28+ՀԱՅԱՍՏԱՆ


Հատվածներ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հյուսիսատլանտյան խորհրդի 28+Հայաստան ձևաչափով նիստի ժամանակ ունեցած ելույթից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 27-ին Բրյուսելում մասնակցել են Հյուսիսատլանտյան խորհրդի 28+Հայաստան ձևաչափով նիստին, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2011թ. Զեկույցը ու ԱԳԳԾ նորացված` երրորդ շրջափուլի փաստաթղթի նախագիծը: Խոսելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության կարևորության և ԱԳԳԾ նախորդ շրջափուլի արդյունավետության մասին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «ԱԳԳԾ երկրորդ շրջափուլի շրջանակներում Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ համագործակցության գլխավոր արդյունքը ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման (ՊՌՎ) իրագործումն էր, մի գործընթաց, որն ուղղված էր Պաշտպանությունը երկրի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին համապատասխանեցնելուն և այդ միջավայրից բխող սպառնալիքների հետ հավասարակշռելուն: Վերանայման արդյունքներով մշակվել է ՀՀ ԶՈւ զարգացման 2011-2015թթ միջնաժամկետ պլանը, որը երաշխավորում է ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության հիման վրա Պաշտպանության կառավարումը»: Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը և նշել. «Դաշինքի հետ համագործակցության մյուս կարևոր ոլորտը փոխգործունակ կարողությունների կատարելագործումն է: Գործողություններին մասնակցության ժամանակ ռազմավարական փոխադրումների և նյութատեխնիկական ապահովման հարցերում անգնահատելի օժանդակություն ենք ստանում Գերմանիայից և Հունաստանից: Վերջերս ավելացրեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերում մեր ներդրումը` Մազարի Շարիֆում տեղակայելով 81 զինծառայողից կազմված զորախումբ և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությանը տրամադրելով հետևազորի 5 հրահանգիչներ: Հաշվի առնելով նաև Կունդուզում տեղակայված զորախմբի թվաքանակը (40 զինծառայող), Գերմանական հրամանատարության օպերատիվ ղեկավարման ներքո Աֆղանստանում ներկայումս տեղակայված են ՀՀ ԶՈւ 126 զինծառայողներ: Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվության փոխանցման գործընթացի համատեքստում, կոալիցիոն ուժերի ապագա կրճատման գործընթացին զուգահեռ հարկ եղած դեպքում մենք կդիտարկենք ՀՀ ԶՈւ անձնակազմի մասնակցությունը ուսումնական և հրահանգչական խնդիրներին վերաուղղորդելու հնարավորությունը»: ՀՀ պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է նաև ռազմական կրթության և պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի զարգացման ուղղությամբ: «Պաշտպանության ռազմավարական վերանայման ավարտը նոր զարկ տվեց նաև պրոֆեսիոնալ ռազմական կրթության և պայմանագրային սերժանտական համակարգերի զարգացման հարցերին, որոնք ներկայումս իրականացվում են ՀՀ ԶՈւ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխման համապարփակ գործընթացի շրջանակներում և արծարծված են ՀՀ ռազմակրթական հայեցակարգի նախագծի դրույթներում: Ռազմական կրթության և ուսման բնագավառում զգալի դեր են կատարում ինչպես ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ ձևավորված փորձագիտական խումբն, այնպես էլ Կանադայի, Ռումինիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Բուլղարիայի անհատական ջանքերը: 2013թ. նախատեսում ենք մեկնարկել ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատա րաշտաբային դասընթացները, որոնք հիմք են դառնալու հրամանատարաշտաբային ակադեմիայի ստեղծման համար: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետների օգնությամբ ներկայումս աշխատում ենք նաև պրոֆեսիոնալ սերժանտական կազմի զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ, այդ գործընթացը դիտարկելով որպես սպաների գիտելիքների և սերժանտների փորձի համադրման շնորհիվ ստորաբաժանումների օպերատիվ արդյունավետության և Զինված Ուժերում կարգապահության բարձրացման միջոց»: ՀՀ պաշտպանության նախարարը անդրադարձել է նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը. «Պետք է նշեմ` լիովին գիտակցում ենք, որ ոչ մարտական պայմաններում մարդկային զոհերի հանդուրժելն անթույլատրելի է: Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը և կարգապահության բարձրացումը մեր ամենագլխավոր խնդիրներից է: Այս ուղղությամբ նախատեսում ենք ունենալ կարգապահական նոր կանոնադրություն, դրան են ուղղվում նաև սպաների ռազմական կրթության կատարելագործման, պրոֆեսիոնալ սերժանտների ինստիտուտի ներդրման, մարտական պատրաստության բարձրացման, ինչպես նաև տեխնիկական միջոցներով հագեցման ջանքերը»: