Սարգիս Մուրադյանի ճամփորդական էտյուդները


Ազգային պատկերասրահում 2 տարի առաջ էր մեծ շուքով նշանավորվել Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի 80-ամյա հոբելյանը: XX դարի 60-ականներից հայ կերպարվեստում ազգային արմատներից սերող ուրույն ոճամտածողությամբ հաստատված արվեստագետի ստեղծագործական տարեգրությունն ամփոփող (1952-2003 թթ.) ալբոմի «անտարեսյան» հրատարակության շնորհանդեսը Որմնանկարների սրահում մի նոր առիթ էր վաստակաշատ նկարչի անունն ու գործը վերստին առանձնահատուկ կարևորելու: Օգնելով Գոհար և Զարուհի Մուրադյան ներին իրենց մեծահամբավ հոր ստեղծագործական ամբողջական դիմանկարը կազմելիս` մոտ հարյուր աշխատանքներով, դրանց առնչվող հրապարակումներով` պատկերասրահի աշխատակիցները տնօրեն Փարավոն Միրզոյանի աջակից առաջնորդությամբ յուրովի համահեղինակն էին դարձել նորընծա ալբոմի, որում խնամքով մեկտեղված են Սարգիս Մուրադյանի 76 գեղանկարչական, 17 գրաֆիկական աշխատանքների և Պարույր Սևակի տուն-թանգարանի պատը զարդարող մեծադիր որմնանկարի որակյալ լուսանկարները, Լիլիթ Սարգսյանի հեղինակած ներածական հոդվածը` հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև կյանքի տարեգրությունն ու ստեղծագործությանը նվիրված հրապարակումների համառոտ մատենագիտությունը: «Անտարես» հրատարակչությունում ընտանիքի միջոցներով 2008-ին տպագրված գրքի մակետի և ձևավորման հեղինակ Վահան Քոչարի նրբանկատ կամքով շապիկին հանրահայտ «Կոմիտաս. վերջին գիշերը» (1956) նկարն է արտատպված (ինքնօրինակ հարգանքի տուրք` Վարդապետի ծննդյան 140-ամյա տարեդարձի առիթով): Սարգիս Մուրադյանի գեղանկարչական ձեռագրի կայացման ընթացքը ալբոմի շնորհանդեսի մասնակիցների համար կենդանացնելու նկատառմամբ` ազգային պատկերասրահում կազմակերպվել էր նաև նկարչի ճամփորդական էտյուդների առաջին ցուցահանդեսը: Կուբայում, Հոլանդիայում, Ալբանիայում, Իտալիայում և արտերկրի մի շարք այլ վայրերում 1959-1976 թթ. կատարած ուղևորությունների տպավորությունների պրոֆեսիոնալ անդրադարձումներում գտնելով տեղանքի բնութագրական ընկալման վառվռուն արտահայտություններ` գեղանկարիչների նոր սերնդի ներկայացուցիչները, հավանաբար, իրենց կայացման ընթացքում էտյուդի կորսված գլխավոր դերակատարութ յունը կըմբռնեն, նախաձեռնած թեմաների խորունկ գեղարվեստական վերարտադրության լիարժեքացմանը անփոխարինելի նպաստավորությունը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ