ՋԻՎԱՆՈՒ լուսաբացների կանչը


Արցախի Մարտունու շրջանի սահմանամերձ գյուղերից է Շեխերը: Ցածում Վարանդա գետն է, որի խշշոցը հեռվից է լսվում: Վերում` Ղաշաքար լեռը` կապույտների մեջ մխրճված: Գյուղին կպած դաշտերի միջով ձգվող արահետի տուտը բռնած, ազատամարտիկ Մանվել Ավագյանի հետ քայլում ենք դեպի դիրքերը: Գյուղը դեռևս 1918 թ. բազմիցս հարձակումների է ենթարկվել թուրքերի կողմից: Սակայն քաջակորով շեխերցիներն ամեն անգամ ջախջախել ու հետ են շպրտել զավթիչներին: Եվ գյուղը մնացել է անառիկ: Այսօր էլ պահպանվում են ավելի քան 90 տարվա վաղեմության խրամատները: Ազատամարտի օրերին այդ խրամատներում նրանց թոռներն ու ծոռներն են կռվել, հերոսաբար պաշտպանել այս բարի ու սուրբ հողը` արժանի լինելով պապերի մարտական փառքին: Մեր ազատամարտի ոգեղեն մատյանում ոսկե տառերով կգրվի 1992 թվականի հունիսին ազերի հրոսակների դեմ շեխերցիների տարած պատմական հաղթանակը, որը բարձր է գնահատել Մոնթեն: Զորավարին հիացրել էր գյուղի ինքնապաշտպանական ջոկատի մարտիկների արիությունը, նրանց հմուտ մարտավարությունը: Պատերազմի տարիներին գյուղը ոչ միայն սննդամթերքով ռազմաճակատին է օգնել, այլև շրջափակման մեջ գտնվող Արցախի մյուս բնակավայրերին: Շեխերից Ստեփանակերտ է առաքվել տոննաներով հաց: Եվ այդ ամենի մեջ շատ մեծ է այն ժամանակվա Շեխերի կոլտնտեսության նախագահ Մանվել Ավագյանի ներդրումը: Դեռևս 1989¬ից ազերիները հետապնդում էին Մանվելին, նրա դեմ դավեր նյութում: Սակայն նա իր հայրենի հողի հավատարիմ զավակն էր, և այսօր էլ` նույն հայրենասերը: Շեխերցիների պատմական հաղթանակն, այո, ձեռք բերվեց նաև կազմակերպչական բարձր տաղանդով օժտված իրենց ղեկավարի նվիրումի շնորհիվ: Մանվելը բնիկ շեխերցի է: Երկհարկանի տուն ունի գյուղում: Նրա հարկի տակ իր երեխաների ու թոռների խինդ ու ծիծաղն են: Մանվելի համար միշտ էլ թանկ է եղել մի ողջ գերդաստանի շունչը պահպանող հայրական տունը: Արդեն 10 տարի է` Ջիվանի գյուղի համայնքի ղեկավարն է: Ու հիմա Շեխերից Մանվել Ավագյանի հետ գնում ենք Ջիվանի: Երկու գյուղերն իրար կապող ճանապարհն անցնում է կանաչ մարգագետինների ու թթենու այգիների միջով: Մինչ նախկին ադրբեջանական Ղաջար գյուղի ազատագրումը, հնարավոր չէր այս վայրերով անցնել. աջ ու ձախից հառնող քերծ ու քարափների ետևում, ի՞նչ իմանաս… թուրքի կերպարանքով դարանակալած ոսոխը ծարավի է հայի արյան: - Այստեղ կատաղի մարտեր են եղել: Այս հողը մեր տղաների արյամբ է սրբագործված, դրա համար էլ նրա ամեն մի թիզը սուրբ է մեզ համար,¬ պատմում է Մանվել Ավագյանը: …Գյուղն իր երկհարկանի առանձնատներով կանաչների մեջ է բազմած: Մարտունու և Հադրութի շրջանների միջև սեպի նման խրված նախկին ադրբեջանաբնակ այս շենն ազատամարտի տարիներին մի քանի անգամ ձեռքից¬ձեռք է անցել: Հայկական հնամենի բնակավայրը վերջապես ազատագրվեց 1993¬ին ու նորը կառուցվեց, որն, ի պատիվ մեծանուն գուսանի, կոչվեց Ջիվանի: Տնամերձ այգիներ հիմնվեցին, կառուցվեցին ակումբ ու բուժկետ, գյուղապետարան ու դպրոց: Գազաֆիկացված գյուղն ապահովված է մշտական ջրով: Տասնմեկ տարեկան է Ջիվանին: Բնակիչները հիմնականում վերաբնակներ են. եկել են Ջավախքից, Բաքվից, Սումգայիթից, Մայկոպից` ընտանիքներով: Նրանց հատկացված առանձնատները կառուցվել են պետական միջոցներով: Վերաբնակները հիմնականում երիտասարդներ են, բազմանդամ ընտանիքների զավակներ: Հողագործ ներ ու այգեգործներ են նրանք, մեխանիզատորներ ու շինարարներ: Շատերը ծառայում են Պաշտպանության բանակի զորամասերում, զորանոցներ, սոցիալ¬կենցաղային օբյեկտներ են կառուցում, վերանորոգում ռազմական տեխնիկան: Ջիվանիում ծննդյան ու հարսանյաց տոներ են լինում, և օր¬օրի իր թևերը տարածող գյուղը ծփում է տոնական լույսերի մեջ: Գյուղում հանդիպեցի ազատամարտիկներ Նելսոն Ստեփանյանին, Սաբիր Ավշարյանին ու Արսեն Խաչատրյանին: Երեքն էլ Արցախյան ազատագրական մարտերի մասնակիցներ են: Ընտանիքներով Ջիվանիում են ապրում: Արսենի աջ ձեռքը չկա, մի ձեռքով է վարում մեքենան: Մարտի ժամանակ հակառակորդի ականի պայթյունից շրջվել է զրահամեքենան, և Արսենի ձեռքը մնացել է թրթուրների տակ: Ազերիներին չհանձնվելու համար նա հանել է դանակը, կտրել ձեռքը… Փորձում էի մտովի տեսնել քաջամարտիկին այդ պահին ու… սարսռում էի: Չորս երեխաների հայր է Նելսոն Ստեփանյանը: Տանկի անձնակազմի մեխանիկ¬վարորդ է եղել: Նելսոնի հուշերում շատ բան է պահպանվում ազատամարտի հերոսական օրերի մասին: Ջիվանիում ամեն տարի զորակոչ է լինում: 18-19 տարեկան պատանիները մեկնում են զինվորական ծառայության` իրենց հայրերի ու եղբայրների տքնաջան աշխատանքով ծաղկուն այգեստաններ դարձած հայրենի եզերքը պաշտպանելու: Եվ ավանդույթին հավատարիմ` բանակից վերադարձած իր որդիներին գյուղը երգ ու երաժշտությամբ է դիմավորում: Հարությունյանների տանն ենք: Զուսպ, սակավախոս, համեստ մարդ է տանտերը` Նորայր Հարությունյանը: Գյուղի դպրոցի տնօրենն է: Ախալքալաքի շրջանի Խավետ գյուղից է եկել` մոր և քրոջ հետ: Ավելի քան 10 տարի է` Ջիվանիում են բնակվում: Մայրը` Կարինեն, մասուրով թեյ է հյուրասիրում մեզ: - Երբ եկանք այստեղ, ոչինչ չունեինք: Առաջին մարդը, ով մեզ օգնության ձեռք մեկնեց, Մանվել Ավագյանն էր: Նա մեզ ապահովեց տնամերձով, ալյուրով, սերմացուով, տրամադրեց գյուղտեխնիկա: Այսօր, փառք Աստծո, ամեն ինչ ունենք,¬ ասում է Կարինեն,¬ մենք այստեղից ոչ մի տեղ չենք գնա: Հանդիպումների, զրույցների ժամանակ դժվար չէր համոզվել, որ գյուղում մեծ հարգանք է վայելում համայնքի ղեկավարը: Ակնածանքի վերածված այդ հարգանքը Մանվել Ավագյանն իր ազնվագույն աշխատանքով է վաստակել, որի մեջ հոգի ու նվիրում է դրված` մարդկանց հանդեպ իր սրտացավությամբ ու հոգատարությամբ: Երբ զրուցում էինք, ասաց. - Ամենաթանկը մարդկային արժանապատվությունն է: Ով արհամարհում է, նսեմացնում մարդուն, նա նույնպես հանցագործ է: Ու լռեց: Ապա մարտական ընկերներին հիշեց` վաշտի հրամանատարներ Բորիկ Ջիվանյանին, Վիտալիկ Ամիրջանյանին, վիրաբույժ Գրիգորի Գասպարյանին, որոնց հետ ինքը պատերազմի դժվարին փորձությունների միջով է անցել, հազար անգամ նայել մահվան սառն աչքերին… Մարտունիում է ապրում Գրիգորի Գասպարյանը` ընտանիքով: Այդ ծանր տարիներին տասնյակ ազատամարտիկների կյանք է փրկել բժիշկը, վերստին շարք վերադարձրել: Մանվելը Մարտունու զինվորական հոսպիտալում է տեսել բժշկի հոգնատանջ դեմքը` ծանր վիրահատությունից հետո, նայել փրկված զինվորի աչքերին և բժշկի հետ մեկտեղ ապրել հաղթանակած կյանքի անհուն բերկրանքը: «Հայրենյաց պաշտպան» մեդալը, բազմաթիվ պատվոգրերը, շնորհակալագրերն ու պարգևները Մանվել Ավագյանի` հայրենիքին մատուցած անուրանալի ծառայութ յունների վկայությունն են: - Գնանք` ցույց տամ գյուղի նոր դպրոցը,¬ ասաց ու քայլեց առաջ: Դպրոցի շենքը տիպային է, նոր են շահագործման հանձնել: Տնօրեն Նորայր Հարությունյանը մեզ ցույց տվեց ընդարձակ, լուսավոր մարզադահլիճն ու համակարգչային սենյակները: Այստեղ ամեն ինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով է ստեղծվել: Մոնթե Մելքոնյանին նվիրված մարտական փառքի սրահ կա դպրոցում: - Կրակակետի վերածված ադրբեջանաբնակ Ղաջար գյուղի գրավման մարտավարական պլանը մշակելու նպատակով զորավարը հաճախ էր լինում այս վայրերում: Նրա այցը տոն էր մեզ համար,¬ ասում է ազատամարտիկ Արայիկ Սարդարյանը: Երեսունյոթ տարեկան է Արայիկը, երեք երեխաների հայր: 1992¬ին կորցրեց եղբորը` Անդրանիկին, ում 19 տարին նոր էր բոլորել: Արայիկի որդին` 6-ամյա Մուշեղը, Ջիվանիում է ծնվել: Մուշեղն այգու խորքերից վազելով գալիս, ուրախ նետվում է հոր գիրկը: Ամառային արևի թուխն է մանկան դեմքին: - Երբ մեծանաս, ի՞նչ ես դառնալու,¬ հարցնում եմ: - Զինվոր,¬ առանց վարանելու ասում է Մուշեղը: Նրա զուլալ աչքերում Ջիվանու խաղաղ լուսաբացների քնքշանքն էր շողում:

Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ