1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Մետրոյի նոր ուղեվարձը «կյանքի կոչելուն» մի քանի օր մնաց, իսկ բարձրացված բողոքի բուռն ալիքի հանդեպ քաղաքային իշխանություններն անհողդողդ մնացին` 100 տոկոսանոց գնաճի որոշումն անփոփոխ թողնելով: Նոր կայարանների, ժամանակակից մետրոպոլիտենների շուքը երևանյանին փոխանցելու և գրեթե հանքափորի կարգավիճակում աշխատող կոլեկտիվի աշխատավարձերի խնդիրները շարունակում են առկախված մնալ: Տպավորությունն այնպիսին է, թե գործի է դրվել վաղօրոք մշակված ծրագիր, և հանրությունը պարբերաբար դրա հերթական փուլի ականատեսն ու մասամբ էլ դրա զոհն է դառնում: Ըստ երևույթին հիմա էլ հերթը տրոլեյբուսներին է հասնում, բայց այս դեպքում ոչ թե մետրոյի օրինակով այս էլեկտրագնացի ուղեվարձը կկրկնապատկվի, այլ տրոլեյբուսը նույնպես տրամվայի ճակատագրին կարժանանա: Սույն նախաձեռնությունը շատ նման է տխուր ինքնախոստովանության, քանի որ նոր մեքենաների ներկրման, գծերի թարմացման խնդիրներն ակնհայտորեն չեն լուծվել և չեն լուծվելու: Փաստորեն քաղաքային իշխանություններին ոչինչ չի մնում, քան լուծարել երթուղիներն սպասարկող քայքայված կազմակերպությունն ու ավտոպարկը: Նախորդ շաբաթ, երբ անսպասելիորեն պարզվեց, որ մետրոյի ուղեվարձը թանկանում է, պարզաբանվեց, թե վերգետնյա տրանսպորտի բեռնաթափումն ինչ¬որ չափով կպահպանի մետրոյի ուղևորափոխադրումները: Ու ամենահարմար «բեռնաթափվողը» տրոլեյբուսները համարվեցին: Թերևս` այստեղ տարօրինակ ոչինչ չկա. տրոլեյբուսա յին ընկերությունը այս կամ այն օլիգարխին չի պատկանում ու ոչ միայն հզոր հովանավորներ չունի, այլ դեռ մի բան էլ սուբսիդիա է ստանում քաղաքային իշխանութ յուններից: Թե որքան ժամանակ կպահանջվի քաղաքը վերգետնյա էլեկտրատրանսպորտի վերջին նմուշներից ազատելու համար, դժվար է ասել: Պարզ է սակայն, որ տասնյակ կիլոմետրերով ապամոնտաժվելիք պղնձալարերին տիրանալու ախորժակ շատերն են ունենալու: Թեև վերջնարդյունքում դրանից մետրոն նույնպես չի շահելու. ստորգետնյա էլեկտրագնացի 100 դրամանոց ուղեվարձն այլևս համարժեք այլընտրանք է դառնալու միկրոավտոբուսներին, և փաստորեն հնարավորն արվելու է` օլիգարխ¬գծատերերի բիզնեսների բարգավաճման ուղղությամբ: