Հարբած Գիբսոնը «պաշտպանվել» է լուսանկարչից


Ավելի ստույգ` փորձե´լ է պաշտպանվել` հարձակվելով իրեն հարբած վիճակում «անմահացնող» լուսանկարչի վրա: Հենց հարբած լինելն էլ փրկել է թե´ Գիբսոնին` մարդասպան դառնալուց, թե´ լուսանկարչին` սպանվելուց. կինոաստղը նետվելով դեպի իր զոհը, փռվել է գետնին: Ամերիկացի արտիստին առաջին անգամ չէ, որ որսում են ֆոտոխցիկներով: Այդ անգամ ևս, թունդ ալկոհոլի ազդեցության տակ դուրս գալով Մալիբուի շքեղ ռեստորաններից մեկից, նա հազիվ է ոտքերը քարշ տվել: Իսկ լուսանկարիչները սովորաբար հերթապահում են այն ռեստորանների մոտ, որտեղից համոզված են, որ Մել Գիբսոնը դուրս է գալու հարբած: Դե, իսկ հարբած կինոաստղի լուսանկարի արժեքը շատերը գիտեն: Արտիստի հարձակումներն էլ նորություն չեն. նա բազմիցս խնդիրներ է ունեցել օրենքի հետ` հենց այդ պատճառով: Ընդ որում` նաև ընտանիքում: Օրինակ, նրա նախկին ընկերուհին և նրա կրտսեր զավակի մայրը` Օքսաննա Գրիգորևան նույնպես ստիպված էր ոստիկանություն դիմել` երբ վայրագացած Գիբսոնը սպառնացել էր այրել նրա տունը: Լրագրողներն իսկույն այդ միջադեպը համարել էին կինոաստղի կյանքում հայտնված «անհաջողության էջ»: Գիբսոնի վերջին` «Կղբենի» ֆիլմը մեծ աղմուկով տապալվել էր, իսկ կնոջ` Ռոբենի հետ ամուսնալուծության գործընթացը ձգձգվել էր մի քանի ամիս: Դե, հաջողության ջենտլմենի նյարդերն էլ տեղի են տվել: Նա հուսահատորեն փորձում է փոխել իր կյանքը: Նույնիսկ վաճառել է Մալիբուի առանձնատունը (14,5 միլիոն դոլարով): Բայց լուսանկարչի հետ կապված միջադեպը դարձյալ հուշում է, որ նրա գործերը դեռ թարս են գնում: