ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՆԱԿԵՏ Է


Հայ երիտասարդը սրտի թրթիռով հայրենի տուն է գալիս` հոգևոր ներուժով նպաստելու, մեր հետագա զարգացման, վերելքի մասնակիցն ու կերտողը դառնալու պատրաստակամությամբ: «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում մի խումբ երիտասարդների հետ Հայաստանում է նաև Քեմբրիջի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Տիգրան Մանուկյանը: Տիգրանը ծնվել է Երևանում: Երրորդ դասարանում էր, երբ տեղափոխվեցին Լոնդոն: Այնտեղ էլ ավարտեց դպրոցը: Դեռ մանկական տարիքում լուրջ հաջողությունների էր հասել շախմատի բնագավառում: - Հայաստանից հեռու ապրելը, բնականաբար, հեշտ չէ: Հատկապես սկզբնական շրջանում: Օտար միջավայր է, որտեղ ամեն ինչ տարբեր է` մարդկանց մտածելակեր պը, աշխարհայացքը, ապրելակերպը… Բայց աստիճանաբար ընտելանում ես: Լոնդոնում ունենք բավական մեծ հայկական համայնք, որի հետ շփումներին մեծ նշանակություն եմ տալիս: Բացի այդ, սերտ են կապերը հայ ուսանողների հետ. մեզ միավորում են մեր արմատները,- պատմում է Տիգրանը: Օտար միջավայրում մեծացած 19-ամյա երիտասարդը ունի հայրենիքի իր ուրույն պատկերացումը. - Դժվարանում եմ բառերով բացատրել. այն հոգևոր հենակետ է: Մի տեսակ բարոյական աջակցություն: Ես արդեն քանի տարի ապրում ու սովորում եմ Լոնդոնում, հավանաբար, այնտեղ էլ կաշխատեմ: Բայց երբ հեռու ես, միշտ առկա է այն ջերմացնող զգացումը, որ ինչ-որ տեղ` հեռվում, կա մի անկյուն, հայրենիք` հարազատ օրրան: Այդ գիտակցումն ուժ է տալիս: Սփյուռքի մի խումբ մեր հայրենակիցների հետ այս տարի Տիգրանը ևս մասնակցում է «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրին, որն արդեն 2 տարեկան է: Կրթական հիմնադրամը կրթաթոշակներ է հատկացնում աշխարհի 25 լավագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողներին, ովքեր տարվա մեջ որոշակի ժամանակահատված մասնակցում են «Լույսի» ծրագրերին: Ծրագրի շրջանակներում ուսանողներն այցելում են Հայաստանի տարբեր համայնքներ, ուսումնասիրում առկա խնդիրները, փորձում դրանց լուծման ուղիներ նախանշել և օժանդակել դրանց լուծմանը: Տ. Մանուկյանը փորձում է օգտակար լինել Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում: - Առաջին անգամ եմ մասնակցում նմանատիպ ծրագրի: Երբ հրավիրեցին, ոչ մի վայրկյան չերկմտեցի մասնակցել: Ինձ գրավեց հայրենիքիս ինչ-որ կերպ օգնելու հեռանկարը: Երբ ծանոթացանք և զրուցեցինք բնակիչների հետ, պարզվեց, որ այստեղ առկա խնդիրները միայն այս համայնքին չեն հատուկ. դրանք առկա են ամենուր, այդ թվում և արտասահմանյան երկրներում: Խոսքը հիմնականում գործազրկության, աշխատատեղերի մասին է: Որպես ուսանողներ` մենք մեծ օգնություն բնականաբար չենք կարող ցուցաբերել, բայց օրինակ ես, որպես տնտեսագետ, կարող եմ հետաքրքիր սեմինարներ անցկացնել դպրոցական ների հետ, քննարկումներ կազմակերպել: Կան նաև ավելի հեշտ լուծելի խնդիրներ: Այստեղ երիտասարդությունը ժամանցի վայր չունի, ավելի մանկահասակ երեխաները` խաղահրապարակ: Գյուղում ֆուտբոլի դաշտ կա, որը մենք կմաքրենք, կարգի կբերենք: Կարծում եմ` մեր հնարավորությունների սահմաններում արվող թեկուզ փոքրիկ քայլերը հետագայում կդառնան մեծ գործերի հիմք,- համոզված է Տիգրանը: Հյուրընկալ լեռնագոգցիները սրտացավությամբ ու սիրով են ընդունել իրենց հյուրերին. - Հիացած եմ մարդկանց վերաբերմունքից: Արտասահմանում այսպիսի բան չկա: Այստեղ յուրաքանչյուր քայլափոխի մեզ տուն են հրավիրում, հյուրասիրում,- իր տպավորություններն է կիսում Տիգրանը: - Փողոցները լուսավորելու աշխատանքներն անելիքների ընթացքի մեջ են. այս տարի ավարտին կհասցնենք: Գերեզմանատունը պետք է ցանկապատվի, որոշ փողոցներ ասֆալտապատելու անհրաժեշտություն կա: Սակայն ամենահրատապը ոռոգման հարցի լուծումն է: Գյուղը մշակելի հողատարածքներ չունի: Հողատարածքներ կան, սակայն ոռոգման անհրաժեշտությունը մեծ է դրանք մշակելի դարձնելու համար: Աշխատատեղերը շատ քիչ են: Տղամարդկանց մի մասը մեկնել է արտագնա աշխատանքի, մի փոքր հատված աշխատում է ալրաղաց կոմբինատում, մի մասն էլ` տարածաշրջանի խոշոր հողատերերի այգիներում: Լեռնագոգում հյուընկալված երիտասարդները հաճախ են հանդիպում համայնքի ղեկավարին, զրուցում, խորհրդակցում: Խաղեր են կազմակերպվում: Ս. Մարգարյանն էլ իր հերթին փորձում է հետաքրքիր դարձնել նրանց առօրյան: Կազմակերպում է ռազմահայրենասիրական բնույթի ֆիլմերի դիտում, ծանոթացնում գյուղի տարեցների հետ: - Երեխաները շատ ակտիվ են, ուզում են անպայման մի մնայուն բան թողնել: Հաճախ են հանդիպում ուսանողության հետ: Ժամանցային միջոցառումներ են կազմակերպում: Նրանք միմյանցից սովորելու շատ բան ունեն: Զրույցների ժամանակ նրանց ասել եմ, որ մեր բնակչությանը ոչ թե միայն տալու բան ունեն, ինչու չէ, նաև սովորելու, ստանալու: Նրանց ջանքերը գնահատելի են,- ասում է Ս. Մարգարյանը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ