Ո՞Վ Է ԴԱՌՆԱԼՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ 


 

Շուտով կսկսվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ու հատկապես երկրի երկրորդ և երրորդ քաղաքներում արդեն սկսվել է թեկնածուների առաջադրման իրարանցումը:

ԱՅՍ ամենից անմասն չէ նաև Վանաձորը, որը 12 տարի ղեկավարում է Սամվել Դարբինյանը: Հավանաբար, իշխանություններն արդեն որոշում են կայացրել չպաշտպանել նրա թեկնածությունն ու քաղաքապետի պաշտոնում տեսնել նոր դեմք: Նման որոշումն արդարացի կլինի, քանի որ քաղաքում տապալվել են բազմաթիվ սոցիալական ծրագրեր, անմխիթար վիճակում են երկրորդական փողոցները` ավերված ու չլուսավորված, իսկ մի շարք գլխավոր փողոցներ էլ վերածվել են խորդուբորդ կածանների…

Քաղաքապետի նոր թեկնածության հարցն էլ անհանգիստ է արել Սամվել Դարբինյանին, ով սկզբում շատ էր կամենում քաղաքապետ տեսնել եղբոր որդուն` «Քաղցրիկ» մականունով հայտնի գործարարին: Տեղեկանալով այս մասին` վանաձորցիները սկսեցին կասկածով վերաբերվել` թե արդյո՞ք «Քաղցրիկը» կքաղցրացնի վանաձորցիների կյանքը: Աջակցություն չստանալով «Քաղցրիկի» հարցում` Սամվել Դարբինյանը հիմա էլ որոշել է քաղաքապետ առաջադրել իր հարազատ որդուն, ում կամենում էր դատավոր դարձնել: Բայց, ինչպես տեղեկացանք ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրներից, Դարբինյանի այս թեկնածուին էլ հարմար չեն տեսնում Հանրապետականում և կամենում են, որ Վանաձորում տեղի ունենան իսկապես ժողովրդավարական ընտրություններ, որպեսզի հնարավոր լինի ընտրություն կատարել արժանիների մեջ: Սամվել Դարբինյանն այս օրերին այցելություններ է կատարում Ազգային ժողով, փորձում կապեր ստեղծել կառավարությունում, բայց, ինչպես պարզվում է, նրա ջանքերն ապարդյուն են, որովհետև իշխանությունների համար այլևս անընդունելի է ժառանգականության շարունակականությունը ընտրովի պաշտոններում:

ՈՒՇԱԳՐԱՎ վիճակ է ստեղծվել նաև Գյումրիում: Օրերս ԲՀԿ-ն որոշում է կայացրել Գյումրու քաղաքապետի ընտրություններում առաջադրել Ս. Բալասանյանին: Իհարկե, ԲՀԿ մամլո խոսնակ Տ. Ուրիխանյանը շարունակում է պնդել, թե որևէ որոշում չի կայացվել, սակայն Սամվել Բալասանյանն արդեն թևքերը քշտած` պատրաստվում է ընտրությունների: Գիտենք, որ ժամանակ առաջ ԲՀԿ առաջնորդը խոստացել էր մեկ այլ ԲՀԿ-ականի` Մարտուն Գրիգորյանին նախընտրական արշավի ժամանակ հայտարարել, որ հենց նրան են տեսնում Գյումրու ապագա քաղաքապետ: Սակայն քաղաքական խարդավանքների մեջ հմտացած Սամվել Բալասանյանն առավել ճարպիկ է գտնվել ու կորզել կուսակցության համաձայնությունը` միաժամանակ խոստանալով ամեն ինչ անել, որ թիվ 35 ընտրատարածքից (որը Բալասանյանը սեփականաշնորհել է), պատգամավոր դառնա ՀՀԿ-ական Արման Սահակյանը: Այսինքն` կարելի է նաև չբացառել, որ քաղաքապետ ընտրվելուց հետո մի օր նա կարող է հայտարարել, թե մանկությունից երազել է նժդեհյան գաղափարախոսության կրողներից մեկը դառնալ, չնայած հազիվ թե Բալասանյանը ծանոթ լինի այդ գաղափարախոսությանը: Նրա համար Նժդեհն ավելի շուտ հրապարակ ու փողոց է Գյումրիում: Այդ հրապարակով է գնում-գալիս Երևան, այդ հրապարակով է գնում իր գարեջրի գործարանի նախկին գլխամասային ձեռնարկություն, որը ժամանակին սեփականաշնորհեց ջրի գնով, «անհայտ ուղղությամբ» ճանապարհեց երկրաշարժից հետո իբրև մարդասիրական օգնություն` այստեղ տեղակայված մոտ 900 հազար ԱՄՆ դոլար արժեցող հոսքագիծը…

Բալասանյանն անպայմանորեն նախընտրական արշավի ժամանակ նորից հրապարակ կհանի «ՀՀ օրենքը Գյումրու մասին», որի հեղինակն իբրև թե ինքն է: Մինչդեռ հենց Գյումրիում բոլորն էլ գիտեն, որ այդ օրինագիծը ստեղծվել է ԱԺ նախկին պատգամավոր և Կոմկուսի Լենինականի քաղկոմի նախկին առաջին քարտուղար Միսակ Մկրտչյանի կողմից, ով «Միասնություն» խմբակցության անդամ էր: Գիտեն, որ այդ օրենքը ծառայել է միայն ու միայն Բալասանյանին, ով կարողացավ Ծաղիկովների նշանավոր գարեջրի գործարանի տեր դառնալ` դարձյալ ջրի գնով, արտոնյալ վարկեր ստանալ և վերջում էլ գործարանի ճակատին ամրացնել իր արձանը` ինչն արդեն փառասիրության անօրինակ դրսևորում էր:

1999-ին մասնակցելով ԱԺ ընտրություններին, Սամվել Բալասանյանը «Ստեղծենք նոր աշխատատեղեր» կարգախոսով հանդես եկավ` ընտրություններից անմիջապես հետո իրեն պատկանող գարեջրի գործարանում կրճատելով աշխատատեղերն ու մայրաքաղաքում բիզնեսի օջախներ հիմնելով: Կոմիտաս փողոցի հարևանությամբ հառնեց նրա «Շիրակ» ռեստորանը: Հետո Մյասնիկյան պողոտայի վրա` «Ջրաշխարհի» հարևանությամբ հսկայական տարածք ձեռք բերեց` խոստումների հեղեղ տեղացնելով Շիրակի մարզի մի շարք գյուղերում և գործածության համար ոչ պիտանի դպրոցական պայուսակներ և ալյումինե խաչեր բաժանելով (իբրև թե ոսկյա խաչեր), չնչին գներով սեփականաշնորհեց գյուղատնտեսական նշանակության հսկայական հողատարածքներ, իր բիզնեսի սահմաններն ընդարձակեց և հասավ Վրաստան… Հայրենասիրության քողի տակ Ջավախքում էլ հիմնեց գարեջրի արտադրություն…

Դե, մարդը մի քանի տարի ՕԵԿ անդամ է եղել (չնայած նրա` ՕԵԿ տեղափոխվելու առթիվ Հմայակ Հովհաննիսյանն Արթուր Բաղդասարյանին մեղադրեց անասնագողության մեջ). կարող էր, չէ՞, այդ կուսակցությանը բնորոշ պոպուլիզմով առաջնորդվել … Այս օրերին գյումրեցիները կատակով ասում են, որ Սամվել Բալասանյանը գարեջրի գործարանի ճակատից պիտի հանի իր արձանն ու տեղափոխի Վարդանանց հրապարակ, գուցե նաև անվանափոխի հրապարակն ու դարձնի Բալասանանց հրապարակ: Չի բացառվում, որ հանդես գա նաև նախաձեռնությամբ և վերականգնի քաղաքի Ալեքսանդրապոլ անունը` ի պատիվ իր արտադրած գարեջրի, որն ամենաթանկարժեք գարեջուրն է Հայաստանում և ամենավատը` իր համային հատկանիշներով: