Նա մեզանից հեռանում է միայն ֆիզիկապես


Նա ծնվել էր գարնանը` մայիսի 9¬ին 1922 թվականի: Եվ այն ժամանակ ոչ մեկը չէր կարող մտածել, որ իր ծննդյան օրը կրկնակի խորհուրդ է ունենալու և կրկնակի տոն է դառնալու Ժորա Հարությունյանի ու նրա հարազատների համար: Այն ժամանակ ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ նրա ծննդից 19 տարի հետո Համաշխարհային 2¬րդ պատերազմն է սկսվելու, որին անձնվիրաբար մասնակցելու է նաև ինքը, և հենց իր ծննդյան օրը ողջ աշխարհը տոնելու է ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը: Տակավին պատանի, Ժորա Հարությունյանն իր բազում հայրենակիցների հետ կամավոր ռազմաճակատ մեկնեց, մասնակցեց մարտերին, վիրավորվեց: Հայրենիքի պաշտպանությանը նա մասնակցել է համոզմունքով և մինչև վերջ հավատարիմ մնաց այդ համոզմունքին: Հայաստանի անկախացումը նրա վաղեմի երազանքն էր, և մեր անկախության արշալույսին ցավով էր լսում այն կարճատես դատապարտումները, թե Խորհմիության համար պատերազմողները մեր երկրի համար չեն պայքարել: - Չեն հասկանում, որ Սովետական Միության պարտությունը Հայաստանի համար կործանարար կարող էր լինել… Պատերազմին մասնակցության համար կառավարական պարգևներն ու 21 մեդալները, շքանշանները նա լավագույն գնահատանքն էր համարում: Իր շատ սերնդակիցների նման Ժորա Հարությունյանը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, ոչ մի պահի չկորցրեց լավատեսությունը, միշտ հոգատար եղավ բոլորի հանդեպ: Նպատակասլացորեն ու բարի կամքով միշտ որոնել և գտել է իր ծրագրերի իրագործման բանալին: Դրա վկայությունը ընկերների վստահությունն էր ու մերձավորների սերը նրա նկատմամբ: Ու նաև` աշխատանքային հաջողությունները. 5 տասնամյակ նա աշխատել է գյուղատնտեսության բնագավառում` միշտ պատասխանատու պաշտոններ վարելով… Ճակատագրի բերումով կյանքի վերջին տարիները նա էլ հայրենիքից հեռու ապրեց, կարոտը սրտում` հայ տարագիրի նման: Մարդու ապրած կյանքն իր վաստակով է չափվում, իր թողած բարի համբավով: Ու եթե կան վաստակն ու բարի համբավը, երկրային կյանքում ապրած տարիները միշտ քիչ են թվում: Հարազատներն ու ընկերները սրտի թրթիռով էին սպասում 2012¬ին, որպեսզի շուքով նշեն սիրելի հոր, պապիկի, ընկերոջ ծննդյան 90-ամյա հոբելյանը: Չհասցրի´ն: Կենսասեր այդ մարդուն չխնայեց անողորմ հիվանդությունը: Սակայն մխիթարվենք այն համոզմունքով, որ նա մեզանից հեռանում է միայն ֆիզիկապես, բայց նրա թողած հիշատակը, նրա բարի խրատները, շիտակ ապրելու նրա պատգամը միշտ ուղեկցելու և պարտավորեցնելու են իր հարազատներին, բոլոր մերձավորներին: Ժորա Հարությունյանի երկրային կյանքի վերջակետն էլ գրեթե կրկնակի հիշարժան դարձավ. նրա ծննդյան օրը հետո Հաղթանակի տոն դարձավ, իսկ մահվան օրվա նախօրյակին` հունիսի 22¬ին, սկսվել էր 2¬րդ աշխարհամարտը… Հիրավի անքննելի է Աստծո կամքը, և նման զուգադիպությունները հազիվ թե պատահական լինեն: Ժորա Հարությունյանին մենք հրաժեշտ ենք տալիս երկրային կյանքում և ասում ենք` «Երկնքի արքայության դռները թող բացվեն քո առջև»: «ԱՎԱՆԳԱՐԴԻ» խմբագրակազմ Խորապես ցավակցում ենք մեր «Ավանգարդի» խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանին, Մարիետա, Հովհաննես, Հեղինե, Քնարիկ, Նաիրա Հարություններին, Սյուզաննա, Տաթևիկ Ավետյաններին` սիրելի հոր, սկեսրայրի, պապիկի` ԺՈՐԱ ԱՇՈՏԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ մահվան կապակցությամբ: Վալտեր Այդինյան, Վիսլա Սեդրակյան, Ռաֆիկ Հովհաննիսյան, Սամվել Մուրադյան, Ալբերտ Միքայելյան, Ռաֆայել Սիմոնյան, Կառլեն Բաբայան, Նիկոլայ Ավանեսյան, Արմեն Տեր¬Քառյան