Հայաստան-Արցախ-Սփյուռք` ամրակուռ միասնություն 


 

Այսօր «Կասկադ» համալիրում տեղի կունենա ՀՀ Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը: Մշակութային փառատոն` մեկը գերատեսչության կողմից իրականացված բազմաթիվ ձեռնարկումներից, որ վերստին մայր հայրենիքում կհամախմբի աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին: Ասել է թե` կրկին կվերահաստատվի Հայաստան-Արցախ-Սփյուռք ամրակուռ միասնությունը: Փառատոնն անցկացվում է առաջին անգամ և շարունակական է լինելու: Եզակի է այն առումով, որ իրականացվում է տարբեր փուլերով` ըստ արվեստի ճյուղերի: Ի դեպ` միջոցառումների շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կանցկացվի դուդուկի համահայկական փառատոն: Ուշագրավ է նաև այն փաստը, որ նախկինում կազմակերպված նմանատիպ միջոցառումների մասնակիցների թիվը երբեք չի գերազանցել 700-ը, մինչդեռ «Իմ Հայաստանին» մասնակցում են գրեթե կրկնակի թվով` 1300 սփյուռքահայեր: Նպատակները և խնդիրներն առավել քան հստակ են` նպաստել հայ մշակութային ինքնության պահպանմանը, հայաստանաբնակ և սփյուռքահայ երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը: Մեր խնդրանքով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ ներկայացրեց, թե նմանատիպ միջոցառումներն ի՞նչ չափով են նպաստում հայրենադարձությանը կամ առավել հաճախ հայրենիքում գտնվելուն, և` արդյո՞ք կա վիճակագրություն նշված խնդիրների վերաբերյալ.

- Հայրենադարձությունը մի բան է, հայրենիքում գտնվելը` մեկ այլ: Կան մարդիկ, ովքեր տարվա մեջ 2-3 անգամ են Հայաստան գալիս, կան նաև այնպիսի մարդիկ, որ դեռ երբեք չեն եղել հայրենիքում, և վերջապես` հայեր, որ հայրենադարձվել և այսօր ապրում են հայրենիքում: Ես այդ վիճակագրության մասին առիթներ ունեցել եմ խոսելու: 500-ից ավելի ընտանիքներ վերջին 3 տարիների ընթացքում եկել և հաստատվել են Հայաստանում: Շատ հաճախ են շփոթում «Արի տուն» և «Հայրենադարձություն» ծրագրերը: «Արի տունը» հայրենաճանաչողական ծրագիր է, երիտասարդներին հրավիրում ենք, որ ճանաչեն հայրենիքը և հայ մեծանան: Հայրենադարձությունը միանգամայն այլ` մեծ կոմպոնենտներից բաղկացած խնդիր է: Նման միջոցառումներն անշուշտ նպաստում են և դրան: Այսպիսի օրինակ կարող եմ բերել. անցյալ տարի դիմեցինք, որ «Արի տուն» ծրագրի շրջանակներում խառն ամուսնությունից ծնված երեխաներ գան Հայաստան: Ռուսաստանից 16 տարեկան մի աղջիկ, ում հայրը ռուս էր, մայրը` հայ. եկավ, ապա նամակ գրեց` «Սիրելի հայր, ես այլևս չեմ վերադառնա, սա իմ հայրենիքն է, դո´ւք պետք է գաք»: Եվ որքան գիտեմ` այս ընտանիքը տեղափոխվեց Հայաստան: Այնպես որ` առիթները շատ են. ամուսնության դեպքեր են լինում: Նաև ասեմ, որ տասնյակ երիտասարդներ, տարբեր ծրագրերի շրջանակներում գալով Հայաստան, սկսում են մեր ԲՈւՀ-երում սովորել:

Ի դեպ` տեղեկացնենք նաև, որ նախօրեին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած միջգերատեսչական նիստի ընթացքում ՀՀ բոլոր նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել` աջակցելու համահայկական այս փառատոնի` առանց խոչընդոտների և պատշաճ մակարդակով իրականացմանը: 

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ