Հնարամիտ «բարեգործը»


Պետությանը խաբելու պրակտիկան, թերևս, հետխորհրդային բոլոր երկրների արատն է, խաբել կարողացողների` առավելությունը: Եթե ոմանք ցանկանում են իրենց գրպանի հաշվին խախտել օրենքը, ոմանք էլ հանուն իրենց գրպանի օգնում են նրանց:Մոսկվայում բնակվել ցանկացող դրսեկները շատ են, սակայն անձնագրային ռեժիմ կոչվածը խանգարում է: Բայց 2000 միգրանտներ այնտեղ գրանցում են հայթայթել մեկ ոստիկանի շնորհիվ: Իր բնակարանում նա ճիշտ այդքան մարդ է գրանցել:

Արդեն նախկին կրտսեր սպա Դմիտրի Վիգոննիի այս «բարեգործությունը», սակայն, բացահայտվել է, ու նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Անօրինական մոսկվացիներ պարտակողն իրեն խարդախ չի համարում (գրել է KP.ru-ն) և գտնում է, որ մարդկանց օգնելը մեղք ու հանցանք չէ:

Իր օգնությունը Վիգոննին գնահատել է 350 ռուբլի` յուրաքանչյուր անձից և վճարողներին գրանցել է իր բնակարանում: Բնակարան կոչվածն էլ 15 քառ. մետրանոց մի սենյակ է, որտեղ վերջին 7 տարում գրանցվել են մերձակա (ասել է թե` հետխորհրդային երկրների) 2 հազար «հյուրեր»:

- Ես բազմազավակ հայր եմ,- լրագրողին բացատրել է ոստիկանը:- Չորս երեխա առաջին կնոջիցս ունեմ, երեք երեխա` երկրորդից: Բոլորին կերակրել է պետք: Ոստիկանի աշխատավարձով չես ապրի:

Վիգոննին, երևում է, հոգատար հայր է: Այս գործարքներից բացի, աշխատանքից ազատ օրերին էլ նա շինարարությունում պահակ է աշխատել: Բայց ոստիկանությունը որոշել է չներել ապօրինիների ապօրինի «բիզնեսմենին» և նրան ազատել են աշխատանքից: Առժամանակ նա կնոջ հետ երեխաներին էր խնամում` նրանց նպաստի հույսին: Բայց հիմա նա այլ աշխատանք է գտել. դարձյալ «ապօրինիների» գծով. արդեն ինքն է նրանց փաստաթղթերը ստուգում: Այդ գործում այնքան է թրծվել, որ անվրեպ գիտե, թե որտեղ «որսա» Մոսկվայում գրանցում չունեցողներին:

- Ձեռնարկատերերի խնդրանքով ստուգում եմ աշխատողների փաստաթղթերի օրինականությունը: Ես իսկույն կարող եմ ասել, թե որ կայարանում և ով է կեղծել նրանց անձնագրերի կնիքները: Յուրաքանչյուր անօրինականի համար գործատուին սպառնում է 850 հազար ռուբլի տուգանք: Ես օգնում եմ նրանց և վաստակում եմ ավելի շատ, քան ոստիկանությունում: