Ս. ՍԱՖԱՐՅԱՆ. «Արդարություն ինքդ պետք է պահանջես, այն որևէ մեկը չի տալու»


Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումից առաջ իրարամերժ ակնկալիք ներին այս օրերին հետևում են արդեն կայացած հանդիպման գրեթե նույնքան իրարամերժ մեկնաբանությունները: «Ավանգարդի» զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար, քաղաքագետ Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆԸ: - Կազանյան հանդիպումից ի՞նչ սպասելիքներ ունեիք: Կարելի՞ է ասել, որ Կազանում եղավ այն, ինչը սպասվում էր: - Սխալ մեթոդաբանությամբ ընթացող բանակցային գործընթացը չի կարող լուրջ արդյունքներ արձանագրել: Կարծում եմ` բոլոր կողմերը հրաշալի գիտակցում են դա: Եթե հայտարարվում է, որ հակամարտությունը պետք է լուծեն դրա կողմերը, իսկ միջազգային հանրությունը կաջակցի այդ լուծման իրականացմանը, ակնհայտ է դառնում, որ բացի թաքնված ճնշումներից, այլ` հրապարակային ճնշումներ չեն կարող գործադրվել: Հակառակ պարագայում կստացվի, որ միջազգային հանրությունը ոչ թե թողնում է, որ կողմերը լուծեն հակամարտությունը, այլ ինքն է պարտադրում այդ լուծումը: - Բայց, որքան հասկանում եմ, քաղաքականության մեջ հայտարարությունները իրական նպատակները թաքցնելու համար են: - Մասնակից բոլոր կողմերը հրաշալի գիտեն բանակցային գործընթացի բոլոր սողանցքները, վթարային ելքերը և պետք եղած պահին դուրս են գալիս հենց այդ վթարային ելքերով: Բանակցություններին Ղարաբաղի չմասնակցելը լուրջ խնդիր է, և բոլորին թույլ է տալիս առնվազն թերահավատորեն վերաբերվել բանակցային գործընթացում համաձայնությունների կայացմանը, քանի որ նշվում է, թե Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշեն իրենք: Հետևաբար, առաջանում են այնպիսի հարցեր, ինչպես, օրինակ, «Ժառանգության» հայտարարության մեջ նշվեց` ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ, եթե անգամ ԼՂ-ի բանակցելու իրավունքը չի հարգվում: Այդ դեպքում ո՞րն է երաշխիքը, որ ԼՂ-ն ինքն է որոշելու իր ճակատագիրը: Այլ խնդիր է, որ միջազգային հանրությունը փորձում էր լավատեսական հայտարարություններով, չափավոր սպառնալիքներով և հորդորներով փորձել կողմերի վրա ազդել և հասնել համաձայնության ձեռքբերման: Ակնհայտ է, որ այսօրվա լուծմանն առավել քան համաձայն չէ Ադրբեջանը, քանի որ նրա ղեկավարության հայտարարություններն առավել քան հակասության մեջ են իրական գործընթացների հետ: - Ադրբեջանը պարզապես ցանկանում է վերադարձնել մինչ 88թ. եղած իրավիճակը: - Խնդիրն այն է, որ հայկական կողմը ստացել է խուսանավելու մյուս հնարավորությունը: Հայկական կողմը, ցավոք, կարող է համաձայնել հանձնելու ԼՂ հարակից տարածքները` բացի Լեռնային Ղարաբաղից` վստահ լինելով, որ Ադրբեջանը նաև դրան չի համաձայնի: Ինչպես ասացի, սողանցքները շատ են բանակցային գործընթացում, ինչը թույլ է տալիս բոլորին` հակամարտությունը կարգավորելու բանակցությունների իմիտացիա խաղալ: Ուրախացնող է, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել: Բայց մտահոգիչ է, որ խաղի նման կանոնները կարող են մի օր փաստի առջև կանգնեցնել հայկական կողմին, որովհետև այս բանաձևը` տարածքներ խաղաղության դիմաց` Տեր-Պետրոսյանի օրոք, տարածքներ կարգավիճակի դիմաց` Քոչարյանի և Ս. Սարգսյանի օրոք, ուղղակի պատուհաս կարող է դառնալ հենց հայկական կողմի համար: - Որոշակի մտավախություն կա, որ կարող է լինել այն, ինչը տեղի ունեցավ Վրաստանում` 2008-ի օգոստոսին և` ոչ առանց ԱՄՆ-ի ջանքերի: - Այս պահի դրությամբ նման սցենար բացառել չի կարելի: Ըստ էության, Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման ռիսկը կախված է բազմաթիվ գործոններից, որոնք այլ են, քան Աբխազիայի, Հարավային Օսիայի դեպքում: Նախ, ԼՂ հակամարտությունն ուղղակիորեն ներառում է խոշոր աշխարհատնտե սական ծրագրերի գոտի: Դա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, ընդհանրապես, Հարավկովկասյան էներգետիկ միջանցքն է, իսկ աբխազական և հարավ-օսական հակամարտությունները դուրս էին այդ գոտուց: Ճիշտ է, որ այդ էներգետիկ ծրագրերը հզորացնում են Ադրբեջանին` նրան հնարավորություն տալով նավթադոլարներն ու գազադոլարներն ուղղել դեպի պատերազմի ռիսկերի ավելացում: Բայց մյուս կողմից էլ` այդ էներգետիկ ծրագրերը դարձել են անվտանգության երաշխիք, որովհետև Արևմուտքն անընդհատ զգուշացնում է, որ թույլ չի տա իր աշխարհատնտեսական շահերը վտանգել: Այսինքն, քանի դեռ Արևմուտքի և Ռուսաստանի մոտ նոր պատերազմ սկսելու շահագրգռություն չկա, Ադրբեջանը խնդիր կունենա, Ալիևը մշտապես կհիշի, որ ինքը կարող է հայտնվել միջազգային դատարանում, որ իր դիրքերը տասնապատիկ անգամ վատ կլինեն, քան ռուս-վրացական պատերազմից հետո Սահակաշվիլիի դիրքերն էին, որովհետև այնուամենայնիվ, վերջինս վայելում էր Արևմուտքի աջակցությունը: Ալիևը նման աջակցություն չունի այսօր և չի ունենա նաև վաղը: Վերջապես, Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման ամենամեծ հավանականությունը, իմ դիտարկմամբ, կարող է լինել, եթե Իրան-Արևմուտք հակադրությունն իր քաղաքական լուծումը չստանա և որոշում ընդունվի ռազմական կամ կիսառազմական եղանակով լուծել Իրանի խնդիրը: Այդ դեպքում, քանի որ այդ երկիրը հսկայական սահման ունի Հայաստանի և Ղարաբաղի հետ, այդ տարածքում անկայուն իրավիճակը կարող է լուրջ շահեր ապահովել Արևմուտքի համար, ինչպես նաև թողտվություն Ադրբեջանին` որևէ արկածախնդրություն սկսելու առումով: - Վերլուծելով կազանյան հանդիպման արդյունքները, արևմտյան մամուլը գրում է, որ լրանում է հակամարտության լուծմանը նպաստելու համար Ռուսաստանին տրված ժամկետը: Սա արդյո՞ք նշանակում է, որ այսուհետ Արևմուտքը, մասնավորապես, ԱՄՆ-ը կփորձի կարգավորման նախաձեռնության առաջնութ յունն իր ձեռքը վերցնել : - Արևմուտքը չի կարող նախաձեռնությունն ամբողջությամբ ստանձնել, որովհետև հակամարտության կողմերի վրա ազդեցության անհրաժեշտ լծակներ չունի: Բայց Արևմուտքը խնդիր ուներ թույլ չտալու, որպեսզի ռուսական ընդգծված առաջնորդությունը բանակցային գործընթացում հանգեցնի զուգահեռ պրոցեսի հասունացման, երբ Մինսկի խմբի և ռուսական առաջնորդությամբ կարգավորւմներն այլ ուղղություններով ընթանային: Բայց փաստերին պետք է շիտակ նայել. Ռուսաստանը հակամարտության կողմերի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող երկիրն է, և նրա միջնորդության ձախողումն ամենևին չի նշանակում, թե դրանով ավելանում են Արևմուտքի միջամտության լծակները: - Ստացվում է, որ այս պահին հակամարտության լուծման շանսեր չկան և հարկավոր է, ինչպես ասում են` զինվել համբերությամբ և տոկունությամբ: - Այս հակամարտությունը չի կարող ունենալ լուծում` ի դեմս Մադրիդյան կոչվող առաջարկների: Դրանց կյանքի կոչելը կնշանակի նոր անկայունություն և նոր պատերազմ: Այս հակամարտության լուծումը, ուզենք, թե չուզենք, ԼՂՀ միակողմանի Ճանաչումն է` միջազգային շրջանակներում լուրջ քաղաքական աշխատանք տանելով և ապահովելով, որ այն հանգեցնի համապատասխան ցանկալի գործընթացի: Վիճակն այնպիսին է, որ որևէ այլ` իրատեսական լուծման մասին խոսել հնարավոր չէ: Ավելի հավանական են միակողմանի լուծումները, թող որ դա լինի անգամ նոր պատերազմ, քան փոխզիջումային կոչված լուծումը: Որովհետև ոչ մի կողմի ղեկավար` ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի, չեն կարող իրենց հասարակությանը վաճառել իրենց ստորագրած փոխզիջումային փաստաթուղթը: Դա հղի է անկանխատեսելի ներքին հետևանքներով: Հայաստանը պետք է երաշխիքներ ստեղծի միակողմանի լուծումների համար: Երբ «Ժառանգությունը» ներկայացնում էր իր մոտեցումը միակողմանի ճանաչման մասին, մեզ, որպես հակափաստարկ, ասվում էր, թե ճանաչումը ճիշտ է, բայց ավելի լավ կլինի, որպեսզի առաջին հերթին միջազգային ճանաչում լինի: Բայց գործնականում ոչ մի երկիր չի ճանաչի Արցախի հանրապետությունը, եթե դա չի արել Հայաստանը և այդ կերպ չի հասկացրել աշխարհին, որ իր արտաքին քաղաքակա նության գերակա խնդիրը դա է, և ինքն ակնկալում է դրական վերաբերմունք այդ խնդրի նկատմամբ: Հենց Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման փաստը և դրա նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը կլիներ այն լակմուսի թուղթը` թե որքանով աշխարհն ազնիվ է հայերի հանդեպ` Ղարաբաղյան հակամարտության հարցում: - Ոչ միայն հայերի հարցում, ընդհանրապես, աշխարհն արդյո՞ք ազնիվ է: - Աշխարհը դեռևս այնպիսին չի, ինչպիսին մենք կցանկանայինք տեսնել, բայց աշխարհը նույնքան վատը չէ, որքան որ եղել է նախկինում: Այսինքն, արդարություն դու ինքդ պետք է պահանջես, արդարություն քեզ որևէ մեկը չի տալու:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ