Խայթվածները 


 

Շաբաթը պատուհասով սկսվեց թայլանդցի 76 վանականների համար: Չիանգմայ գավառում Չեդի Լուանգ բուդդայական տաճարի վրա գրոհած մեղուների պարսը վնասել է բոլորին:

Երևի երբեք էլ չի պարզվի, թե տաճարն ինչո՞վ էր գրավել մեղվապարսին: Մանավանդ` այս միջադեպից ապշահար ավագ երեց Պրա Ժետիյաժառնը պատմել է, որ մեղուներն անարգել բազմանում են տաճարի շրջակայքում և նախկինում այսպիսի հարձակումներ չեն նկատվել: Միայն հայտնի է, որ տուժողների մեծ մասը «հարձակման» պահին մաքրելիս է եղել բուդդայական մեհյանի (պագոդա) բակը (հաղորդել է «Էխո Մոսկվի»-ն»):

Խայթահար քահանաները տեղավորվել են 3 տարբեր հիվանդանոցներ. նրանցից 19-ի վիճակը ծանր է, իսկ 6-ը գտնվում են կոմայի մեջ` զարկերակային ցածր ճնշման պատճառով:

Ասում են` շան հետ բարեկամություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի´ գցիր: Հետաքրքիր է, իսկ մեղուների հետ հարևանություն անելիս ի՞նչ պաշտպանական պիտույք պետք է կրես: