ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ


Հին« հայտնի ճշմարտություն է, եթե ուզում ես մեկ տարի ապրել` ցորեն ցանիր« 1700 տարի` եկեղեցի կառուցիր: Իսկ եթե վճռել ես ապրել հավերժ` ցորեն ցանիր« եկեղեցի կառուցիր ու զինվոր ծնիր: Հա´յ զինվոր:

Պատերազմի ճշմարտությունը...

«Բյուրոկրատ» գրախանութում Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան տարեդարձի տոնակատարությունն է: Լեփ-լեցուն սրահից դժվարությամբ ենք դուրս գալիս: Երկարաձգված արարողությունից հետո անգամ, վերջին պահին, բոլորն ուզում են նրան շնորհավորել, ողջագուրել, հետը լուսանկարվել:

Փողոցում հոբելյարը լուռ է:

- Այնպես էին ուրախացել, կարծես քսանամյակն էին տոնում,- հոբելյարի լռությունը յուրովի է փորձում բացատրել ամենատարեց արծիվ-մահապարտը` Սպարտակ Մաթևոսյանը : -Չեն հասկանում, որ այս հասակում (երևի իրեն էլ նկատի ունի) ամեն անցնող տարին վերջին է մոտեցնում, վերջ է տանում:

- Մահը նրան ի՞նչ պիտի անի,- տարակուսում եմ:

- Ո˜նց թե ինչ պիտի անի,- ավելի են տարակուսում քայլընկերներս:

- Վարդան Մամիկոնյանին, Անդրանիկին, Նժդեհին ու Դրոյին ի˜նչ արեց: Անմահացրե´ց:

Հոբելյարը լուռ է:

Պատմությունը Ժամանակն է իմաստավորում` ապրիլը մեզ համար վշտի ու կորստի ամիս է, մայիսը` հաղթանակների: Ըստ հինավուրց դիցավեպի, Հայկ Նահապետը` մեր անվանադիրը, մայիս ամսին, Վանա ձկնառատ լճի ափին լայնալիճ աղեղով ու երեքթևյան նետով պարտության մատնեց Բելին: Ու անընկալելի, անմեկնելի զուգադիպությամբ շարունակվեցին մեր պատմության բախտորոշ` մայիսյան հերոսամարտերը, արդարամարտերը, գոյամարտերը Ավարայրում, Վանում, Սարդարապատում: Նույն` մայիս ամսին ծնվեց Արկադի Տեր-Թադևոսյանը: Որ դարձյալ մայիս ամսին ազատագրի Շուշին: Առաջին անգամ նրա հրամանատարությամբ Հայոց ազգային բանակն ու աշխարհազորայինները ոչ թե սոսկ թշնամական խաժամուժին դիմագրավեցին, այլև ազգային տարածքներ ազատագրեցին, պատմական ճշմարտությունը վերականգնեցին:

Պատերազմի ճշմարտությունը...

Ես Վարդան Մամիկոնյանին չեմ տեսել, Անդրանիկի, Նժեհի, Դրոյի մասին շատ եմ կարդացել, վերահուղարկավորություններին եմ մասնակցել, բայց միևնույնն է, որոշակի չեմ պատկերացնում: Դրա համար շատ եմ ուզում, որ հաջորդ սերունդները Շուշիի ազատարարին պատկերացնեն այնպիսին, ինչպիսին իրականում է` բացառիկ լռասիրությամբ ու վեհանձն զսպվածությամբ, անհավակնոտ ինքնամփոփվածությամբ: Տարիներն անցնում են, նա չի փոխվում, ու երևի նաև դրա համար եմ կեցվածքով, պահվածքով անթաքույց հիանում:

- Արկադի Իվանիչ,- ասում եմ` Սևանի ափին ենք, ու լճի լուրթ խայտանքը ոնց որ թե ժպիտ է ցոլացնում դեմքին,- ե՞րբ եմ ձեր մասին գիրք գրելու: Հավաստի, ճշմարտապատում գիրք:

Իսկույն մռայլվում է.

- Ի˜նչ ես գրելու, որ ես զինվո՞ր եմ եղել, մարդկա՞նց եմ ոչնչացրել, բնակավայրե՞ր եմ ավերել:

- Դուք պարտադրված պատերազմում հաղթել եք:

- Է˜հ,- ձեռքը թափ է տալիս նա:

Պատերազմի ճշմարտությունը...

Ասում են` երկրորդ աշխարհամարտի ամենաօրհասական օրերին, երբ Ստալինին են ներկայացնում Խորհրդային Միության հերոսի կոչման առաջադրվածների հերթական ցուցակը, նա ստորագրելու համար կարմիր մատիտը վերցնում ու նույն պահին էլ շրխկոցով մի կողմ է նետում.

- Ի˜նչ եք անընդհատ «յան»-երի ցուցակներ բերում, մեր երկրի մյուս ժողովուրդները չե՞ն կռվում:

Ժողովուրդների «հայրը» ճիշտ էր նկատել` հայերը Խորհրդային Միությունում համեմատաբար փոքրաթիվ ժողովուրդ էին համարվում, բայց ազգային վեց դիվիզիաներով էին մասնակցում պատերազմին, տարբեր ռազմաճակատներում մարտական գործողությունները ղեկավարում էին 60-ից ավելի հայ գեներալներ: Հայաստանցի մարտիկները խորհրդային բանակի կազմում այնպիսի անձնազոհությամբ կռվեցին ֆաշիզմի դեմ, որի նկատմամբ դեռևս առաջին աշխարհամարտից ոխ ու քեն ունեին, որ 103 հայ բանակայիններ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան: Նելսոն Ստեփանյանին այդ բարձր պարգևը շնորհվեց երկու անգամ:

Ժողովուրդների հայրն ի˜նչ իմանար, որ Մամաև Կուրգանից ընդհուպ Բեռլին` Տիրգարդեն ձգվող ռազմաճակատում, Նելսոն Ստեփանյանն իր բնօրրանի` Շուշիի ազատագրության համար է կռվում:

Պատերազմի ճշմարտությունը...

Դա ցնորք, երազանք չէ, մեր իրականությունն է` այնքան անշրջելի, որ արդեն բնական, սովորական է թվում: Հաղթահարում ես Զանգեզուրի վերջին ցածրալեռնային սարավանդը, գետանցում Հակարին ու քեզ համակում է մի զգացում, որ չի լքում ամբողջ ուղևորության ընթացքում: Դու քո ազատագրված հայրենիքում ես: Այս լեռնաշխարհը քոնն է: Մեկընդմի´շտ: Հանուն քո այդ զգացողության, քո արժանապատիվ հպարտության, Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների թանգարանից 3055 դեմքեր նայում են քեզ: Մոտավորապես նույնքան դեմքեր են քեզ նայում Երևանի «Մայր Հայաստան» զինվորական թանգարանից:

Մայիսի 9-ի վաղ առավոտյան, ազատագրության հերթական տարելիցին, Շուշի ենք բարձրանում մարտական հրամանատարի` Արկադի Տեր-Թադևոսյանի հետ: Քիչ առաջ նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հերոսի կոչում են շնորհել, բայց նա բոլորի քայլում է ոտքով: Այդպես մեր պապերը ժամանակին ուխտ էին գնում: Նկատելով, թե ինչպիսի դժվարությամբ է հաղթահարում բարձունքը, ստեպ-ստեպ կանգնում է, քայլերս դանդաղեցնում եմ, հարցնում.

- Բա 1992-ի մայիսի այս նույն օրը ինչպե՞ս նույն քարակարկառները հաղթահարեցիք, արկերի կրակահերթերից չերկնչելով, մի քանի ժամում Շուշի մտաք:

Կոմանդոսը խորը շնչում է.

- Այն ժամանակ մենք շտապում էինք հայրենիք ազատագրել, համազգային նվիրական նպատակ իրականացնել:

Պատերազմի ճշմարտությունը...

Որպեսզի Շուշին հայաթափեն` ոսոխներն ընդամենը 15 տարում երկու անգամ` 1905 և 1918-20 թվականներին քաղաքում հայկական նախճիրներ սանձազերծեցին, եկեղեցիները, վարժարանները, անգամ առանձնատները հրկիզեցին, ողջ մնացածներին արտաքսեցին: Իրենց կարծիքով` ընդմիշտ: Բայց ահա´, հայերը վերադարձել են ու նորից եկեղեցիներ, վարժարաններ, առանձնատներ են կառուցում: Այս անգամ նրանք համոզված են` ընդմի´շտ:

Արկադի Տեր-Թադևոսյանն իր բնավորությանը հավատարիմ աշխատում է աննկատ մնալ, բայց նախկին զինվորները, տոնախմբության մասնակիցներն ու անգամ հյուրերը նրան ճանաչում, շրջապատում են և եթե թույլ տա` ուսամբարձ հրապարակ կտանեն: Ես այդ մեծարմանն առնչություն չունեմ, Արկադի Իվանիչին թողնում եմ Շուշիի` հաղթանակի բերկրանքով ցնծացող հրապարակում, ելնում եմ միջնաբերդ, հասնում եմ ամենաբարձր աշտարակին:

Եվ այստեղից` Շուշիի բերդամրոցից առաջին անգամ տեսնում եմ ամբողջ Արևմտահայաստանը:

Ազատագրվա´ծ Արևմտահայաստանը:

Շնորհակալությո´ւն Զորավար, վաղվա այդ հավատի համար: