Ո՞րն է խորհրդավոր լռության գաղտնիքը


Այսօր, մայիսի 29-ին, պետք է ստորագրվի Եվրասիական Միության հիմնադրման մասին փաստաթուղթը: Եվրասիական Միությունը, ըստ ՌԴ նախագահ Վ. Պուտինի, պետք է սկսի գործել 2015 թվականից, իսկ Հայաստանը, դարձյալ ըստ Վ. Պուտինի` Միությանը պետք է միանա հետագայում: Սակայն մինչև հիմա Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության հարցը լուծված չէ: Դրան խոչընդոտում է Արցախի հարցի կարգավորված չլինելը:

Խնդիրն այն է, որ ՄՄ հիմնադիրներ համարվող Ղազախստանը և Բելառուսը պահանջում են, որ մաքսակետ տեղադրվի Հայաստանի և ԼՂՀ միջև, ինչի հետ իրավամբ չի համաձայնվում պաշտոնական Երևանը: Վերջերս, Ազգային Ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը հարց ուղղեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին, թե վերջինս արդյոք կարո՞ղ է խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարել, որ ԼՂՀ և ՀՀ միջև մաքսակետ տեղադրվելու դեպքում իշխանությունները կհրաժարվեն անդամակցել ՄՄ-ին: Վարչապետը Արզումանյանին հորդորեց շատ չխոսել այդ մասին, որովհետև դա խանգարում է բանակցություններին: Իսկ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի լինի այնպես, ինչպես մենք ենք ուզում: Ինչպես երևում է, այդ թեմայով բանակցությունները ծանր են, որովհետև Բելառուսն ու Ղազախստանը համառում են հայկական երկու պետությունների միջև մաքսակետ տեղադրելու հարցում, Ռուսաստանը նույնպես չի ցանկանում նեղացնել Ադրբեջանին, որին գերժամանակակից զինատեսակների գլխավոր մատակարարն է ինքը:

Այս խնդրում համառորեն խորհրդավոր լռություն են պահպանում Հայաստանում ռուսաստանամետ այն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր Եվրամիության և Եվրասիական միության միջև ընտրություն կատարելու ժամանակ արտահայտվում էին երկրորդի օգտին: Լռում են նրանք, ովքեր շահարկում էին ԼՂՀ խնդիրը` ասելով, թե Եվրասիական Միություն մեր գնալու դեպքում Ռուսաստանը կօժանդակի, որ Ղարաբաղը Հայաստանի հետ միասին ընդգրկվի այդ Միության կազմում:

- Մենք` հայերս, պարտավոր ենք այդ պարագայում պարզապես պարելով գնալ դեպի Եվրասիական Միություն,- կուրծք էին ծեծում նրանք:

Այժմ մեզ ստիպում են չնեղացնել մեր ռազմավարական գործընկեր և ՀՀ անվտանգության երաշխավոր համարվող, բայց միաժամանակ նաև Ադրբեջանին գերժամանակակից հարձակողական զենք մատակարարող Ռուսաստանի զենքի գնորդին և համաձայնվել ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետ տեղադրելուն: Հետաքրքիր է` այդ նույն անձինք դարձյա՞լ պետք է պնդեն, որ հայերս պարտավոր ենք պարելով ընդունել հազարավոր հայորդիների արյան գնով ազատագրված հայկական տարածքների և ՀՀ միջև մաքսակետ տեղադրելու, որ նույնն է, թե Արցախը վերջնականապես կորցնելու պարտադրանքը...

Ա. Դ.

«Մի´ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան: Չասես թէ. «Գնա´, կգաս` վաղը կտամ». մինչդեռ կարող ես բարությունդ անել, քանի որ չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ»:

Առակաց 3, 27-28

 

...Դժվար չէ նկատել, թե ինչպես է Հայաստանում զարգանում քաղաքական և քաղաքացիական այն դաշտը, որն արտացոլում է երկրում առկա միտումների, գաղափարների ու դրանք կրող կուսակցությունների ազատ մրցակցությունը: Ձևավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքիր և հարուստ խճանկար, որտեղ դատարկ տարածություններ գրեթե չկան: Այդ իրավիճակը լավագույնս ներկայացված է Հայաստանի խորհրդարանում, որը հանդես է գալիս որպես համապարփակ քաղաքական համակարգ:

Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, իմ համոզմամբ, թշնամիներ չեն, նույնիսկ եթե մեր որոշ քաղաքացիների մոտ բուռն քաղաքական բանավեճերի լայն լուսաբանումից նման տպավորություն ձևավորվի: Մենք կիսելու հայրենիք չունենք. մենք պետք է իրար փոխլրացնենք, որպեսզի պաշտպանենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը: Իշխող քաղաքական ուժը և ընդդիմությունը պետության համար նույնն են, ինչ մարդու երկու ձեռքերը. անհրաժեշտ է և´ աջը, և´ ձախը: Երկուսն էլ ունեն իրենց հստակ գործառույթները: Նրանցից մեկի խեղումից մյուսն ավելի ուժեղ չի դառնում. պարզապես մարդը դառնում է անդամալույծ:

Հանրապետականը նման հեռանկար մեր պետության համար թույլ չի տա: Հանրապետականը շարունակելու է ամրապնդել իր տեղն ու դերակատարությունը մեր երկրում, սակայն դա չի պատրաստվում անել այլ քաղաքական ուժերի հաշվին: Ավելին, Հանրապետականը խրախուսելու է նաև այլ քաղաքական դերակատարների համախմբումը` քաջ գիտակցելով, որ ուժերի համադրումը, բյուրեղացումն ու միակցումը զարգացման օբյեկտիվ հրամայականն են: Եվ որպեսզի քաղաքական դաշտն անընդհատ ամրապնդվի ու կայուն զարգանա, մենք շարունակելու ենք այն առողջացնել` ձերբազատվելով մաղձից, ատելությունից և կասկածամտությունից: Մեր քաղաքականությունը կառուցելու ենք կոռեկտության և հարգանքի հիմքի վրա` ակնկալելով այլ քաղաքական ուժերի փոխադարձ հարգանքը:

Հատված` ՀՀԿ XV համագումարում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթից