Պոռնկանոց` «Խրճիթ» համեստ անվամբ 


 

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադառնալով աշխարհի հնագույն արհեստներից մեկի նորօրյա դրսևորումներին` նշել էինք, որ փողոցային չվերահսկվող մարմնավաճառությունը, լինելով վեներական հիվանդությունների տարածման, ՁԻԱՀ-ով վարակվելու աղբյուր` հասարակական վտանգ է ներկայացնում: Եվ այդ երևույթի դեմ պայքարն ու կանխարգելիչ միջոցառումները ոստիկանության կողմից պարբերական բնույթ են կրում:

Մարմնավաճառության նախականխման ուղղությամբ գործում է ոստիկանության տարբեր ծառայությունների համատեղ ծրագիր, ըստ որի` պարբերական ստուգայցեր են անցկացվում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում:

Վերջերս, կեսգիշերն անց, ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների անցկացրած հերթական ստուգայցը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 27 հասցեում էր: Այստեղ գործող «Խրճիթ» հյուրանոցային համալիրից և համալիրի շրջակայքից, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով, բերման են ենթարկվել տասը կանայք` 1974 թ. ծնված Գյուլնարա Դ.-ն, 1981 թ. ծնված Լիլիթ Ա.-ն, 1972 թ. ծնված Ռայա Զ.-ն, 1973 թ. ծնված Նարինե Կ.-ն, 1988 թ. ծնված Ռոզա Պ.-ն, 1979 թ. ծնված Քրիստինե Ղ.-ն, 1972 թ. ծնված Աննա Մ.-ն, 1985 թ. ծնված Արփինե Բ.-ն, 1977 թ. ծնված Նաիրա Ս.-ն և 1983 թ. ծնված Լիլիա Ա.-ն:

Պարզվել է, որ նշված հյուրանոցային համալիրի մատուցողներ` 1964 թ. ծնված Արմինե Հ.-ն և ոմն Գայանե, ինչպես նաև բարմենը` 1985 թ. ծնված Բաբկեն Ն.-ն, 2011 թ. դեկտեմբերից սկսած` հյուրանոցային համալիրի սենյակները և շոգեբաղնիքը, պոռնկությամբ զբաղվելու նպատակով, պարբերաբար տրամադրել են ինչպես վերը հիշատակված, այնպես էլ այլ մարմնավաճառների:

Միաժամանակ «Խրճիթ» հյուրանոցային համալիրում կատարված զննության ընթացքում պարզվել է, որ համալիրի սենյակներում և շոգեբաղնիքում հեռուստատեսային ներքին ցանցի միջոցով «պտտեցնում են» պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր:

Որջ դարձած «Խրճիթ»-ում հայտնաբերված աղտեղությունների պատկերն ամբողջական դարձնելու նպատակով կատարվում է հետաքննություն: