ՌԻԺԿՈՎՆ ՕԳՆԵՑ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱՑԻՆ


 

Օգոստոսի 21-ին Աշոցքի նախկին վարչական շրջանի Թորոս գյուղում, մոսկվացի Վալերի Ռուդակովի ընտանիքի բարերարությամբ, հիմնանորոգումից հետո հանդիսավոր վերաբացվեց մշակույթի տունը: Վերջինս համայնքային ավագանու որոշմամբ կոչվել է գյուղի մեկ այլ ռուս բարեկամի` Սերգեյ Բոնդարենկոյի անվամբ: Նշված երկու անձինք, ժամանակին լինելով մեկը ԽՍՀՄ նախարար, մյուսը` «Գլավալմազզոլոտո» միութենական շինարարական տրեստի կառավարիչ, այս շրջանում ղեկավարել են Գոգահովիտ, Թորոս և Արփենի գյուղերի շինարարական-վերականգնողական աշխատանքներն ու, կարելի է ասել, ամեն ինչ հասցրել են ավարտել: Այդ ժամանակ է կառուցվել նաև Թորոս գյուղի մշակույթի տունը, իսկ բնակիչների հիմնական մասը տեղափոխվել ու սկսել է ապրել նրանց կառուցած երկհարկ նոր բնակարաններում:

Թորոսի մշակույթի տան խնդիրներով զբաղվել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովը, ում խնդրանքով էլ հատկացվել են ֆինանսական միջոցները: Ուրախալի է, որ Ռիժկովը չի մոռանում Հայաստանը, իսկ Հայաստանն էլ չի մոռանում Ռիժկովին: Բայց զարմանալին այն է, որ Թորոս գյուղի նախկին պիոներական ճամբարը ջրի գնով սեփականաշնորհած Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի վարչության պետ Սահակ Մինասյանը, ով բավական ֆինանսական միջոցներ ունի, գրեթե ամեն օր անցնելով մշակույթի տան կողքով` երբևէ չի մտածել այն վերանորոգելու մասին... Իսկ ցանկության դեպքում` նա դա կարող էր: Գուցե շիրակցիներից շատերի հոգեբանության մեջ այնքան է արմատավորվել ուզվորի բարդույթը, որ չեն ուզում հրաժարվել ուրիշների բարեգործությունից: