Նախընտրական «սպառնալիքների» կրկնվող սցենարը


Հայ-թուրքական թեմայով նախորդ շաբաթավերջին ծայր առած հերթական լարումը հիրավի անկանխատեսելի էր: Ամոթալիորեն այնպես ստացվեց, որ Ապրիլի 24-ն` իբրև Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օր, ընդամենն ածանցվում էր բոլոր այն հարցերին ու խնդիրներին, որոնք հայրենի քաղաքական ուժերն անսպասելիորեն օրակարգային դարձրին: Թե ինչու հերթական տարելիցն այդ աստիճան գրգռեց ոմանց, թերևս, կռահելու կարիք էլ չկա… Նկատել է պետք, որ հատկապես վերջին շրջանում շատերն իրենց «անառարկելի» տեսակետներն անգամ ամենաանտարբեր քաղաքացուն հասցնելը պարտք կատարելու նման մի բան են համարում, իսկ մայրաքաղաքային ընտրություններն էլ նրանց մղում է` այդ «պարտքը» որքան հնարավոր է աղմուկ-աղաղակով կատարել: Իսկ աղմուկն ու հատկապես դրա քաղաքականացված տարատեսակը մեր քաղգործիչներին այս օրերին այնքան ու այնպես է պետք, ինչպես բոլոր ընտրությունների նախաշեմին: Եվ եթե վերջիններիս ինքնատիրապետման հերթական նահանջի հիմնապատճառները լիովին հասկանալի (՞) են, ապա հարկ է ու ժամանակն է նաև արձանագրելու, որ, ասենք, հայ-թուրքական սահմանի բացման հարցում հանրային տրամադրություններն ավելի առողջ, հետևաբար նաև ավելի գնահատելի են: Այսպես, դեռ ամիսներ առաջ կազմակերպված բազմաթիվ սոցհարցումներ ամփոփել են, որ հասարակության ճնշող մեծամասնությունն է դրականորեն տրամադրված սահմանի բացման հարցում ու միաժամանակ կողմնակից է սահմանակից պետության հետ առևտրային հարաբերությունների չմիջնորդավորված տարբերակին, ինչպես նաև` շփումների հետագա զարգացմանը: Նույն այդ հարցվածները միաժամանակ ապշեցնող համերաշխություն դրսևորեցին հենց Ապրիլի 24-ին: Տարբեր գնահատականներով` այդ օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել շուրջ մեկ միլիոն հայ… Թեպետ այդ օրը մեր երկրում գտնվող օտարերկրացիներն էլ, շատ հաճախ զարմանալով տեղի ունեցող իրադարձություններից և ինչ-որ անգամ լսած լինելով Հայոց ցեղասպանության մասին, հետաքրքրասիրությունից մղված ու նաև համերաշխություն դրսևորելով իրենց հյուրընկալած ժողովրդին, միանում էին դեպի Ծիծեռնակաբերդ շարժվող հոծ բազմությանը: Մյուս կողմից` նույնիսկ մեզ զարմացնող և անգամ օտարների նախանձը շարժող ազգային միաբանության այդօրինակ դրսևորումը, որքան էլ ցավալի լինի, այդքանով էլ ավարտվում է… Հաջորդ իսկ օրվանից կարծեք թե ամեն ինչ մոռացվում է, ու կյանքը մեր երկրում դարձյալ շարունակվում է բոլոր այն արհեստական հոգսերով, որոնք ավելի շատ մենք ինքներս ենք պատճառում մեզ ու շրջապատին. նույն անհանդուրժողականությունը, անհամերաշխությունը, քաղաքական ուժերի թշնամական պայքարը: Եվ այս ամենը դարձյալ վերահաստատում է ամեն առիթով ապացուցվող այն հայկական ճշմարտությունը, թե մեր ժողովրդին հատկապես ճակատագրական ու բախտորոշ իրադարձություններ են կարողանում համախմբել… Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլին, ապա երկրի ղեկավարները` հանրապետության Նախագահի գլխավորությամբ քանիցս են հավաստիացրել, որ նման շփումները կայանալ կարող են բացառապես առանց նախապայմանների: Ավելին, բաց տեքստով ասվում է, որ Ցեղասպանության ուրացման կամ Ղարաբաղի հարցում զիջումների առաջարկները քննարկման առարկա անգամ չեն կարող դառնալ: Հայտնի է նաև Սերժ Սարգսյանի այն պնդումը, որ եթե Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջադրվեն, ապա Հայաստանը պարզապես կլքի բանակցությունների սեղանը: Մինչդեռ, որքան հայտնի է, ապրիլի 22-ի հայտարարության վերաբերյալ թուրքական կողմն արդեն հասցրել է «փոխադարձ ընդունելի» գնահատականը հնչեցնել` ակամայից մեղմելով առանձին շրջանակների անհարկի թերահավատությունը, անտեղի կասկածները: Այսուհանդերձ, հայտարարությանը հաջորդած աղմուկում ամենաբարձր ձայնով աչքի ընկնել փորձող ՀԿ Դաշնակցությունը «հակընդդեմ» արձագանքում ամփոփում է. - Մենք անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կողմից Թուրքիայի հետ ապրիլի 22-ի հայտարարության ստորագրումը: Սույն գնահատականին հաջորդող սպառնալիքն ավելի ուշագրավ է. - Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիային իր մասնակցության նպատակահարմարության հարցը կքննարկի առաջիկա օրերին: Այսպես, ստացվում է, որ արտգործնախարարների հայտարարությունն ապրիլի 22-ին է տարածվել, ՀՅԴ-ն այն անընդունելի է համարում, բայց կտրուկ որոշում ընդունելուց ժամանակավորապես խուսափում է… Հետաքրքիր է, որ թնկթնկալու հին «խասիաթը»` հեռանալու «սպառնալիքն» ինչու է հետաձգվում: Դժվար չէ վերհիշել, որ դեռևս քաղաքապետի ընտրությունների արշալույսին ՀՅԴ-ն սկսեց դժվարանալ իր «տեղը գտնելու» հարցում` հին սովորության համաձայն եզրակացնելով, որ ընդդիմադիր դառնալու, իշխանության մասը հանդիսանալով նույն իշխանությանը քննադատելու ժամանակները նորից են եկել: Դաշնակցությունը, ընտրացուցակի առաջատարի` քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանի բերանով հանկարծ հայտարարեց, թե չի բացառում Լ. Տեր-Պետրոսյանի հետ համագործակցության հեռանկարը: Հետո, ավելի առաջ ընկնելով, սպառնաց, թե ընտրությունների արդյունքների դաշնակահաճո չլինելու դեպքում իրենք ծայրահեղ քայլերի են գնալու և այլն: Սակայն, քարոզարշավի պաշտոնական մեկնարկի նախօրեին նորովի խրամատավորվել պատրաստվող քաղաքական ուժերը կարևոր մի իրողություն հաշվի առնել չեն ցանկանում. այն, ինչին ժամանակին իրենք կարող էին հասնել` նման անհեթեթ կրկեսային ներկայացումներ սարքելով, այս անգամ արդեն նախատեսված ներգործությունը չի ունենալու: Ընտրազանգվածին այլևս քաղաքական «մուտիլովկաներով» հնարավոր չէ մոլորեցնել, ու նման էժանագին մանևրումները գործին հիմա ոչ այնքան կօգնեն, քան կվնասեն: Սա էլ միգուցե առաջիկա ընտրություններին վերագրվող բազմաթիվ առանձնահատկություններից հերթականն է: Ի տարբերություն դաշնակցականների` նույնատիպ քաղաքական խաղաոճի մեծագույն սիրահար մեկ այլ կուսակցությունում` «Օրինաց երկրում», այս անգամ չգրված այս «օրենքին» առանձնակի լրջությամբ չեն վերաբերվում: Նկատելիորեն պասիվ, բայց խիստ ինքնուրույն գործելաոճ նախընտրած ՕԵԿ-ականները խոստովանում են, որ դեռևս նախընտրական հարմար կարգախոս դեռ չեն գտել: Ու եթե այս պարագայում բարգավաճման բոլոր հեռանկարները կատարելապես խամրել են, ապա ԲՀԿ-ն` «Մեր խոսքը գործ է» նոր կարգախոսով` ըստ ամենայնի քարոզարշավին հետևողականորեն է նախապատրաստվել: Հասարակության կուսակցականացումը դրվատելի, թե՞ փնովելի երևույթ է` դա միայն հարցի մի կողմն է, բայց Գագիկ Ծառուկյանի կուսակցական օրհնությամբ` նախօրեին մի քանի հարյուր ուսանող բարգավաճական դարձավ: Ակնհայտորեն ԲՀԿ-ն մեծ հույսեր ու զգալի քանակությամբ քվեներ է ակնկալում նաև ցուցակի առաջատարի` Առողջապահության նախարարի ղեկավարած համակարգից: Ու արդեն իսկ կասկած չի հարուցում, որ ԲՀԿ-ն դյուրությամբ կհաղթահարի ընտրական նշաձողը: Իսկ ընդհանուր առմամբ սկսվել է ընտրազանգվածին սիրաշահելու մի նոր շրջան, ինչը գագաթնակետին մի փոքր ավելի ուշ կհասնի: Այս ամենն էլ հենց կանխատեսելի և դրանով իսկ պակաս հետարքիր է դարձնում հաճոյանալու շրջանի մշտապես կրկնվող գործելաոճը: Սակայն նույնիսկ մեթոդները կարևոր չեն, քանի որ ինչպես բոլոր նման դեպքերում, պայքարի եղանակների ընտրության բարոյական և ոչ այնքան պատվաբեր սահմանագծեր շատ հաճախ սկսել են հատվել` դժվարանալով իրարից տարանջատվել: