ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ԱՌԵՂԾՎԱԾ 


 

Համաշխարհային շուկայում վերջին օրերին բենզինի գնի անկումները դարձել են սովորական երևույթ: Անգամ ռուսաստանյան շուկան է բենզինի նոր գին սահմանել` այսպես փորձելով հակադարձել իր մրցակիցներին: Ասում ենք` անգամ, որովհետև շատ հաճախ ռուսները վարվում են մրցակիցներին հակառակ և գների իջեցման դեպքում` բարձրացնում են սեփական բենզինի գները: Այս ամենը հիշատակելու պատճառը մեկն է. գնային թռիչքների բոլոր բարձրացատկերը գերազանցած մեր բենզալցակայանները վերջերս 2 անգամ 10 դրամանոց էժանացում արձանագրեցին: Իսկ դա այն դեպքում, երբ միջազգային շուկայում բենզինի 1 բարելի գինը նվազել է 30-31 դոլարով:

Այլոց համար անընկալելի է հայկական բիզնես կոչվածի ոճը: Բայց մենք հո´ լավ գիտենք մերոնց անկշտությունը: Ավելի պարզ թվաբանություն չի լինում. բենզին ներկրողները հերթական անգամ որոշել են գերշահույթներ ստանալ` Հայաստան ներկրելով էժան բենզինն ու այն թանկ վաճառելով: Ոմանք հայտարարում են, թե վաճառում են հին պաշարները, այսինքն` թանկ գնով ներկրվածը, սակայն մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ վերջին 15 օրվա ընթացքում հսկայական բենզին է ներկրվել Հայաստան: Նշանակում է, իսկապես վաճառվում է էժան գնված բենզինը: Ավելին, նույնիսկ մեր ոչ արհեստավարժ ուսումնասիրությունները պարզեցին, որ հատկապես հիմա բենզինի էժան տեսակները մատուցվում են որպես բարձրակարգ և վաճառվում, ըստ էության, թանկ գներով:

Ժամանակն է, որպեսզի վերջապես բենզինի ներկրման և վաճառքի հարցով զբաղվեն համապատասխան մարմինները: