ՕՐԱԿԱՐԳԻՑ  ՉԻ ՀԱՆՎԱԾ 


 

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի պաշտոնանկության հարցն օրակարգից չի հանված: Վերջին օրերին, իհարկե, նրա դեմ բողոքող փաստաբանները հանդարտվել են: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ, ով համարվում էր «հակամկրտումյանական ուժերի» առաջնորդներից մեկը, հայտարարել է, թե ինքը չի կարող Վճռաբեկի նախագահ դառնալ, քանի որ Սահմանադրությունը թույլ չի տալիս: Սակայն, մեր ունեցած վստահելի տեղեկություններով, իշխանական շրջանակներում պաշտոնանկության հարցը համարում են արդիական և այժմ փնտրում են նրան, ով կփոխարինի երկրի գլխավոր դատավորին: Ասում են, որ Արման Մկրտումյանն էլ ձեռքերը ծալած չի նստում և անընդհատ փորձեր է անում` լուծելու համար իր հարցերը: Սակայն նախագահը վճռական է տրամադրված և չի ցանկանում ընտրություններից առաջ առավել մեծացնել հասարակության դժգոհությունը: Հատկապես` Վճռաբեկ դատարանի գործունեության առթիվ, որը շատ վաղուց արհամարհում է իրավական բոլոր բացատրություններն ու հիմնավորումները և կայացնում կամայական վճիռներ: Ամենացայտուն օրինակը ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի գործն է, երբ, ըստ դատապարտյալի հայտարարության, ինքը 16 տարի գտնվում է անազատության մեջ` լինելով միանգամայն անմեղ, իսկ ահա Վճռաբեկը չի կամենում քննարկել «նոր ի հայտ եկած հանգամանքները»: