Հա՞ որ...


ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ արարածներ են ադրբեջանցիները: Վերջերս հայտնի է դարձել, որ այս երկրից արտահանվող զանազան խմիչքների պիտակների վրա տեղի գործարարները որոշել ու Ադրբեջանի քարտեզն են պատկերել: Մեր ժամանակներում, երբ շարունակ նորանոր հնարքներ է պետք մոգոնել ապրանքանիշի վարկն ապահովելու և վաճառքը խթանելու համար, առաջին հայացքից մտահղացումն իհարկե ինքնատիպ է: Մինչև անգամ այն կարող է աշխարհի տարբեր երկրներում ապրող ադրբեջանցիների ազգային ինքնագիտակցությունը վերաթարմացնել` վերջիններիս մղելով հեռվում մնացած հայրենիքի արտադրանքը սպառել, նպաստել հարազատ երկրի տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի բազմապատկմանը և այլն: Այսքանով հանդերձ նկատելի է նաև մի պարզ իրողություն. մարդիկ սովորաբար ջանք ու եռանդ չեն խնայում հատկապես այն ամենը հաստատելու, ինչի ճշմարտացիությանն առաջին հերթին հենց իրենք են կասկածում: Իսկ սա այն դեպքն է, երբ պիտակների տեսքով երկրի գծանախշի տիրաժավորումն ակամայից տեղի քաղաքական և գործարար շրջանակներում գերիշխող թերահավատությունն է ինքնաբերաբար հաստատում և վերահաստատում: ԱՍՈՒՄ ԵՆ, թե մենք էլ մեր անուշահամ մրգահյութերից ենք որոշ քանակությամբ հարևան երկրներ արտահանում: Բայց, եթե սովորաբար մարդիկ վաճառում (իմա` արտահանում) են ավելցուկը, ապա մեր պարագայում բոլորս ենք տեսնում ոչ միայն տեղական հյութերի հայկական շուկայում ունեցած խորհրդանշական ներկայությունը, այլ նաև հեռու կամ մոտ երկրներից ներկրվող կասկածելի ծագմամբ ըմպելիքների գերիշխող առատությունը: Փոքր չէ նաև հավանականությունը, որ հայկական հյութերի արտադրությունը ոչ հեռու ապագայում ընդհանրապես վերանա… Ըստ տեղեկություն ների ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած գնանկումից օգտվելով, առանձին ֆեոդալիկներ ժրաջանորեն լծվել են հողատարածքներ ձեռք բերելու գործին: Ասենք, հաջորդ տարի, երբ ֆեոդալիկներն այս շուկայում է°լ ավելի թելադրող դիրքեր կունենան, չի բացառվում, որ նրանք է°լ ավելի շտապելով նպատակահարմար գտնեն ոչ թե բերքը հյութի վերածել, այլ որոշեն ու տեղական շուկայում բարձր և ողջ սեզոնի ընթացքում անսասանելի վաճառագներ սահմանել: ՀԱՅԿԱԿԱՆ կոնյակի շուկայում ստեղծված իրավիճակը գուցեև ավելի օբյեկտիվ շարժառիթներ ունի, բայց պատկերն այստեղ նույնքան անմխիթար է: Տեղական կոնյակի արտադրությամբ, ինչպես հայտնի է` հանրապետության մի քանի տասնյակ գործարաններ են զբաղվում: Սակայն ճգնաժամը «փակել» է նրանց բոլորի շուկան, և վերջին ամիսներին Ռուսաստան արտահանվող այս խմիչքի սպառման կտրուկ անկում է արձանագրվել: Տեղական շուկայում էլ կոնյակի սպառումը երբևէ պատկառելի ծավալներ չի ունեցել, քանի որ բարձր գինն ու ավանդույթը տեղացիներիս «խանգարել» են ազնվագույն այս խմիչքն օգտագործել: Արդյունքում խոշոր հարկատուների` օրերս հրապարակված նոր ցանկում նույն բախտին արժանացած կոնյակագործները զգալիորեն նահանջել են` ստիպված լինելով էապես նվազեցնել վճարվող հարկաչափերը: Այսուհանդերձ, եթե հաջորդ տարվանից կոնյակագործների համար շահութաբեր ժամանակները նորից վերադառնան, ապա հանրապետության այգեգործական հողատարածքների ինտենսիվ վաճառքը միգուցե նրանց խանգարի նախկին ծավալով ու նախկին մատչելիությամբ հումք մթերել: Հին հողատարածքների նոր տերերը չի բացառվում, որ ստացված խաղողը որոշեն ինքնուրույն տնօրինել կամ էլ խաղողի փոխարեն մի այլ մրգատեսակի մշակմամբ զբաղվել: