Ներեք համբույրս


Իրանական արտիստուհի Լեյլա Հաթամին, թերևս, ստիպված էր ներողություն խնդրել` իր երկրի բարքերին ոչ հարիր պահվածքի համար: Կաննի կինոփառատոնում նա համբուրել էր փառատոնի նախագահ Ժիլ Ժակոբի այտը:

Եթե Իրանի ղեկավարությունը բավարարվել էր տիկնոջ այդ արարքը դատապարտելով, ապա արմատական տրամադրություններ կրող ուսանողուհիները նույնիսկ կոչ էին արել` նրան պատժել մտրակի հարվածներով: Մեղանչական իր ուղերձում արտիստուհին բացատրել էր, որ նմանատիպ միջոցառումներից առաջ ինքը միշտ պայմանավորվում է կազմակերպիչների հետ` իսլամի կանոններով պահանջվող սահմանափակումները չշրջանցելու:

- Բայց ինչ վերաբերում է Ժիլ Ժակոբին, ով համարյա 90 տարեկան է և վերջին անգամ է մասնակցում փառատոնին, նա հավանաբար մոռացել էր իմ ասածները, ինչը հասկանալի է նրա տարիքի մարդու համար,- գրել է Խաթամին` հավելելով.

- Նույնիսկ ձեռքը սեղմելուց հրաժարվելու իմ նախազգուշական քայլը նրա պարագայում չգործեց: Ինձ համար նա պապիկ է, որին ես հյուր էի (տեղեկացրել է BBCRussiΖn-ը):

Աշխարհի բազմաթիվ երկրներում այտը համբուրելը ողջույնի սովորական ձև է, սակայն շարիաթի օրենքով` կինը մարմնական շփում կարող է ունենալ միայն ամուսնու և ընտանիքի անդամների հետ: