ՉԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ Կուզենա՞ն գերտերությունները ...


Կազանյան հանդիպումն, ըստ էության, փաստեց, որ եռանախագահող երկրներն իրենք էլ հակված չեն հարցի շուտափույթ կարգավորմանը` որքան էլ հայտարարութ յուններ և հորդորներ հնչեցնեն: Կարգավորման եռանախագահողների սցենարները յուրովի կանխվեցին նաև նախօրերին Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի պատճառով: ՀՀ նախագահը վստահաբար ներկայացրեց հայաստանյան դիրքորոշումը և նորից առաջ մղեց ինքնորոշման սկզբունքը, ինչը նշանակում է, որ Հայաստանը չի ընդունի ազգերի ինքնորոշման իրավունքին վնասող որևէ այլ սկզբունք: Գլխավոր «ինտրիգն» հենց այստեղ է, ինչին, առայժմ ոչ հրապարակայնորեն, կողմ են եռանախագահողները: Նրանք չեն կարող անտեսել այն փաստը, որ վերջին տասնամյակներում աշխարհի քարտեզի վրա մի շարք պետություններ են գոյավորվել հենց ինքնորոշ ման սկզբունքի գերակայությամբ: Ղարաբաղի դեպքում այլ «ստանդարտի» կիրառումը, բնականաբար, հարվածի տակ կդնի եռանախագահող երկրների հեղինակությունը և առիթ կտա, որ հարցի կարգավորման համար սկսեն կիրառվել այլ ձևաչափեր: Իսկ սա ձեռնտու չի լինի որևէ մեկին, քանզի կհաստատի այն միտքը, թե` Մինսկի խումբը հայտնվել է փակուղային վիճակում և լիովին սպառել է իրեն: Եվ նման կարծիք չձևավորելու համար էլ այսօր տերություններից յուրաքանչյուրը հնարավորինս ձգում է կարգավորումը, որպեսզի կարողանա մանևրելու հնարավորություն ունենալ: Իսկ մանևրել պետք է, որովհետև տակավին շատերը չեն ուզում կորցնել ադրբեջանական նավթը: Բայց նավթից զատ մեկ այլ գործոն էլ կա. արդեն իսկ պարզ է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և էլի ուրիշներ ամեն ինչ անում են տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման համար: Եվ բնավ էլ պատահական չէր, որ կազանյան հանդիպումը որոշ վերլուծաբաններ համարեցին «ապտակ Ռուսաստանին», քանի որ առաջին հերթին չարդարացան նրա հույսերը: Իսկ Ռուսաստանն ուզում էր, որպեսզի կողմերը Կազանում համաձայնության գային Մադրիդյան սկզբունքների շուրջ, Հայաստանը համաձայներ զորքերը դուրս բերել ազատագրված տարածքներից, ինչն էլ կնշանակեր, թե ՌԴ¬ն ունի այնպիսի ազդեցություններ, որոնց ներդրմամբ կարողանում է հասնել հիմնահարցի լուծմանը: Եվ Մեդվեդևն ամեն ինչ անում էր, որպեսզի Կազանում հասներ իր գլխավոր քաղաքական հաղթանակին, եթե, իհարկե, ընդունվեր «ճանապարհային քարտեզը»: Իսկ այդ քարտեզը տապալվեց առաջին հերթին Ադրբեջանի պատճառով: Մեդվեդևը հասկացավ, որ իր նոր ու հին բարեկամը, որի առջև իր հզոր երկիրը «ռևերանսներ» է անում` պատրաստ չէ առաջնության դափնին շնորհել Ռուսաստանին: Ավելի ճիշտ` Մեդվեդևին, ում հատկապես հիմա շատ են հարկավոր դիվանագիտական հաջողություններ: Պուտինի հետ իշխանության համար պայքարի մեջ մտած Մեդվեդևը շատ էր ցանկանում, որպեսզի կազանյան հանդիպումից հետո բոլորը խոսեին այն մասին, որ ինքը դարձավ Ղարաբաղյան հակամարտության լուծման ճարտարապետներից մեկը: Սակայն նրան այդ առիթը չտրվեց: Եվ չտրվեց, որովհետև առաջին հերթին պաշտոնական Բաքուն հուսախաբ արեց Կրեմլի տիրակալին: Բայց արդյո՞ք միայն Բաքուն: Արդեն շա˜տ երկար ժամանակ բոլորը խոսում են այն մասին, թե խնդրի կարգավորումը պայմանավորված է միայն ու միայն Բաքվի և Երևանի բարի կամքի դրսևորմամբ, մինչդեռ սա միայն ճակատային հասկացություն է: Իրականում Ղարաբաղի խնդիրը կախված է գերտերություններից և նրանց կամքից: Կուզենա՞ն գերտերությունները լուծված տեսնել Ղարաբաղի հարցը` այն կլուծվի: Սակայն մոտ երկու տասնամյակ հենց գերտերություններն են ամեն ինչ անում, որպեսզի տևականորեն ձգվի կարգավորումը, մշտապես առկա լինեն որոշ մարտահրավերներ: Այդ մարտահրավերները ձեռնտու են մասնավորապես Ռուսաստանին և ԱՄՆ-ին, որոնք այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր ունեն: Վերջին շրջանում Ֆրանսիան ևս կարևորում է իր շահերը, մանավանդ որ այդ երկիրը համարվում է Եվրոպայի կամքի արտահայտողը: Գերտերությունները պայքարում են հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք ձգվող ճանապարհներին ընկած կովկասյան միջանցքի համար, որն ունի աշխարհաքաղաքա կան չափազանց բարենպաստ դիրք: Այստեղ խնդիրն այն է, թե ով է լինելու այդ ճանապարհի միակ «կարգավորիչը»: Քանի որ ճանապարհի կենտրոնում է գտնվում Ղարաբաղը, ուստի պարզ է դառնում, որ հենց գերտերություններն են զբաղվում հարցի լուծմամբ` երևութականություն ստեղծելով, թե կարևորում են պաշտոնական Բաքվին ու Երևանին: Այստեղ Ադրբեջանն ու Բաքուն ընդամենը «դեկորացիա» են, որոնք պարտավոր են մշտապես հայտնվել խաղային առանցքում` գերտերություններին հնարավորություն տալով պահվելու հանդիպումների և քննարկումների թիկունքում: Ստացվում է, ուրեմն, որ առաջարկվող տարբերակներն առաջին հերթին պետք են գերտերութ յուններին, որոնք էլ չեն կարողանում իրար մեջ լեզու գտնել և հասնել համաձայնության: Անհրաժեշտ է ասել, որ գոյություն ունի մի պարզ ճշմարտություն. հակամարտող կողմեր կոչվող պետություններն այսօր վերածվել են յուրատեսակ գործիքների և կատարում են այն հրահանգները, որոնք թելադրվում են հզորների կողմից: Հետևաբար, բանակցությունների ընթացքում դրսևորվող նրանց վարքագիծն արտահայտում է ոչ թե սեփական, այլ միջնորդներից որևէ մեկի տրամադրությունը: Այստեղ, իհարկե, Ռուսաստանը վարում է երկդիմի քաղաքականություն: Երկդիմի է նաև ԱՄՆ-ի կեցվածքը: Մինչդեռ ակնբախ է, որ Ֆրանսիան շատ ավելի ուղղագիծ է և հակված է հարցի կարգավորմանը` հօգուտ միջազգային իրավական ակտերի գերակայության. չկան կոնկրետ սկզբունքնեեր, որոնց շուրջ խոսեն Ալիևն ու Սարգսյանը: Հենց այս համատեքստում էլ դիտարկվում է այն հարցը, որ գերտերությունները շահագրգռված չեն բանակցային գործընթացում Ղարաբաղի ներգրավմանը: Այժմ նրանց ձեռնտու է «ստատուս-քվոյի» պահպանումը...

Լևոն ԳՐԻԳՈՐՅԱՆ