ՓԱՐԱՋԱՆՈՎ ԵՐԵՎՈՒՅԹԸ


Հուլիսի 25-ը Փարաջանովի մահվան օրն էր - Մարդու ստեղծագործական տասը տարին լափեցին, բեկեցին սքանչելի թռիչքը: Սարսափելի էր բանտից նոր դուրս եկած Փարաջանովին տեսնելը: Ի՜նչ գեղեցիկ տղամարդ, ի՜նչ գեղեցիկ գոյություն էինք բանտ ղրկել և ի՞նչ ետ ստացանք` արվեստի կործանված գլուխգործոց…- այսպես է գրել Սերգեյ Փարաջանովի մասին Հրանտ Մաթևոսյանը: Հուլիսի 25-ին լրացավ նրա հուղարկավորության 21 տարին: Զարմանալի ու դաժան զուգադիպությամբ` հուլիսի 25-ին են կյանքից հեռացել ռուս նշանավոր դերասան, բանաստեղծ Վլադիմիր Վիսոցկին և հայ նշանավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը: Ուրեմն, միստիկական ինչ-որ բան կա այս ամսաթվի մեջ… Նրա մահվան առթիվ լույս տեսած մահախոսականներում հիշատակվում էին պատվավոր կոչումները` Ուկրաինայի և Հայաստանի ժողովրդական արտիստ: Հիմա շատերը կարող են, կարդալով նրա պատվավոր կոչումների մասին, ասել, թե համաշխարհային հռչակ վայելող կինոբեմադրիչը լիուլի գնահատվել ու վարձատրվել է, մինչդեռ երևի շատերը չգիտեն, որ նա այդ պատվավոր կոչումները ստացել է 1990-ին` իր մահից օրեր առաջ… Սերգեյ Փարաջանով-Փարաջանյանը ծնվել է Թբիլիսիում 1924 թվականի հունվարի 9-ին: Նրա հայրը` Հովսեփ Փարաջանովը, Թիֆլիսի մեծահարուստներից մեկն էր, ուներ հնաոճ իրերի մեծ խանութ, մի քանի հաստատություններ, որոնց մեջ` նաև հասարակաց տուն: 1942-ին Սերգեյ Փարաջանովն ավարտել է միջնակարգ դպրոցն ու ընդունվել երկաթուղային տրանսպորտի ճարտարագետների ինստիտուտ, սակայն մեկ տարի անց թողել է այս ինստիտուտն ու ընդունվել Թբիլիսիի պետական կոնսերվա տորիայի վոկալ դասարան` միաժամանակ սովորելով նաև պարարվեստի ուսումնարանում: Պատերազմի ավարտից հետո Փարաջանովը տեղափոխվել է Մոսկվայի պետական կոնսերվատորիա: Դրան զուգահեռ ընդունվել է Համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ, սովորել սկզբում Իգոր Սավչենկոյի, ապա Ալեքսանդր Դովժենկոյի արվեստանոցում: Որպես դիպլոմային աշխատանք` Փարաջանովը ներկայացնում է «Մոլդովական հեքիաթ» ֆիլմը: Պատահական չէր անդրադարձը մոլդովական թեմային. ուսանողական տարիներին Փարաջանովը սիրահարվել էր իր ուսանողական ընկերուհուն` մոլդովական ծագմամբ թաթարուհի Նիգյարին: Կարճ ժամանակ անց նրանք ամուսնացել էին: Տեղեկանալով այս ամուսնության մասին` Նիգյարի եղբայրները եկել էին Մոսկվա և Փարաջանովից մեծ գումար պահանջել` որպես գլխագին: Փարաջանովն այս գումարը չուներ, և հիասթափված ու ողբերգական ապրումների մեջ գտնվող Նիգյարն իրեն գցել էր էլեկտրագնացքի տակ… Հենց Դովժենկոյի հրավերով ու նախաձեռնությամբ էլ Փարաջանովն ինստիտուտն ավարտելուց հետո մեկնում է Կիև և աշխատանքի անցնում Կիևի կինոստուդիայում` որպես բեմադրիչի ընթերակա, ապա` բեմադրող: Նրան համաշխարհային ճանաչում բերեց «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը: Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը տեղափոխելով գուցուլական գյուղ` Փարաջանովը ստեղծել էր ողբերգականի ուրույն արտացոլումը: Այս ֆիլմից հետո Փարաջանովի անունը գրանցվեց համաշխարհային կինոյում` որպես նորարարի, որպես էլիտար կինոյի ստեղծողի: Ֆիլմը Եվրոպայում ցուցադրվեց «Հրեղեն նժույգներ» վերնագրով և արժանացավ Բրիտանական կինոակադեմիայի բարձրագույն պարգևին, 28 մրցանակի արժանացավ 21 կինոփառատոներում: Բեմադրիչին շնորհավորեցին Ֆելինին, Անտոնիոնին, Գոդարը, Կուրոսավան… 1969-ին Փարաջանովը «Հայֆիլմ»¬ում նկարահանեց «Նռան գույնը» ֆիլմը, որը սկզբում կոչվեց «Սայաթ-Նովա», ապա` «Աշխարհումս…»: Այստեղ Փարաջանովը միահյուսեց արևելյան բանաստեղծական մետաֆորը արևմտյանին, ստեղծեց երկու տարբեր գեղագիտական ըմբռնումների ինքնահատուկ սինթեզը: Հաջորդ իր ֆիլմը նա նկարահանեց 17 տարի անց, որովհետև այս ընթացքում երկու անգամ դատապարտվեց, իր օրերն անցկացրեց խորհրդային բանտերում` մեղադրվելով այլախոհության և «սեռական կողմնորոշման» համար… Հետագա տարիներին նա ստեղծեց «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին», իսկ 1988-ին նկարահանեց իր վերջին ֆիլմը` «Աշուղ Ղարիբը»` ըստ Լերմոնտովի համանուն պոեմի: Գրել էր «Արա Գեղեցիկ» սցենարը, որը պատրաստվում էր նկարահանել, Երևանում կամենում էր սկսել ու ավարտել «Խոստովանութ յուն» ֆիլմը: Սակայն 1989 թվականին նրա մոտ հայտնաբերվեց քաղցկեղ, ու բժշկությունն անզոր էր փրկել 20-րդ դարի մեծագույն կինոբեմադրիչներից մեկի կյանքը: Փարաջանովի անունն ընդգրկված է աշխարհի բոլոր ժամանակների 100 լավագույն բեմադրիչների շարքում, իսկ նրա «բանաստեղծական կինոն» այսօր արդեն ունի իր հետևորդները:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ