«Կյանքս` ձեզ մատաղ» 


 

Այս խոսքերը թեև արտաբերել չհասցրեց հյուսիսկորեացի աշակերտուհին, բայց զոհաբերեց մատաղ կյանքը, որ ջրհեղեղի վարարումից փրկի երկրի նախկին առաջնորդներ Կիմ Իռ Սենիի ու Կիմ Չեն Իռի դիմանկարները: Աղջիկը նկարները չի կարողացել փրկել, ընկերներն ու հարազատներն էլ` նրան:

14-ամյա Հան Հյոն-Ջոնգը առաջնորդների նկարները պահել էր գլխից վեր, իսկ հայրը շալակել էր դստերը և անվտանգ վայր էր որոնում: Բայց աղջիկն ընկել է հոր շալակից ու փոխանակ սեփական կյանքը փրկեր, նետվել է ջրի ալիքներում հայտնված նկարների ետևից:

Նրա հերոսական արարքն էլ գնահատվել է. հետմահու արժանացել է Կիմ Չեն Իռի անվան երիտասարդական պատվավոր պարգևի, որը ստացել են նրա ծնողներն ու ուսուցիչները: Աղջկա անունով կկոչվի այն դպրոցը, ուր սովորել է:

Եվ սա համանման առաջին դեպքը չէ ԿԺԴՀ-ում: Ինչպես նշել է AFP գործակալությունը, երկրում առկա անհատի պաշտամունքը մղում է պաշտել Հյուսիսային Կորեայի հիմնադիր, հայր Կիմ Իռ Սենի և նրա որդու` Կիմ Չեն Իռի լուսանկարներն անգամ: Նրանց պատկերները կախվում են տներում, գրասենյակներում և հասարակական շենքերում: Իսկ թերթերն էլ մշտապես պատմում են «սրբազան» դիմանկարները փրկելու համար կատարվող հերոսական արարքների մասին:

2007-ին ոմն ֆերմեր սողվածքի ժամանակ կորցրել էր կնոջն ու երեխաներին, բայց կարողացել էր պահել առաջնորդների նկարները: 2008-ին ամառային հեղեղումների ժամանակ մի բանվոր` Կան Հեն-գվոնը, թանկարժեք պատկերները փրկել էր իր 5 տարեկան դստեր կյանքի գնով: Լի Մյոն-գյու անունով մեկ ուրիշն էլ ջրասույզ եղած տնից է փորձել դուրս բերել պաշտամունքի առարկա պատկերները: Նրա դիակը գտել են մեկ շաբաթ անց` նկարները կրծքին ամուր սեղմած (գրել է Slon.ru-ն): Իսկ առևտրային տորմիղի 2 նավաստի նավաբեկության ժամանակ իրենց ու անձնակազմի ևս 3 անդամների կյանքերի գնով թույլ չեն տվել, որ թղթապատկեր առաջնորդները ջրասույզ լինեն:

Խորին հարգա՞նք է, կույր պաշտամո՞ւնք... Դժվար է ասել: