Վաղուց է` «թատրոն» չեմ խաղում


Դերասան, հեռուստանախագծի հաղորդավար Սերգեյ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ հանրության կողմից ճանաչելի դարձավ Կամերային թատրոնում կերտած իր մի շարք դերերով, որոնցից առավել հայտնի են` «Ի Զեն», «Արմմագեդոն», «Ճամպրուկ», «Սերոժիկ», «Շարքային Դանիելյան», «Ինչպես ես դարձա տղամարդ» և այլն:

- Որոշ մարդկանց Դուք նյարդայնացնում եք, իսկ ի՞նչը կամ ո՞վ կարող է Ձեր նյարդայնացնել:

- Կամ նյարդերս է ուժեղ, կամ` նյարդային համակարգս. ոչինչ ինձ չի կարող նյարդայնացնել:

- Կարելի է ենթադրել, որ չունեք չարակամներ կամ թշնամիներ:

- Կան մարդիկ, որ ինձ թշնամի են համարում ու թշնամաբար են վերաբերվում, չարախոսում, բայց ոչ մեկին ինձ թշնամի չեմ համարում և ոչ մեկին չեմ չարախոսում: Դա իրենց խնդիրն է, ոչ իմը: Եթե մարդ ապրում է իր կյանքով` չի էլ մտածում չարախոսելու կամ թշնամություններ անելու մասին:

- Կի՞նն է լավ կարողանում կերտել տղամարդու դեր, թե՞ տղամարդը` կնոջ:

- Կինը չի կարող խաղալ տղամարդ: Ես ամեն դեպքում նման խաղ չեմ հիշում, իսկ տղամարդիկ միշտ են կերտել կնոջ կերպարներ, ուսումնասիրել կնոջ հոգեբանութ յունն ու մտածելակերպը:

- Ի՞նչն է Ձեզ համար անցանկալի:

- Հայկական մենթալիտետում շատ են վատը ու սխալը: Հայերս ունենք պատանդի հոգեբանություն: Երեխան պատանդ է ծնողին, ծնողը` երեխային: Երեխան պետք է ծնողին հատուցի նրա բոլոր արածների համար, մնա հաշվետու, իսկ ծնողն իր 30 տարեկան երեխայի հոգսերը տանի: Թոշակառու ծնողը պետք է մտածի իր երեխայի ապագայի մասին, մինչդեռ երեխան 40 տարեկան ձի է: Դա գալիս է ինչ-որ չափով նաև սոցիալական անապահովությունից, որ մի քանի ընտանիք ապրում է մի տանիքի տակ: Մեզ մոտ այնպես է, որ քանի ծնողդ սաղ է, թեկուզ տան մեջ լինեք շուն ու կատու, պետք է կախված լինեք իրարից:

- Կրկին մենթալիտետի՞ խնդիր է, որ տղաները նախընտրում են լինել խաբված, քան իմանալ ճիշտը և այդպես ընդունել աղջկան, եթե աղջիկն ունեցել է ընկեր կամ հարաբերություններ այլ տղայի հետ:

- Աղջիկն այսօր չի կարող չխաբել տղամարդուն, քանի որ նրա դիմացի տղամարդը, սահմանափակ ուղեղ ունենալով, կնոջը նայում է որպես սեփականություն և փորձում է օգտագործել:

Ոչ մեկս չի ուզում օգտագործված ապրանք ունենալ: Քանի որ կինը հայ հասարակությունում դեռ դիտվում է որպես ապրանք, և կնոջը ընտրում են այնպես, ինչպես կարող են ընտրել ձի: Տղամարդիկ ստուգում են կնոջը, թե ինչ է արել, ինչ է ունեցել, դիպլոմ ունի՞, թե չէ, կո՞ւյս է, թե չէ: Սա նախնադարյան մտածելակերպ է, որը դեռ կա այսօր, բայց արդեն ոչ բոլորն են այդպես մտածում ու վարվում:

- Ամուսնության համար ո՞ր տարիքն է առավել ցանկալին:

- Լավագույն տարիքը այն է, երբ կա ֆինանսական և հոգեբանական անկախություն միջավայրից և ընտանիքից` նոր ընտանիք կազմելու համար: Իսկ տարիքային տարբերությունը ամեն մարդ ինքն է որոշում: Թեև մեզանում կա որոշակի տարիք, երբ մարդիկ մտածում են, որ արդեն ուշ է, պետք է ամուսնանալ: Այսինքն` մարդ ինքն է իրեն դնում քառակուսիների մեջ կամ վերածվում ռեժիմային մեխանիզմի:

- Սերն անցնո՞ւմ է:

- Երբեք ոչինչ չի անցնում, ուղղակի ամեն ինչ կուտակվում է, ինչի շնորհիվ էլ մենք հարուստ ենք: Իմ հասուն տարիքից մինչև հիմա ոչ մի ապրում չի անցել կամ մոռացվել:

- Ե՞րբ չեք խաղում: Թե՞ միայն բեմի վրա եք խաղում:

- Ինձ թվում է` ես բեմի վրա էլ այլևս չեմ խաղում. ամենուր այն եմ, ինչ կամ: Վաղուց արդեն այդպես է, վաղուց է «թատրոն» չեմ խաղում:

- Ժպտո՞ւմ եք, երբ հիշում եք...

- Ես ժպտում եմ` առանց որևէ բան հիշելու (ժպտում է):

- Ինչո՞ւ Յոժ:

- Դա մանկուց է գալիս: Ծնողներս ասում էին Սերյոժա, Յոժ ու այդպես էլ մնաց. մեծացավ ինձ հետ, ու ես նմանվեցի Յոժի:

Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ