Անկեղծության մեջ ծնված արվեստը


Յուրաքանչյուր արվեստագետի ստեղծագործության մեջ արտացոլվում է իր ազգային մտածողությունը, ներաշխարհը, ճաշակը, բնությունից շնորհված գունազգացողությունը: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ Ղարիբ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ արվեստում այս ամենն ամբողջանում է որպես օրգանական միասնություն: Նկարչի արվեստը աչքի է ընկնում ժանրերի բազմազանությամբ, թեմաների բազմակողմանիությամբ, կատարման յուրահատկությամբ: Դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, կոլլաժ, կոմպոզի ցիոն գրաֆիկական աշխատանքներ` կատարված տուշով և գրչածայրով, գուաշով, ակրիլով, տեմպերայով, ջրաներկով, մատիտով և խառը տեխնիկայով: Ղարիբ Եղիազարյանի ստեղծագործության մեջ հատկապես առանձնանում են հայրենի բնության թեմաներով կատարված աշխատանքները, որոնք նկարչի կողմից դեպի հայրենիքն ունեցած մեծ սիրո արտահայտություն են: Նկարչի վրձնի ներքո հայրենի Արմավիրի շրջանի Շենավան գյուղը կենդանություն է ստանում` իր կիզիչ արևով, կեսօրով, արևից շիկացած հին քարերով, կավածեփ հացատնով, բակում ճյուղատարած խնձորենիով… Արվեստագետն անսպառ սիրով հիանում է իր հայրենի բնաշխարհի վառ-վառ գույներ հագած դաշտերով, արևի տակ պայծառացող թավ-կանաչ ծառերով: Մանկության հուշերը վառվռուն գույներով հեքիաթ է, կախարդական մի աշխարհ, որի վերարտադրման ժամանակ նկարիչը օգտագործում է ներկապնակի ամենավառ ու մաքուր գույները: «Հացատուն», «Հին տներ», «Թախծոտ օր», «Հնձվորներ», «Մենավոր տնակ» թեմատիկ կտավները ստեղծված են արվեստագետին հատուկ սուր դիտողականությամբ` գույնի և գծի ներդաշնակ միասնությամբ: Հեքիաթների շարքում, որը նկարիչը ստեղծել է պոանտելիստական տեխնիկայով, միաձուլվում է իրականի և երևակայականի սահմանը: Ղարիբ Եղիազարյանը ինքնատիպ ոճով, համարձակ գեղարվեստական երևակայությամբ սահեցնում է վրձինը` պատկերելով հայրենի լեռները` մխրճված ճերմակ ամպերի մեջ, վեհ ու սլացիկ բարդիներով: Թեմատիկ բնապատկերները հագեցած են հնամենի եկեղեցիներով, որոնք գերիշխող դեր են կատարում ամբողջ կոմպոզիցիայում: Իր ստեղծագործություններում խտացնելով դասական հայ նկարիչների փորձը` Ղարիբ Եղիազարյանը ստեղծագործական նոր հորիզոններ է փնտրում արվեստում: Նրա կտավներում գերիշխում են սերը և լուսավոր թախիծը: Տուշով և գրչածայրով ստեղծված «Մեր մեծերը» շարքի գրաֆիկական կոմպոզիցիաները ճշմարտացի խոսք են հայ ժողովրդի, նրա անցյալի և ներկայի մասին: Ջրաներկը նույնպես նրա վրձնով կերտում է հրաշալի պատկերներ: Ջրերի հիասքանչ արտացոլանքը, մեղմ անցումներով մերթ դառնում է թափանցիկ երկինք, մերթ` ոսկեհանդերձ աշուն, որը բնապատկերներին հաղորդում է հուզական հնչեղություն: Ջինջ երկինք, մասրենու բերկրանք, լճակի մաքուր հայելի. այսպիսին են Ղարիբ Եղիազարյանի ջրաներկ բնապատկերները: Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում 2005 թ. բացվեց Ղարիբ Եղիազարյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Նկարիչը բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր ցուցասրահներում, արժանացել պարգևների, սակայն այս ցուցահանդեսը յուրահատուկ հաշվետվություն էր, որտեղ ամբողջացված էր ստեղծագործող անհատի տարիների քրտնաջան աշխատանքը: Անկեղծության մեջ ծնված արվեստը հավասարապես ընդունելի է և° արվեստասերների, և° արվեստագետների կողմից: Նկարչի որոնող հայացքը և արվեստագետի նրա անսպառ երևակայությունը մնայուն արժեքներ արարելու ներքին մղմամբ այսօր էլ ստեղծագործական նոր հորիզոններ են բացահայտում:

Արմենուհի ԵՂԻԱԶԱՐՅԱՆ