«ԺԱՌԱՆԳՈՐԴԻ» ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ Է 


 

Աստիճանաբար հեռանալով ակտիվ քաղաքականությունից և մնալով որպես ՀԱԿ «գաղափարն ու միտքը»` Լևոն Տեր-Պետրոսյանը տևական ժամանակ ժառանգորդի փնտրտուքների մեջ էր:

Միանգամայն հասկանալի էր, որ նա ՀԱԿ-ը չէր հանձնելու ՀՀՇ որևէ գործչի` շատ լավ հասկանալով, որ Հայոց համազգային շարժումը շատ վաղուց ինքնասպառ եղած և վարկաբեկված ուժ է` իր բազմաթիվ գործիչներով: Հանգամանք, ինչը միշտ էլ հանրային հակակրանքի առիթ կարող է դառնալ: Իրեն ու ՀԱԿ-ին մոտ թողնելով ՀՀՇ նախկին ղեկավարներին, ժամանակ առ ժամանակ ասպարեզը հանձնելով Արամ Մանուկյանին, Տեր-Պետրոսյանն, այնուհանդերձ, միշտ էլ մնում է որպես քաղաքական խոհեմության կրողներից մեկը, ով երբեք չի համաձայնի իր գլխավորած ուժին տանել դեպի անկանխատեսելի քայլերն ու տարերայնությունը:

«Ժառանգորդի» փնտրտուքն էլ Տեր-Պետրոսյանին սևեռեց Լևոն Զուրաբյանի թեկնածության վրա` այսպես որոշակի խուճապ և նեղացածություն ծնելով ՀԱԿ-ի շարքերում: Լևոն Զուրաբյանը Տեր-Պետրոսյանի խոսնակն է եղել նրա նախագահության շրջանում: Ուղնուծուծով մտավորական` Զուրաբյանը միշտ ընդունելի է եղել առաջին նախագահի համար: Գրող Գարեգին Սևունցի թոռը, Հրանտ Մաթևոսյանի փեսան, բնականաբար սերում էր մի միջավայրից, որի համար առաջնային էին հումանիստական արժեքները: Իր բնավորությամբ էլ Զուրաբյանը չափավոր է, հավասարակշռված:

ՀԱԿ ստեղծման օրվանից Զուրաբյանը դարձավ նրա համակարգողը, ինչը, բնականաբար, խանդի տեսարաններ ծնեց: Եվ ՀԱԿ-ից ոմանց հեռացումն առաջին հերթին պայմանավորված է Տեր-Պետրոսյանի ընտրությամբ, ապա նոր` քաղաքական անհամաձայնությամբ:

Ի վերջո, այդ անհամաձայնությունն էլ չափազանց պայմանական է, որովհետև ինչպես ՀԱԿ-ը, այնպես էլ «Ժառանգությունը», որի մաս կազմեցին ՀԱԿ-ից զատված «Ազատ դեմոկրատները»` խորհրդարան են եկել իշխանությունների հետ համագործակցության և փոխհամաձայնության արդյունքում: Շատերին թվում էր, թե Տեր-Պետրոսյանը փոխել է իր մտադրություններն ու սևեռվել Նիկոլ Փաշինյանի վրա, ով առավել հրապարակային գործիչ է, համարվում է արմատական ընդդիմադիր, հանուն իր գաղափարների` հայտնվել է ճաղերի հետևում: Սակայն տուրք չտալով ամբոխավարությանը և միշտ լինելով չափավորության կողմնակից, Տեր-Պետրոսյանը պիտի կատարեր հստակ ընտրություն` որպես «ժառանգորդ» ճանաչելով Զուրաբյանին: Նա իր այս մտադրությունը հաստատեց նաև վերջերս` Լևոն Զուրաբյանին դարձնելով ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար: Սրանով Տեր-Պետրոսյանը հասկացրեց, որ Նիկոլ Փաշինյանին վերապահված է մի դեր, որը երբեք չի ակնկալում առաջնայնություն: Փաշինյանի մասին վերլուծաբաններից մեկը գրել է.

- Նիկոլ Փաշինյանի դերակատարումը Կոնգրեսում առանցքային էր հենց 2008 թվականից... Փետրվարյան տասնօրյակի ընթացքում, օրինակ, Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանից հետո թերևս եզակի գործիչներից էր, որի ելույթը պահում էր հանրահավաքի լսարանը:

Այս կարծիքն ընդունելով հանդերձ, Տեր-Պետրոսյանը բնավ չի ցանկացել ընդունել Նիկոլի մաքսիմալիզմը և կողմ է արտահայտվել ԲՀԿ հետ համագործակցության օգտին, ինչի կողմնակիցն է նաև Լևոն Զուրաբյանը:

Նշենք, որ այսօր Կոնգրեսի ներսում սկիզբ է առնում բավական սուր հակամարտություն Զուրաբյանի և Փաշինյանի միջև: Վերջինս ըստ էության, հանդես է գալիս Զուրաբյանի հայացքների հրապարակային քննադատությամբ: Այսպես, «Ցպահանջ արդարադատություն» հոդվածում Փաշինյանը գրում է. «Թույլ տվեք նկատել, որ ՀՀԿ-ի քաղաքական մոնոպոլիայի դեմ այս մեթոդներով պայքարողները պայքարում են հանուն քոչարյանասերժական կլանի քաղաքական մոնոպոլիայի, հանուն մի այնպիսի վիճակի, երբ Սերժ Սարգսյանը իշխանություն է, Ռոբերտ Քոչարյանը` ընդդիմություն, Ռոբերտ Քոչարյանը իշխանություն է, Սերժ Սարգսյանը` ընդդիմություն»: Լևոն Զուրաբյանը չի բաժանում Փաշինյանի այս կարծիքն ու կոչ է անում գնալ դեպի միասնականություն և համախմբվածություն: Այսինքն, ազգային միասնականության: Իսկ սա նշանակում է` հանուն երկրի շահի, համագործակցել նաև իշխանությունների հետ: c