Ինքնակերը


Ասում են` հիմա ոչինչ զարմանալի չէ: Բայց եթե զսպես զարմանքդ, ապա զզվանքդ պահել չես կարող` նորվեգացի էքսցենտրիկ նկարչի արարքից:

Ալեքսանդր Սելվիկ Վենգշտելը մանկուց տառապել է ի ծնե կոնքոսկրի ձևախեղմամբ: Մինչ 21 տարեկանը տեղաշարժվել է հաշմանդամի սայլակով կամ հենակներով: Վերջապես որոշել է վիրահատվել: Բայց` 2 նախապայմանով. նախ, խնդրել է որ բժիշկները լուսանկարեն վիրահատությունը, ապա` վիրահատությունից հետո իրեն հանձնեն կտրված ոսկորը:

Մարդասեր բժիշկները չեն մերժել տղային: Ապաքինվելուց հետո սա տուն է վերադարձել և... եփել է սեփական կոնքազդրային ոսկորը, որի վրա դեռ առկա էր մկանը: Եփել է` ամենաիսկական իմաստով. ապուր է պատրաստել:

- Սկզբում ես պարզապես ցանկանում էի այդ ոսկորն օգտագործել իմ ձևավորումներից մեկում: Ուտել չէի ծրագրել: Բայց հետո մտածեցի, որ եփելը լիովին տրամաբանական արարք է,- սեփական մարմնամասն ուտել-մարսելուց հետո պատմել է նկարիչը ու մանրամասնել.

- Իմ մասնիկը ես գցեցի եռացող ջրի մեջ ու սպասեցի` մինչև միսը ոսկորից անջատվի: Ի դեպ, մսի ոչ մեծ կտորներ այնուամենայնիվ մնացին ապուրի մեջ: Այդ ժամանակ մտածեցի` գրողը տանի, ամեն օր ես այսպիսի հնարավորություն չեմ ունենա: Մի փոքրիկ կտոր կերա սեփական մսիցս, ու ինձ դուր եկավ: Իր համով այն նման էր ոչխարի մսին: