ՉԱՓԱՎՈՐ ԱՆԿՈՒՄ


Այս անգամ հոռետեսների կանխատեսումներն իրականացան: Խոշոր հարկատուների առաջին երեքհարյուրյակն ու նրանց վճարած հարկաչափերն ամփոփող Պետեկամուտների կոմիտեի հրապարակած երկրորդ եռամսյակի արդյունքները փաստում են, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը լրջագույն հարված է հասցրել հայրենի տնտեսությանը: Այն բարեբախտաբար ջախջախիչ չի եղել, և ինչպես Հանրապետության վարչապետն օրերս գնահատեց` տնտեսական անկման 16 տոկոսը գերազանցած ցուցանիշը նախնական կանխատեսումներով 20 տոկոսի սահմաններում պետք է լիներ: Իսկ մինչ այդ լավատեսության որոշակի տարրեր կարելի է գտնել նաև հարկատուների ցուցակում: Այստեղ, ինչպես սովորաբար, առավել ուշագրավ են առաջին-երկրորդ տասնյակում տեղ զբաղեցրած կազմակերպությունների գործունեության արդյունքներն ու հետագա զարգացումների մասով ուրվագծվող միտումները: Հպանցիկ հայացքն արդեն պարզորոշ է դարձնում, որ ֆինանսատնտեսական դժվարություններից ամենաշատը Զանգեզուրի պղնձագործներն են տուժել: Եվ եթե նախկինում Սյունիքի մարզում գործող մի քանի հանրահայտ ձեռնարկություններն ուղղակիորեն գլխավորում էին խոշոր հարկատուների ցուցակը, ապա այս անգամ նրանց չի հաջողվել նույնիսկ առաջատարների երեքհարյուրյակում տեղ զբաղեցնել: Համենայն դեպս, նախորդող ամիսների պարապուրդն այսպիսի վիճակագրություն է արձանագրել: Այսուհանդերձ, փոքր չեն հույսերը, որ վերջերս վերագործարկված ձեռնարկությունները հաջորդ եռամսյակային ամփոփման տվյալներով եթե ոչ ամբողջովին, ապա գոնե մասնակիորեն վերականգնած կլինեն խոշոր հարկատու լինելու պատվաբեր կարգավիճակը: Իսկ մինչ այդ առաջատարի դափնին ինքնաբերաբար «ՀայՌուսգազարդին» է բաժին հասել: Թեպետ ամփոփումը ապրիլ-հունիս ժամանակահատվածն է ընդգրկում (ինչը տրամաբանորեն անբարենպաստ պետք է եղած լիներ շահութաբեր ձմեռը հետևում թողած գազամատակարար ընկերության համար), սակայն նախորդից 700 միլիոն դրամ պակաս վճարած «ՀայՌուսգազարդն» իսկապես ինքնաբերաբար է առաջատարի դափնին նվաճել: Ամենայն հավանականությամբ այստեղ կարևոր նշանակություն է ունեցել նաև գազի սակագնի թանկացման իրողությունը, ինչը տեղի ունեցավ ճիշտ նույն ապրիլի 1-ից: Չնայած բենզին ներկրող ընկերություններն էլ իրենց հերթին են նշված ամիսներին սակագները շարունակաբար վերանայել, այնուամենայնիվ վերջիններս էլ այս հարցում զարմանալի համերաշխություն են ցուցաբերել` նվազեցնելով հարկային վճարումները: Առավելագույնը, ինչը հաջողվել է նրանց, առաջատարների տասնյակում իրենց տեղերը պահպանելն է: Բենզին ներկրողներին ավելի ստորին հորիզոնականներ նահանջելուց «պաշտպանել» է միայն այն իրողությունը, որ վճարումների կրճատում բոլորի ձեռնարկություններում է արձանագրվել: Եթե պնդենք, թե հանրապետության ազգաբնակչությունը վերջին ամիսներին ավելի քիչ է սկսել ծխել` մեծապես սխալված կլինենք: Մեր ժամանակներում վնասակար այդ սովորույթից չհրաժարվելու հազար ու մի պատճառ կարելի է գտնել: Սակայն, զարմանալիորեն այդ նույն ժամանակահատվածում մանրածախ գինն ի վնաս սպառողի վերանայած ծխախոտ ներկրող ընկերություններն էլ իրենց հերթին են հարկային հայտարարագրերում անուղղակիորեն արձանագրել ճգնաժամի ազդեցությունը: Մնում է մխիթարվել միայն այն իրողությամբ, որ ինչպես ճգնաժամի ազդեցությունն ընդհանրապես, այնպես էլ խոշոր հարկատուների ցանկում արձանագրված վճարաչափերի նվազումը տանելիության սահմաններում են: Ասել է թե` երկու դեպքում էլ անկումը վաղօրոք կանխատեսվածի սահմաններում է: