Շախմատային տարեգիրը 40 տարեկան է 


 

Տասնամյակներ շարունակ հայ շախմատի տարեգիրը դարձած «Շախմատային Հայաստանը» 40 տարեկան է: 40 տարի շարունակ պարբերականն իր էջերից ընթերցողին է փոխանցում մեր շախմատստների փառահեղ հաղթանակների ու նվաճումների հպարտությունը: Հոբելյանի կապակցությամբ ջերմագին շնորհավորանքներ ենք հղում «Շախմատային Հայաստանի» հիմնադիր և անփոփոխ խմբագիր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Միջազգային շախմատային ֆեդերացիայի` ՖԻԴԵ-ի Ժուռնալիստիկայի հանձնաժողովի նախագահ և շախմատի նվիրյալ Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ` մաղթելով, որ հանդեսն այսուհետ ևս շարունակի մնալ մեր հաղթանակների ավետաբերը:

Ի դեպ` 40 տարի շարունակ նա ամեն կիրակի շախմատային նորություններին ծանոթացնում է նաև հեռուստաէկրանից: Եվ այդ հաղորդաշարն ամենաերկարակյացն է հեռուստատեսության համաշխարհային պատմության մեջ:

- Եթե թույլ կտաս, կցանկանամ այդ 4 տասնամյակից մի փոքր հետ գնալ, հատկապես, որ դրանց նախորդող տարիները սերտորեն կապված են եղել «Ավանգարդի» հետ: Առանց չափազանցության` մանկուց եմ տարված եղել ժուռնալիստիկայով, մասնավորապես` շախմատային ժուռնալիստիկայով: Դեռ 12-13 տարեկանում հրատարակել եմ ձեռագիր ամենօրյա թերթ` «Շախմատի տախտակների վրա», որի շուրջ 150 համարներ դեռ պահպանվում են: Համալսարան ընդունվելուց առաջ` 60-ականների սկզբներից, սկսեցի թղթակցել մի քանի թերթերի, բայց ամենից շատ` «Ավանգարդին»: Դրանք «Ավանգարդի» ոսկե տարիներն էին: Հրաշալի լրագրողներ կային` Վիկտոր Բալայան, Արմեն Հովհաննիսյան, Վլադիմիր Մուրադյան, կարող եմ անվերջ շարունակել: Ստացվեց այնպես, որ ինձ վստահեցին, և եթե այսօր փորձեմ ասել, թե 60-ականներին ինչ եմ տպագրել «Ավանգարդում», մի ստվար գիրք կստացվի: Երախտապարտ եմ «Ավանգարդին», որտեղ ես պատանեկան տարիներին կայացա` որպես ժուռնալիստ: Հենց այդ տարիներին իմ մեջ միտք հղացավ ստեղծել տպագիր պարբերական: Անվանումը` «Շախմատային Հայաստան», պատահական չէր. Տիգրան Պետրոսյանի` Մոսկվայում խմբագրած թերթը կոչվում էր «ՄՈւՎՈՑվՈя ԾՏրՍՉՈ»: Հնարավոր և անհնար ամեն բան անում էի դրա համար: Նկատի ունենանք, որ խոսքը Խորհրդային տարիների մասին է, երբ որևէ պարբերականի ստեղծումը բազմաթիվ դժվարությունների հետ էր կապված: Բարեբախտաբար ստացվեց: Բնականաբար մեծ նշանակություն ուներ նաև Տիգրան Պետրոսյանի անձը, նրա հեղինակությունը, հետաքրքրությունը շախմատի նկատմամբ: Որովհետև, աննկարագրելի է այն խանդավառությունը, որ տիրում էր 60-ականներին ողջ հայության շրջանում: 1971-ին «Շախմատային Հայաստան» հանդեսը հիմնելու որոշում ընդունվեց: Ես 24 տարեկանում նշանակվեցի գլխավոր խմբագիր, ինչը ևս այն տարիների համար բացառիկ էր: 1972-ի հունվարին լույս տեսավ առաջին համարը: Մինչև 90-ականների կեսերը թերթը հրատարակվեց ամսագրի տեսքով: Կային իհարկե դժվարին տարիներ, երբ հատուկ թողարկումներ էին միայն լինում. այնուամենայնիվ հաջողվեց գոյությունը պահպանել: Իսկ 1997-ից այն դարձավ շաբաթաթերթ:

Ապրիլին հրատարակվեց «Շախմատային Հայաստանի» հոբելյանական` 1000-րդ համարը: Ողջ ընթացքում մեր թերթին թղթակցել և թղթակցում են նշանավոր շախմատիստներ: Տիգրան Պետրոսյանը և մեր բոլոր նշանավոր գրոսմայստերներն իրենց մտքերն են արտահայտել նրա էջերում: Այսօր ավելի շատ օպերատիվ, տեղեկատվական բնույթի նյութեր ենք տպագրում. նաև հարցազրույցներ` բոլոր նշանավոր շախմատիստների, այլ անվանի մադկանց հետ, ովքեր շախմատ են սիրում: Ամեն ինչ անում ենք, որ լեզուն հնարավորինս մատչելի լինի: Առաջին իսկ օրից սկզբունք է` մեր թերթը ոչ թե շախմատիստների, այլ շախմատասերների համար է, նույնը վերաբերում է նաև հեռուստատեսային հաղորդմանը: Կարծում եմ` թե´ թերթը, թե´ հաղորդումը նաև նպաստել են շախմատի զարգացմանը: Պետք է ասեմ, որ ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ ամբողջ կյանքում զբաղվել եմ իմ սիրած գործով: Եվ եթե հասել եմ ինչ-որ բանի, անշուշտ` այդ սիրո շնորհիվ:

- Վերջին տարիների ընթացքում մեր շախմատիստները մեծ բարձունքներ նվաճեցինΚ Կա՞ արդյոք այն խանդավառությունը, որ իշխում էր 60- ականներին:

- Անշուշտ, խանդավառություն կա, սակայն ուրիշ էր 60-ականներին: Ժամանակներն էին ուրիշ: Մարդիկ ավելի շատ էին ոգևորվում: Այսօր էլ կա այդ ոգևորությունը. մեր շախմատիստները 2 անգամ դարձան համաշխարհային Օլիմպիադայի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ: Սակայն չմոռանանք, որ 60-ականներն ազգային զարթոնքի տարիներ էին, Հայոց Մեծ Եղեռնի 50-ամյակն էր: Առաջին անգամ մարդիկ հնարավորություն էին ստացել հպարտանալ իրենց ազգային պատկանելությամբ: Տիգրան Պետրոսյանի հաղթանակները համընկան ազգային զարթոնքի տարիների հետ: Սա մի շրջան էր, երբ հայ մարդը կարող էր իր խելքը, գիտելիքներն ու առավելությունները լեգալ ձևով ներկայացնել: Եվ այդ իմաստով խանդավառությունը եզակի ու աննկարագրելի էր: Անկասկած, Տիգրան Պետրոսյանի հաջողությունները նպաստեցին շախմատի զարգացմանը, և մեր բոլոր շախմատիստներն ըստ էության Տիգրան Պետրոսյանի «որդիներն» են:

- Ձեր գնահատմամբ` ինչպիսի՞ն է այսօր մեր մամուլը:

- Այս հարցը տալիս եք` հավանաբար նկատի ունենալով, որ արդեն 40 տարի նաև ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս եմ: Դժվար հարց է:

Խորհրդային տարիներին գոյություն ունեցող այսպես ասած` կապանքները, գրաքննությունը միևնույն ժամանակ նպաստում էին, որ հեղինակն ավելի սրամիտ, ավելի դիպուկ լինի, կարողանա տողատակից ասելիքը տեղ հասցնել: Հիմա ժամանակները փոխվել են: Ով ինչ ցանկանում, գրում է: Մի կողմից ազատությունը լավ է, մյուս կողմից` բերում է մամուլի մասնագիտական կողմի թուլացմանը: Որովհետև միշտ էլ հեշտ է առանց խորը մտածելու, առանց չարչարվելու, ինչ-որ մեկի հասցեին ինչ-որ բան ասել: Հիմա ցավոք, մեր լրագրողները չեն սիրում աշխատել: Գուցե քիչ են վաստակում, դա էլ նշանակություն ունի, անկասկած: Ինքնուրույն աշխատանք քիչ են կատարում: Եթե բացենք մեր թերթերը, բոլորը նույնն են գրում, որովհետև մասնակցում են որևէ ասուլիսի և բավական չէ, որ ասուլիսի ժանրով չեն գրում, վերաշարադրում են ավելի մատչելի ձևով: Դա անշուշտ ներկայացնելու լավագույն եղանակը չէ:

Սա վերաբերում է մասնագիտական կողմին: Ինչ վերաբերում է իշխանամետ-ընդդիմադիր հասկացություններին, հեռուն չգնանք, օրինակ բերենք ռուսական մամուլից: Ամենաընդգծված ընդդիմադիր թերթը, եթե փորձենք համեմատել մեր թերթերի հետ` տարբերությունն ահռելի է: Այնտեղ տեսնում ենք նուրբ, խորը, միևնույն ժամանակ` սուր քննադատություն, մինչդեռ մեզանում, չէի ցանկանա այդ բառն օգտագործել, բայց դրան հայհոյանքն է փոխարինում: Մի խոսքով` մասնագիտական կողմը կաղում է: Շատերը գրում են ամեն ինչի մասին, մինչդեռ յուրաքանչյուրը պետք է ունենա իր ոլորտը:

Իհարկե, վերջին տարիներին նվաճումներ, այնուամենայնիվ կան, շնորհալի երիտասարդ լրագրողներ ունենք: Դրականը կա, բայց անկասկած` շատ աշխատանք ունենք կատարելու: 

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ