ՄԵԾ ՍԻՐՈ ԵՎ ՄԵԾԵՐԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ԵՎ ԲՐԻՔ


Խելահեղ սեր երեքով

- Ես սիրում էի Օսյայի հետ սիրով զբաղվել: Այդ պահերին մենք Վոլոդյային փակում էինք խոհանոցում: Նա կպչում էր դռանը, ճանկռոտում այն և լաց էր լինում. ցանկանում էր մեզ մոտ գալ,- գրել է Լիլյա Բրիքը:

Վլ. Մայակովսկու բանաստեղծությունները լի են խելահեղ սիրով և ներծծված են հուսահատ կրքով: Նրա «Լիլիչկային» ևս ճանաչել ու սիրել են աշխարհի բոլոր երկրների ընթերցողները: Իսկ ամեն ինչ սկսվել էր Մայակովսկու և Լիլի Բրիքի քրոջ` Էլզայի սիրային կապից: Պոետն առժամանակ սիրահետում էր նրան, լինում նրա տանը. ծանոթ էր աղջկա ծնողների հետ: Հենց Էլզան էլ նրան ծանոթացրել էր քրոջ հետ: Այդ ժամանակ` 1915 թ. ամռանը Լիլին (նրան միայն Մայակովսկին էր այդպես դիմում) 24 տարեկան էր: Լինելով ապահովված գործարար, Լիլիի ամուսինը` Օսիպ Բրիքը, հետաքրքրվում է երիտասարդ տաղանդավոր բանաստեղծով: Ծանոթությունը վերաճում է բարեկամության. Բրիքները սիրահարված են նրա արվեստին, իսկ նա... Լիլյային:

Լիլյան աչքի չէր ընկնում գեղեցկությամբ, բայց իր կապույտ և գեղեցիկ գծված աչքերով ու «մշտապես ներկած շուրթերով» ուշադրություն էր գրավում: Նա նուրբ, դեռահաս աղջկա կառուցվածք ուներ և գիտեր, թե իրեն ինչպես պահի տղամարդկանց հետ:

- Հարկավոր է տղամարդուն ներշնչել, որ նա հրաշալի է, նույնիսկ` հանճարեղ, բայց ուրիշները դա չեն հասկանում: Եվ նրան թույլատրել անելու այն, ինչը նրան թույլ չեն տալիս տանը: Օրինակ, ծխել կամ գնալ ուր խելքին կփչի: Մնացածը կանեն լավ կոշիկներն ու մետաքսե սպիտակեղենը,- ասում էր Լիլյան:

Նա հրաշալի արտիստուհի էր և իր հմայքի շնորհիվ միշտ հասնում էր ուզածին:

Մայակովսկին հարահոսի պես գրում էր սիրային բանաստեղծություններ: Օսիպ Բրիքը հրատարակում է նրա «Ամպը վարտիքի մեջ» պոեմը: Ընդ որում, Օսիպը միակն էր, որ արձագանքեց և որոշեց այն տպագրել: Պոեմին մի ուղերձ ավելացվեց` «Քեզ, Լիլյա»: Հետագայում արդեն ինչ էլ արեց Մայակովսկին, նվիրված էր իր կյանքի միակ կնոջը:

Այս սիրային եռյակը ապրում էր նույն հարկի տակ, բայց ամեն մեկն իր կյանքով. Լիլյան աջ ու ձախ սերեր էր պտտում. նա հեշտորեն սիրահարվում էր և հաճույք էր ստանում` տղամարդկանց կառավարելով: Օսիպը մշտական մի սիրուհի ուներ: Իսկ Մայակովսկին առժամանակ հեռացավ Ռուսաստանից` Լիլյային մոռանալու, բայց շուտով նորից վերադարձավ: Լիլյան անամոթաբար նրանից անվերջ փող էր խնդրում: Եվ պոետը շուտով ապահովեց նրանց ընտանիքը` կատարելով թանկագին կնոջ խնդրանքը:

Բրիքների չորս սենյականոց բնակարանում նա մեկ սենյակ էր զբաղեցնում:

Սիրահարների նամակագրությունը գրեթե նույն թեմայով էր. բանաստեղծը իր հավերժական սերն էր խոստովանել, Լիլյան խնդրում էր փող ուղարկել և կշտամբում էր, թե պոետը պատրաստվում է «լրջորեն» ամուսնանալ: Կինը Մայակովսկուն պահում էր «կարճ վզակապով»` զգուշանալով, որ նա կարող է հրապուրվել այլ կանանցով: Գուցե կանացի հպարտությո՞ւնն էր նրան մղում` չկորցնել իրեն սիրահարված տղամարդուն: Գուցե և այն պատճառով, որ Վլադիմիրը նրան մեծ գումարներ էր տալիս, որոնք չէր ստանա` ուրիշի հետ ամուսնանալուց հետո:

Այսուհանդերձ, մինչև մահ Լիլյան կրում էր Մայակովսկու նվիրած մատանին, որի շրջագծով փորագրված էր կնոջ անուն-հայրանուն-ազգանվան առաջին տառերը, որոնք կարդացվում էին խՇըխՇխՇըխՇ:

Մայակովսկին հրազենով ինքնասպան եղավ` մահից առաջ գրած երկտողում դարձյալ ընդգծելով Լիլյայի հանդեպ սերը:

Լիլյան նույնպես ինքնասպան է եղել, բայց 87 տարեկանում և մեծ քանակով քնաբեր ընդունելով: Մահից առաջ խոստովանել է, որ ինքը 4 ամուսին է ունեցել` Օ. Բրիքը, Վլ. Մայակովսկին, Վ. Պրիմակովը և Վասիլի Քաթանյանը: