Ամենատարեց աշակերտուհին


Ճապոնական Կոբե քաղաքի մասնագիտացված երեկոյան դպրոցի ամենաավագ շրջանավարտը 91 տարեկան է: Սիձուե Հիրաիի ճակատագիրը դյուրին չի եղել: Վաղ մանկությունից կորցրել է ծնողներին և 12 տարեկանից սկսել է աշխատել: 18 տարեկանում ամուսնացել է, բայց 5 ամսից ամուսինը զոհվել է պատերազմում` Ասիայում: Պատերազմի ավարտից հետո Սիձուեն նորից ամուսնացել է և 4 զավակներին խնամելուն զուգահեռ աշխատել է կոշիկի արտադրությունում: 1995 թ., Հանսինի մեծ երկրաշարժի ժամանակ ամբողջովին այրվել է նրա տունը: Ուսում ստանալու ձգտումը, սակայն, ոչ մի պահի չի լքել կնոջը: «Հասունության» ատեստատ ստանալիս` նա չի թաքցրել ուրախությունը. - Այս դպրոցն իմ երիտասարդությունն է: Ես ինձ վերադարձրի այն, ինչը կորցված էր: Ուսման երեք տարիները շատ արագ թռան: Կցանկանայի ուսումս շարունակել: Այս օրը թող դառնա այն օրը, որից սկսվում է իմ կյանքի նոր ճանապարհը: