ԿԾԻԿԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է


Մինչ Հանրապետության գործարար հատվածի` հարկեր վճարելու խոստումները գործնական հիմքերի վրա էին դրվում, վրա հասած տնտեսական ճգնաժամը խառնեց բոլոր նախնական կանխատեսումներն ու հաշվարկները: Այնուամենայնիվ, հայրենի տնտեսվարողները եթե նախկինում խոշոր հարկատուների երեքհարյուրյակում ընդգրկվելը պարզապես միայն պատվաբեր էին համարում, ապա ներկայում արդեն գործարար միջավայրում հոգեբանությունը փոխվել է: Խոշոր հարկատուների ցուցակն այլևս քիչ է տարբերվում ֆուտբոլային թիմերի հաջողություններն ամփոփող աղյուսակներից այն իմաստով, որ յուրաքանչյուրն իր հերթին առաջատար դիրքերի է ձգտում… Այնպես որ, եթե ամենակարևորը հոգեբանության փոփոխությունը համարենք, ինչն էլ իր հերթին որոշակիացնում է թափանցիկ տնտեսական գործունեություն ծավալելու ակնհայտ միտումն ու պատրաստակամությունը, ապա այս առումով իշխանության հռչակած բարեշրջումը կարելի է հաջողված ու կայացած համարել: Թափանցիկ տնտեսական գործունեության անհրաժեշտությունը կարևորող նոր իշխանության նախաձեռնողականությունը, որքան էլ գոնե խոստումների և ծրագրերի մասով նոր չլիներ, այդուհանդերձ, բավական համարձակ ու նույնքան էլ վտանգավոր էր, քանի որ վերջնահաշվում իշխանությունն իր դեմ էր տրամադրում երկրի գործարար հատվածին: Մի բազմանդամ և ոչ պատահական խավ, որը մինչ այդ հարկեր վճարել էր հայեցողաբար` ցանկություն ունենալու պարագայում ու աչքաչափով: Ուստիև ոչ միայն վճարվելիք գումարների ծավալների մասով, այլ նախ և առաջ որդեգրելիք կեցվածքի առումով ամեն ինչ հենց խոշոր գործարարների տրամադրվածությունից էր կախված: Ավելին, միջին ու առավել ևս փոքր բիզնեսի ներկայացուցիչների սայլն այդպես էլ տեղից չէր շարժվի, եթե խոշոր հարկատուների շրջանում գերիշխող է°լ ավելի բարձիթողի վիճակն արմատապես չվերափոխվեր: Այստեղ, սակայն, իշխանությունը ստիպված էր բախվել հաջորդ ոչ պակաս դժվարին խնդրին. խոշոր գործարարները շատ հաճախ հենց իշխանության ներկայացուցիչներ են և հարվածի սլաքն այս դեպքում հենց յուրայինների դեմ էր ուղղվում` դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետևանքներով հանդերձ: Մյուս կողմից էլ հարկեր վճարելու ավելի մեծ ներուժ ունեցող տնտեսությունը բախտի քմահաճույքին թողնելը, իշխանավարության հերթական հնգամյակը նախկինի նման մասնակիորեն օգտագործելը լավագույն դեպքում. «Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ» անտրամաբանական քաղաքականության շարունակությունը միայն կդառնար: Այս պարագայում, սակայն, իշխանությունը լուծեց նաև բիզնեսն իրենից տարանջատելու գերխնդիրը` կծիկն սկսելով քանդել հակառակ կողմից… Գործարար հատվածն իհարկե իշխանությունից չտարանջատվեց, բայց վերջիններիս պարտաճանաչ հարկատու դառնալու ճանապարհով գերխնդիրը լուծվեց: Այս վերանայումն էլ հենց հույս կարող է ներշնչել, որ իշխանությունը տանիք դարձնելու հակումն անիմաստ համարելով` ոչ հեռու ապագայում հայրենի գործարարներն այլևայլ խնդիրների վրա ավելորդ ժամանակ չծախսելով` ընդհանրապես կհրաժարվեն իրենց քաղաքական նախասիրություններից` նախընտրելով սեփական տնտեսությունների զարգացմամբ ավելի լիարժեքորեն զբաղվել: Հեռու չէ և այն օրը, երբ խոշոր հարկատու լինելու արժանապատվությունը նաև մե°ր գործարարները կընկալեն: Այսօրինակ նախադեպերին, իհարկե, դեռ փոքր-ինչ սպասելու ենք, բայց երբ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նման անհուսալի համարված հարկատուն է առաջատար ների առաջին-երկրորդ տասնյակում հայտնվում, և ըստ Պետեկամուտների կոմիտեի` օրերս հրապարակած ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշների` «Ալեքս Գրիգն» այլև հարկատուների ցուցակն է գլխավորում, ուրեմն հուսալը պատրանքների ժանրից չէ: Ավելին, հատկապես տնտեսական ճգնաժամը հաղթահարելու պարագայում մեծ են նախադրյալները, որ հայրենի տնտեսությունը կսկսի հաստատուն քայլերով վերելքի ճանապարհով ընթանալ: