ԿԱՆԽԵԼ` ՍՏԵՂԾԵԼՈՎ


Արտագաղթի թեմայի վերաթարմացումն ակնհայտորեն քաղաքական ուղղվածություն ունի: Պարզ է, որ միանգամից քննարկումների «էպիկենտրոնում» հայտնված քաղուժերը հենց նոր չհասկացան, որ բնակչության արտահոսքն արդեն երկու տասնամյակ է շարունակվում, և ցանկացած երկրի համար արտագաղթը չարիք է: Այն կանխելու ուղղությամբ, իհարկե, հնարավոր ամեն ինչ պետք է անել, բայց կուսակցական քննարկումները, որքան էլ թեժ լինեն, միևնույն է, գործին ոչնչով չեն կարող օգնել: Հանրապետության նախագահը հայտարարում է, թե պատուհասը կանխելու համար պետք է երկրում այն պայմանները ստեղծել, ինչին մեր հայրենակիցները ձգտում են հասնել Հայաստանից մեկնելով: Բայց որոշ քաղուժերի միայն «հուզում» է, թե հատկապես ո՞ր Նախագահի պաշտոնավարման տարիներին է հանրապետությունից ավելի շատ մարդ հեռացել: Մինչդեռ կարևորը աղետի դեմ թեկուզ ուշացումով, բայց համակողմանիորեն պայքարելն է: Մանավանդ որ, խնդրի արմատներն այնքան բացահայտ են, իսկ պատճառներն` այնքան անվիճելի ու ակնհայտ, որ նույնիսկ թվարկելու կարիքը չկա: Ավելին, հատկապես ադրբեջանցիների քարոզչական ցնծությունից հետո խուճապային տրամադրություններին տրվելը կրկնակի սխալ է: Հարևան հանրապետությունը, որը ոչ պակաս հրատապությամբ է նույն խնդրի առաջ կանգնած, մեր դեպքում հենց խուճապ ստեղծելու նպատակն էլ հետապնդում է: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել հայաստանյան կայունացած ներքաղաքական իրավիճակի հետ: Ուստիև մտածել ու իրենց կարծիքով գտել են այն «հզոր» քարոզչական զենքը, որը նորանոր քաղաքական փոթորիկներ կարող է առաջացնի մեզանում: Ինչ խոսք, չարժե մխիթարվել Բաքվի իշխանությունների նպատակները բացահայտելով, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել կարևոր մի հանգամանք նույնպես. արտագաղթն ու արտագնա ժամանակավոր աշխատանքը թեև քիչ, բայց տարբերվում են իրարից: Ու ինչպես հայտնի է, դեռևս խորհրդային ժամանակներից Ռուսաստանն այս առումով բավական հրապուրիչ աշխատատեղ է համարվել մեր հայրենակիցների համար: Ուրեմն` աշխատանք չունենալն է երկրից հեռանալու ընդհանրացված պատճառը, որի վերացմամբ հակառակ գործընթացի` ներգաղթի հնարավորութ յուն կստեղծի: Ինչ վերաբերում է այսպես կոչված «սարսափազդու» թվերին, որոնք անպատկերացնելիորեն հակասում են իրար, ապա դրա որոշակիացմանն էլ քիչ ժամանակ է մնացել: Հաջորդ տարեսկզբին անցկացվելիք մարդահամարը կհստակեցնի հանրապետության ազգաբնակչության իրական թիվը` որոշակիացնելով նաև, թե քանի մարդ է վերջին երկու տասնամյակում լքել հանրապետությունը: Հ. Գ. Ժամանակին (ավելի ճիշտ` ընդամենը երկու¬երեք տարի առաջ) ասողներ կային, թե ճգնաժամի մասին եթե չխոսենք, ապա այն կշրջանցի Հայաստանը: Կյանքը ցույց տվեց, որ խուսանավումն առավելապես մեր անպատրաստ լինելով նշանավորվեց, և տնտեսական դժվարություններն ավելի մեծ հարված հասցրին մեր տնտեսութ յանը: Ելնելով այդ միամիտ փորձից` արտագաղթի թեմայի ծավալուն արծարծումներին ինչ¬որ առումով դրականորեն կարելի է վերաբերվել` ենթադրելով, որ քննարկումների արդյունքում կգտնվի նաև խնդրի լուծման բանալին: