռևս ծպտված մյուս համախոհ-համակիրները: Այլապես, ինչ է ստացվում, տասնյակ տղաների ճակատագրերի հետ անբարո խաղեր խաղացած սերոբի պատժաչափի մի մասն անցնում է հոգատարությամբ ու կարեկցանքով շրջապատված միջավայրում` հիվանդանոցներում և վիրահատարաններում, Հարթաշենի դպրոցի դասարանում 14-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած (դարձյալ «եքա էշ») ուսուցիչ-գյուղապետի դատավարության ավարտն ասես չի էլ երևում ու հիմա էլ գործընթացը միջնորդությունների փուլում է, և Ազատ Ղուկասյանին քիչ է մնում հերոսացնեն, ներողություն խնդրեն անհանգստացնելու համար և հենց դատարանի դահլիճից անհապաղ ազատ արձակեն: Նրա ազատության համար ջանացողները, մոռանալով ստահակի հեղինակած եղկելի արարքը, առանց խղճի խայթի ու ամոթի, որտեղից որտեղ թղթերում փնտրել-գտել և դատարանին միջնորդություն են ներկայացրել, որ հայրենիքին մատուցած ծառայությունների համար այս գյուղապետ-ուսուցիչը պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ «Ծովակալ Իսակով», «Անդրանիկ Օզանյան» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» (՞) մեդալներով:

Սա արդեն բարոյական չէ: Մանկապիղծի ազատության համար ջանացողները ինչպե՞ս կտանեին այն իրողությունը, եթե ասենք, Նաիրի Հունանյանին ազատ արձակելու պահանջով դատարան ներկայացնեին փաստաթղթեր, որ հայրենիքի դավաճանը մի շարք անգամներ մասնակցել է դպրոցական օլիմպիադաների և հաղթող է ճանաչվել, որ ունի բազմաթիվ պատվոգրեր, տիրապետում է մի քանի լեզուների...

Բերված երկու օրինակների միջև ոչ մի տարբերություն չկա: Հանցանքը պետք է պատժվի, իսկ բանական մարդու ուղեղին խորթ ու անհասկանալի մանկապղծության հանցանքին հարկավոր է խիստ և համարժեք պատիժ, որպեսզի վիճակագրությունը տագնապի մեջ չպահի հասարակությանը: